Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի հանրաքվեն, ռուսների «ապտակն» ու Բաքվի հիստերիան

Փետրվար 22,2017 10:51

Արցախն
ու փետրվարի 20-ը

«1988թ. փետրվարի 20-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ որպես ճակատագրական եւ վճռորոշ օր, որն ազդարարեց արցախահայության` ազատ ու անկախ ապրելու անսասան կամքի մասին: Այն դարձավ համազգային միասնության եւ անպարտելի ոգու զարթոնքի խորհրդանիշ: Սկիզբ առավ օտարի լծի դեմ ըմբոստացման համաժողովրդական ալիք, որը վերածվեց ազգային-ազատագրական շարժման եւ մեր ազգային պետականության վերակերտման` ժողովրդավարության արժեքներին եւ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան». սա Արցախի նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձն էր Արցախի վերածննդի օրվա առթիվ:

Փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում կայացավ սահմանադրական հանրաքվե, որին հետեւում էին ավելի քան 100 միջազգային դիտորդներ տարբեր երկրներից ու կառույցներից՝ Եվրամիության խորհրդարանից, Գերմանիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Մեքսիկայից, Բրազիլիայից, Ռուսաստանից եւ այլ երկրներից:
Սա Արցախում անցկացված երրորդ հանրաքվեն էր: Առաջինը 1991թ. դեկտեմբերին էր՝ Անկախության հանրաքվեն, երկրորդը՝ 2006թ. դեկտեմբերին՝ Սահմանադրության հանրաքվեն: Հանրաքվեի դրված Սահմանադրության նախագծի հիմնական կետով` Լեռնային Ղարաբաղը կիսանախագահական հանրապետությունից դարձավ նախագահական հանրապետություն, վարչապետի պաշտոնը վերանում է, եւ նախագահը ղեկավարում է նաեւ կառավարությունը:

Անցյալ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խումբը տարածած հայտարարության մեջ անդրադարձավ նաեւ ԼՂ-ի սահմանադրական հանրաքվեին. «Համանախագահները տեղյակ են, որ Լեռնային Ղարաբաղում փետրվարի 20-ին անցկացվելու է, այսպես կոչված, սահմանադրական հանրաքվե։ Նկատի ունենալով հանդերձ, որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունները նման ընթացակարգի կիրառումը դիտարկում են որպես իրենց բնակչության հանրային կյանքը կազմակերպելու ջանք, համանախագահները եւս մեկ անգամ ընդգծում են, որ ոչ մի երկիր՝ ներառյալ Հայաստանն ու Ադրբեջանը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն։

Համապատասխանաբար, համանախագահները չեն ընդունում փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքները որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող հանգամանք։ Համանախագահները նաեւ ընդգծում են, որ հանրաքվեի արդյունքները ոչ մի կերպ չեն կանխորոշում ԼՂ-ի վերջնական կարգավիճակը կամ ԼՂ հակամարտության երկարատեւ եւ խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակվող բանակցությունների ելքը»:

Համանախագահներից առաջ Ռուսաստանը շտապեց հայտարարել, որ չի ճանաչի ԼՂ հանրաքվեի արդյունքները: Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր. «Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Ելնում ենք այն բանից, որ նրա կարգավիճակը պետք է որոշվի քաղաքական բանակցությունների ճանապարհով՝ Մինսկի գործընթացի շրջանակում: Ընդ որում, մենք չենք կարծում, որ խաղաղ կարգավորման ելքը կարող է կախված լինել նշված «սահմանադրական հանրաքվեի» անցկացումից»:
Պաշտոնական Երեւանն արձագանքեց ԼՂ հանրաքվեի արդյունքները չճանաչելու հայտարարություններին: «Սահմանադրական հանրաքվեն չի որոշում ԼՂ կարգավիճակը: Արցախի կարգավիճակը որոշել է անկախության հանրաքվեն, իսկ սահմանադրական հանրաքվեն դրա շարունակությունն է»,- թվիթերյան իր էջում հակադարձեց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Ադրբեջանում կրկին «ափերից դուրս են եկել»

Բաքվում հիստերիա է բարձրացել: Ադրբեջանի իշխանությունները` Ալիեւի գլխավորությամբ, սահմանադրական հանրաքվեի նախօրեին կրկին հայտարարեցին, թե երբեք չեն համաձայնի Լեռնային Ղարաբաղի անկախությանը: Նույնիսկ պաշտոնական Անկարան օգնության հասավ` հարկ համարելով շեշտել, թե Թուրքիան չի ճանաչի ԼՂ-ի հանրաքվեն: Թուրքիայի ԱԳՆ-ն այս թեմայով հայտարարություն է տարածել` նշելով, թե «նման գործողությունները վնաս կհասցնեն ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ ջանքերին»։

Իսկ Բաքվում դարձյալ հիշեցնում են ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերը, Ալիեւը հայտարարեց, թե ԼՂ խնդիրը «Հարավային Կովկասում խաղաղության ու անվտանգության գլխավոր սպառնալիք» է, ապա մուսուլմանական երկրներին կոչ արեց Հայաստանի հետ հարաբերություններ չզարգացնել:

Պաշտոնական Բաքուն փետրվարի 20-ին` Արցախում կայացած հանրաքվեի օրը, հայտարարեց նաեւ, թե բոլոր այն անձինք, ովքեր որպես դիտորդ ներկա են եղել ԼՂ հանրաքվեին, մաս են կազմելու Ադրբեջանի հայտնի «սեւ ցուցակին». այս մասին վստահեցրել էլ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիեւը:
Սակայն Արցախ ժամանած օտարերկրյա դիտորդներին Ալիեւի «սպառնալիքը» չի էլ մտահոգում: Հուսով եմ, որ միջազգային հանրությունը հաշվի կառնի, որ Արցախում մարդիկ ազատ են կայացնում իրենց ընտրությունը, Ստեփանակերտում ամփոփելով տեղի ունեցած հանրաքվեն՝ նշել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը։ «Եթե նրանք չեն ճանաչում պետությունը, պետք չէ ամեն անգամ շեշտել, որ չեն ճանաչում նաեւ հանրաքվեն, ընտրությունները։ Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը հաշվի կառնի, որ այս երկրում մարդիկ ազատ են իրենց ընտրությունը կայացնում, եւ միեւնույն ժամանակ դա այդպես չէ այստեղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող պետությունում»,- նկատել է Եվրախորհրդարանի պատգամավորը։ Իսկ անդրադառնալով Ադրբեջանի «սեւ ցուցակում» իր հայտնվելու հավանականությանը՝ Էնգելը նշել էր. «Վերջերս եմ ստուգել, դեռ ներառված չեմ դրանում։ Եթե ներառվեմ էլ, չեմ զարմանա, քանի որ այնպես չէ, որ պլանավորել եմ հաջորդ արձակուրդներս Ադրբեջանում անցկացնել»։

Հերթական «ապտակ»՝ ռազմավարական դաշնակցից

Ի դեպ, վերջերս ուշագրավ մի զարգացում է տեղի ունեցել: Ադրբեջանում կրկին հակաամերիկյան հիստերիա բարձրացավ, Բաքվում կրկին ԱՄՆ-ին են քննադատում: Պատճառն այն է, որ Վաշինգտոնը արհամարհել է Բաքվի քարոզչական նախագիծը: Ադրբեջանի իշխանություններին զայրացրել է այն, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը չէր մեկնել Ջոջուք Մերջանլի գյուղ:

Ջոջուք Մերջանլին գտնվում է անցած ապրիլին ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե բարձունքի հարակից շրջանում: Այդ բնակավայրը Ադրբեջանի վերահսկողության տակ էր դեռեւս 1994-ից, սակայն Ադրբեջանի իշխանությունները որոշեցին վերականգնել եւ բնակեցնել այն վերջին շաբաթների ընթացքում՝ այդ նախագիծը ներկայացնելով որպես մեծ նվաճում:

Օրերս Ադրբեջանի իշխանությունները երկրում հավատարմագրված դիվանագետներին հրավիրել են տեղում անձամբ ծանոթանալու ադրբեջանական լրատվամիջոցներում անվերջ լուսաբանվող Ջոջուք Մերջանլիի շինարարական աշխատանքներին: Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններից շատերը, այդ թվում՝ ամերիկացի դեսպան Ռոբերտ Սիքյութան, մերժել են հրավերը, ինչն էլ պաշտոնական Բաքվի զայրույթն է առաջացրել:

«ԱՄՆ դեսպանը երկրում է, Կարմիր Խաչի կոմիտեից պատճառաբանել են այդ քայլը նրանով, որ իրենց կանոնադրությունը թույլ չի տալիս մասնակցել նման միջոցառումների։ Ես չեմ հավատում նման կանոնադրությանը»,- ըստ tert.am-ի` հայտարարել է Փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի պետկոմիտեի ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը։ «Յուրաքանչյուր դիվանագետ իր երկրի քաղաքականության հետեւորդն է, եւ քանի որ ամերիկացի դեսպանը ինչ-որ կերպ աջակցություն է հայտնում Ադրբեջանի հողերը օկուպացրած երկրին, ապա դա նշանակում է, որ նույն կերպ են վարվում նաեւ ԱՄՆ իշխանությունները»,- ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն: Ադրբեջանցի պատգամավորի կարծիքով՝ եթե Ռոբերտ Սիքյութան այդկերպ խուսափել է Երեւանին նեղացնելուց եւ չի ցանկացել մեկնել Ջոջուք Մերջանլի, ապա նա առնվազն պետք է աջակցեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: «Միջազգային մակարդակում գոյություն ունեցող կարգի համաձայն՝ դիվանագետը պետք է հարգանքով վերաբերվի այն երկրի ինքնիշխանությանը, որում հավատարմագրված է»,- ասել է ադրբեջանցի պատգամավորը:

Իսկ ահա Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը Գազանֆարօղլուի նախընտրած դիվանագետներից է. ռուս դեսպանն ընդունել է ադրբեջանական իշխանության հրավերը եւ մեկնել Ջոջուք Մերջանլի: «Մենք այստեղ ենք պրոֆեսիոնալ նպատակով, որպեսզի տեղեկատվություն ստանանք այն մասին, թե ինչ է տեղի ունենում: Եվ մենք, իհարկե, հասել ենք այդ նպատակին»,- ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում հայտարարել է ռուս դեսպանը: Իմիջիայլոց, Ադրբեջանի փոխվարչապետի պաշտոնական հայտարարության համաձայն՝ դիվանագետներին Ջոջուք Մերջանլի հասցնելու նպատակը, բացի շինարարական աշխատանքներին ծանոթացնելուց, նաեւ «հայերի վայրենությունների մասին մանրամասն տեղեկացնելն» էր:

Փաստորեն, Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեսպանը մեկնել էր Ջոջուք Մերջանլի` ծանոթանալու «հայերի վայրենությունների» մասին տեղեկատվությանը:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

22,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728