Լրահոս
Օրվա լրահոսը

Ով ինչ է կարողանում մարսել

Փետրվար 22,2017 10:16

Ցանկացած երկրի իշխանություն անում է այն, ինչ իրեն թույլատրվում է: Ադրբեջանում «թագավորը» կարող է Սահմանադրություն փոխել, ստեղծել առաջին փոխնախագահի պաշտոն եւ հետո այդ պաշտոնին նշանակել սեփական կնոջը: Ադրբեջանում մի երկու բլոգեր սարկաստիկ մեկնաբանություն կգրի, եւ դրանով ամեն ինչ կսահմանափակվի, պալատական պնակալեզները կողջունեն այդ «իմաստուն քայլը» եւ կասեն, որ բացի Մեհրիբանից՝ այլ «թագուհի» չէին էլ պատկերացնում:

Հայաստանում, որտեղ նավթ եւ գազ չկա, իշխանությունը ստիպված է քիչ թե շատ հաշվի նստել ներքին հասարակական կարծիքի, ինչպես նաեւ եվրոպական եւ ամերիկյան պաշտոնական կառույցների հետ: Տեսնո՞ւմ եք, ինչ լավ է գազ եւ նավթ չունենալը: (Այդ իսկ պատճառով, ի դեպ, եթե ՕԵԿ-ը գիտի, թե որտեղ են մեր նավթի եւ գազի հորերը, թող չասի՝ թե չէ կդառնանք Ադրբեջանի նման):

Փոխարենը մեր իշխանությունները կարող են ասել՝ «եթե նույնիսկ 100 տոկոս ձայն հավաքեք, միեւնույն է՝ մենք մեր աթոռները զիջողը չենք»: Դա մարսվեց՝ ինչպես մարսվեց նաեւ «մարտի 1»-ը՝ այնքան լավ մարսվեց, որ այդ ժամանակվա ռեպրեսիաների կողմնակիցները դարձել են բյուրեղյա դեմոկրատներ: Բայց այդ «մարսելը» նույնպես գին ունի: Մինչեւ 1996 թվականը մենք Ռուսաստանին կարող էինք որոշ հարցերում ասել՝ «ոչ», դրանից հետո՝ չենք կարող: Իսկ «մարտի 1-ից» հետո մեր կարծիքն ընդհանրապես սկսեցին չհարցնել:

Ուզում եմ ասել՝ մարսելը նույնպես հարաբերական է: Թվում է, թե կանցնի-կգնա, բայց արի ու տես՝ մի օր, մի անկյունից խնդիրը դուրս է գալիս եւ ասում է՝ «ահա եւ ես»: Թվում է, թե հսկայական Ռուսաստանը՝ իր գազով, նավթով, ահեղ զենքով, ինչո՞ւ չպիտի մարսի Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի այս բոլոր պատմությունները: Բայց պարզվում է՝ անընդհատ խնդիրների առաջ է կանգնում, եւ դրա վերջը չի երեւում: Հույս ունեին, որ «չար Օբամային» կփոխարինի «բարի Թրամփը», բայց հետո հասկացան՝ խնդիրն առաջին դեմքի մտադրությունները չեն, խնդիրն ավելի սուր է դրված՝ կա՛մ ուժերդ պատում են դա անպատիժ անելու, կա՛մ չեն պատում:

Միացյալ Նահանգներն, իհարկե, ուրիշ հարց. նա կարող է Իրաքում, Լիբիայում, Եգիպտոսում եւ այլուր «ժողովրդավարություն» հաստատել: Այնպիսի «ժողովրդավարություն», որ քարը քարին չթողնի: Ոչինչ՝ իրենց կարելի է: Սարսափ-երազներ չեն տեսնի: Հզորությամբ Ռուսաստանն իրենց հետ չի կարող մրցել՝ որքան էլ Ժիրինովսկին գոռգոռա: Ամեն մի իշխանության տրված է չարագործության իր լիմիտը:
Իհարկե, իդեալական կլիներ, որ իշխանություն ընդհանրապես չլիներ: Բայց, ավաղ, այդպես չի լինում՝ բոլոր փորձերը, ընդհուպ մինչեւ 1968 թվականի «հիփիական համայնքները», տապալվեցին: Նույնիսկ Սուրբ Ֆրանցիսկոսի հիմնած միաբանությունում հաղթեց բթամիտ բյուրոկրատիան՝ անգամ այդ սրբի կյանքի օրոք:

Մնում է իշխանությունը պահել որոշակի շրջանակների մեջ: Դա հնարավոր է: Միայն թե ցանկություն լինի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Շատ չչարաշահեմ եղած հնարավորությունն ու ասեմ գաղափարախոսությանս վերջին կետը՝ այն լավ ու վատ ուժերի հետ հարաբերվելու մասին կլինի: Կարծում եմ, բացի մտքեր ու կարծիքներ գրելուց լավ կլիներ ավելի մանրամասն ու թեկուզ եւ հում բայց գաղափարներ առաջարկել:

    Գ Մարդկությունը չունի այլ տեսակի թշնամի, նրա միակ թշնամին նույն տեսակի ներկայացուցիչն է՝ մարդն է: Դրա համար մարդկությունը բաժանում եմ երկու հստակ քաղաքակրթությունների իրար հակառակ նպատակների ու ոխերիմ թշնամի տեսակների՝ բնօրրան ունեցող կամ բնիկ ազգերի ու ժողովուրդների մի կողմից եւ գաղթական ազգերի ու ժողովուրդների՝ մյուս կողմից, որոնց բնական կենսակերպը՝ դա քոչվորական կյանքն է, այսինքն՝ մի թույլ բնիկ ազգին, նրա հողն ու հարստությունը գրավելով կամ հակառակը՝ հյուրընկալելով ուժեղ բնիկ ազգին, երբ բնիկ ազգի հետ հավասար կիսում են գոյության ու զարգացման հաճույքներն ու դժվարությունները: Գաղթական ազգերին ռազմավարական պաշտոններ չի կարելի տալ, եթե նույնիսկ նրանք լավ ու բարի մարդիկ են, որովհետեւ նրանք այսօր ձեզ են հյուրընկալում, վաղը մեկ ուրիշին: Երբ բնիկ ազգը թույլ է, նրան գաղթական ազգը գաղթական է դարձնում՝ յուրացնելով ու ոչնչացնելով բնիկ ազգի արժեքներն ու հենց նույն բնիկ ազգին, իսկ եթե հակառակը՝ բնիկ ազգն է ուժեղ գաղթականից, այդ ժամանակ բնիկ ազգն է գաղթականից բնիկ դարձնում, ի շահ իրեն օգտագործում գաղթականի յուրահատկությունները: Եթե առողջ արագաշարժ գայլը ուտում է դանդաղաշարժ եղնիկներին՝ դրանով նպաստում է եղնիկների առողջ սերնդափոխությանը, իսկ արագավազ եղնիկը դանդաղաշարժ սոված գայլին կերակուր չի դառնում ու գայլը սատկում է ու դրանով նպաստում գայլերի առողջ սերնդափոխությանը, նմանապես, մարդկանց այս երկու տեսակներն ոչնչացնելով մեկը մյուսի թույլ տարրերին, նպաստում են հակառակորդ տեսակի առողջ սերնդափոխությանը: Բնիկ ազգի մեջ էլ կարող են լինել քոչվոր տարրեր՝ քողարկված բնիկ ազգի հատկանիշներով, նրանք գալիս են իշխանության ու թույլ բնիկների հարցը լուծում են՝ դա երեւում է նրանից, երբ թույլ բնիկները արտագաղթում են: Երբ երեւանցին վերադառնա Երեւան, իսկ գյուղացին Երեւանից վերադառնա իր գյուղը, նոր միայն մեր քոչվոր իշխանավոր ՝ազգակիցները՝ վտանգ կզգան ու կարտագաղթեն՝ իրենց սովորության համաձայն: Շնորհակալություն, այլեւս սէնց երկար բարակ չեմ գրի:

    • Ruben says:

      Բնիկ տերերի տիրակալության վերականգնման գաղափարը դեռ Խորենացին է տվել, բայց ի՞նչ կարելի է անել երբ մինչ օրս.՝
      «Կրոնավորները՝ կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր:
      Վիճակավորները՝ հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններ ու վարդապետական գրվածքներն ատող, առևտուր և կատակերգություններ սիրող:
      Աշակերտները՝ սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած՝ աստվածաբան են:
      Ժողովրդականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող:
      Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից:
      Իշխանները՝ ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ:
      Դատավորները՝ տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպահպանող, անհաստատ, հակառակող:
      Մովսես Խորենացի, մ.թ. V դար:»

      • Լավատես says:

        Շնորհակալություն ուսանելի հղումների համար: Ի՞նչ կարելի է անել՝ այս հարցն իրենց տալիս են ազգի գոյության ու զարգացման մասին մտածող տարբեր մասնագիտությունների մտավորականներն ու մեկ էլ օտար՝ հաճախ թշնամի երկրների հատուկ ծառայությունները, կարեւորը՝ ազգային թե թշնամի երկրների ներկայացուցիչները ժողովրդի համար կդառնան ուղեցույց, դրա համար մեր ազգային մտավորականությունն իր վրա պատասխանատվություն պէտք է վերցնի այս կամ այն թեկնածուին գովազդելով, հակառակ դեպքում թշնամի հատուկ ծառայությունները հեշտ ու հանգիստ մեր ժողովրդին սիրուն ու փուչ խոսքերով ու դեմքերով կխաբեն:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728