Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայերը զարմանում են, որ անգլերենի փոխարեն հայերեն եմ սովորում»,-Ելենա Չիկմենյովա

Փետրվար 22,2017 11:11

5-6 տարի առաջ սոց. կայքերից մեկի հայերենի ուղղագրությանը նվիրված խմբերից մեկում մի գրառման հանդիպեցի: Ելենա Չիկմենյովա անուն-ազգանունով օգտատերը ռուսերեն մի քանի նախադասություն էր գրել, խնդրում էր հայերեն թարգմանել:

Սկսեցին այդ գրառումները ավելի հաճախակի դառնալ, որոշեցի ընկերության առաջարկ անել, ու մենք ընկերներ դարձանք: Ամեն անգամ, երբ նա ինձ հերթական նամակով խնդրում է ինչ-որ բան թարգմանել կամ հայերենի քերականության, ուղղագրության հետ կապված ինչ-որ հարցում օգնել իրեն, ես ամեն անգամ հուզվում եմ, հետո՝ հպարտանում, որ հեռավոր Սիբիրում կա մի ռուս կին, որն ինքնուրույն հայերեն է սովորում, ուսումնասիրում է հայոց պատմությունն ու մշակույթը, հաճախում է հայկական կենտրոն, կիրակնօրյա դպրոց, Կոմիտաս է լսում, Թումանյան ու Սևակ կարդում…

Մի օր նրան հարցրեցի, թե ինչո՞ւ է հայերեն սովորում և այն էլ այդքան խորությամբ: Պարզվում է՝ 14 տարեկանում հայ ընկերուհի է ունեցել, և հենց այդ աղջկա ծնողներն էլ նրան հայերեն գրել- կարդալ են սովորեցրել: Մի քանի ամիս անց նրանք բաժանվել են՝ այդ ընտանիքը Հայաստան է վերադարձել: Ելենան այնքան է հավանել մեր լեզուն, որ շարունակել է ինքնուրույն սովորել:

Վերջերս հարցրեցի՝ ինչպե՞ս են հայերը արձագանքում, երբ իմանում են, որ նա հայերեն է սովորում: Այս հարցի պատասխանն ու մեր նամակագրությունից մի քանի մեջբերում որոշեցի առանց խմբագրման տեղադրել ստորև, որպեսզի ընթերցողը Ելենայի հայերենի իմացության մասին որոշակի գաղափար կազմի:

«…Հայերը իհարկե զարմանում են, երբ իմանում են, որ սովորում եմ հայերեն, հիմա բոլորը անգլերեն են սովորում: Ինձ համար հայերենը ավելի մոտիկ է: Այն ինձ համար կարծես գեղեցիկ երաժշտություն լինի ու չգիտեմ թե ինչու, պարզապես խոսքեր չեմ գտնում բացատրելու համար…

 

Գիտես, ես հաճախում եմ հայկական կենտրոն, կիրակնօրյա դպրոց ու շատ զարմանում եմ, որ մեր քաղաքի հայերը չգիտեն հայերեն տառերը, անկեղծ ասած, ես նրանց չեմ հասկանում: Մեսրոպ Մաշտոցը ստեղծել է հրաշալի այբուբեն: Հայ ժողովուրդը իր պատմության մեջ ամենադժվար պահերին անգամ պահպանել է իր գիրն ու գրականությունը և հասցրել է մեզ: Յուրաքանչյուր մարդ պիտի հպարտանա իր մայրենի լեզվով: Մայրենի լեզուն մեր գանձն է:

Հայերենը իմ մայրենին չէ, բայց ես հպարտ եմ, որ կարող եմ խոսել, գրել ու կարդալ հայերեն: Ինչո՞ւ, որովհետեւ հայոց լեզուն աշխարհի ամենահին լեզուներից է, որովհետև Հայաստանն է առաջին երկիրը աշխարհում, որը ընդունեց Քրիստոնեությունը որպես պետական կրոն, ինձ համար հայերենը շատ գեղեցիկ է…

Ինչքան շատ եմ իմանում Հայաստանի մասին, այնքան ավելի շատ եմ ուզում իմանալ: Այդ չքնաղ երկիրը չի դադարում ինձ զարմացնել…

Հ.Գ. Ամեն անգամ, Ելենայի հայերենի ու Հայաստանի հետ կապված հիացական նամակները կարդալիս միայն մի ցանկություն է մոտս առաջանում՝ լավ կլիներ, որ մեր հասարակությունն էլ գնահատեր մեր լեզուն ըստ պատշաճի, որ սոց. կայքերում և այլ վայրերում լատինատառ հայերենով գրառումները իրենց տեղը զիջեին մեսրոպատառ հայերենին:

Ամալյա ԳԱԲՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. samvel says:

    Հրաշալի է, եկեք Ելենային հրավիրենք Հայաստան և ավելի մոտիկից ծանոթացնենք մեր մշակութային և հոգևոր հարստություններին: Սամվել

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728