Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամություն ունեցող մարդիկ այնքան անտեսված են, որ շատերը չեն էլ ուզում տանից դուրս գալ եւ ընտրությունների մասնակցել

Փետրվար 22,2017 16:00

Տեղաշարժման խնդիրներ ունեցող մեր շատ քաղաքացիներ չեն կարողանում օգտվել անգամ ընտրություն կատարելու իրենց իրավունքից: Պատճառն այն է, որ դպրոցների, մանկապարտեզների, համատիրությունների եւ այլ հասարակական նշանակության օբյեկտների շենքերը, որոնք ընտրություններին ծառայում են որպես ընտրատեղամասեր, հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված չեն:

Երեկ այս առիթով Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը 12 վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է «անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլին կայանալիք հերթական ընտրություններին, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 17 հոդվածի 5-րդ մասի՝ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար»:

Տարոն Մարգարյանն ասել է. «Յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ մենք այս ուղղությամբ աշխատանքներ, իհարկե, իրականացնում ենք: Եվ այս անգամ պետք է արվի հնարավորը, որպեսզի առավելագույնս ապահովենք օրենքի վերոնշյալ պահանջի կատարումը»:

Անկախ ընտրությունների լինել-չլինելուց՝ այդ շենքերը վաղուց արդեն հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է հարմարեցված լինեին: Մեր երկիրը դեռեւս յոթ տարի առաջ է նման պարտավորություն ստանձնել՝ վավերացնելով հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի կոնվենցիան: Դրանով մեր պետությունը պարտավորվել է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալապես ներառել հասարակություն, ստեղծել արժանապատիվ կյանք վարելու պայմաններ ու հնարավորություններ: Սակայն անմատչելի միջավայրի պատճառով տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ մնում են մեկուսացած, տանը փակված:

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ, «Ելք» դաշինքի ԱԺ պատգամավորի թեկնածու Զարուհի Բաթոյանը «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով քաղաքապետի հայտարարությունը՝ նկատեց, որ անգամ քաղաքապետարանի հետ երկար տարիների համագործակցության արդյունքում հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ հայտարարություններում ճիշտ բառապաշար չի օգտագործվում. «Նախ պետք է ասեմ, որ «սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողներ չեն», եւ Երեւանի քաղաքապետարանը շատ վաղուց պիտի այդ բառապաշարին տեղյակ լիներ: Եթե խոսքը տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց մասին է, ապա այդպես պետք է նշել»:

Ըստ Զարուհի Բաթոյանի՝ այդ հայտարարությունը տարածելիս վաղուց պետք է իմանային, որ «սահմանափակ հնարավորությունները», որոնք ստեղծվել են, նաեւ քաղաքապետարանի եւ մյուս ՏԻՄ-երի թերի աշխատանքի արդյունքում է. «Այդ սահմանափակ հնարավորությունները ոչ թե մարդիկ ունեն, այլ մեր միջավայրում են այդ հնարավորությունները ստեղծվել: Այսինքն` տեղաշարժման դժվարություն կամ ընդհանուր հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքը պաշտպանելու համար, բնականաբար, շատ ավելի շուտ պետք է աշխատել, եթե օրինակ՝ նույն քաղաքապետարանը արդյունավետ միջոցներ ձեռնարկեր մինչեւ այս ընտրությունները` մանկապարտեզների, դպրոցների, մշակութային օջախների եւ այլ հասարակական վայրերի մատչելիությունն ապահովելու հարցում, նման խնդիր մենք չէինք ունենա, որովհետեւ երբ մենք հանդիպեցինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պատասխանատուներին եւ բարձրաձայնեցինք ընտրատեղամասերի մատչելիության խնդիրը, մեզ ասացին, որ դրանք ձեր նույն դպրոցներն են, նույն մանկապարտեզներն են, նույն մշակութային օջախներն են, մենք որեւէ բան անել չենք կարող, եւ այո, նրանք մեր նույն հասարակական վայրերն են, որոնք մինչ օրս, ցավոք, մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար»:

Այդ ամենի պատասխանատուն, Զարուհի Բաթոյանի խոսքերով, յուրաքանչյուր համայնքի ղեկավարն է. «Այսինքն՝ ընտրությունից ընտրություն խոսել ընտրական իրավունքի մասին, դա ընդամենը անլուրջ է, որպես պատասխան քաղաքապետարանը կնշի այն թեքահարթակները, որոնք փողոցների, անցումների մոտ կառուցում է, բայց, ներեցեք, դա բավարար չէ, մենք չենք կարող տարիներ շարունակ միայն փողոցի թեքահարթակը կառուցել, բայց միեւնույն ժամանակ, երբ հիմնանորոգում կամ վերանորոգում ենք գրադարաններ, սպորտդպրոցներ, մշակութային օջախներ, որեւէ ուշադրություն չդարձնենք դրան, դա նշանակում է, որ մենք իսկապես այդ ներառական մոտեցումը չենք որդեգրում, այլ ուղղակի փողոցներն ենք հարմարեցնում, որտեղ մարդիկ, Աստված գիտի՝ կհայտնվե՞ն, թե՞ չեն հայտնվի՝ այդ անմատչելի միջավայրի պատճառով»:

Զարուհի Բաթոյանը տեղաշարժմանը խոչընդոտող մյուս խնդիրը համարում է տրանսպորտային մատչելիությունը. «Քաղաքապետարանն արդեն այս տարի նվազեցրել է հարմարեցվող ավտոբուսների քանակը: Եթե նախորդ տարիներին ամեն տարի 10 ավտոբուս էր հարմարեցվում, այս տարի հինգ ավտոբուս հարմարեցվեց, այսինքն՝ գնալով ոչ թե առաջընթաց ենք տեսնում, այլ հետընթաց, որովհետեւ կան մարդիկ, որ ինչ-որ տեղ հասնելու համար միայն փողոցի թեքահարթակով չեն կարող բավարարվել, եւ պետք է տրանսպորտ լինի»:

Մեր զրուցակիցը վստահ է, որ թե՛ այս եւ թե՛ մայիսին կայանալիք ավագանու ընտրություններին «չակերտավոր բարերարներ» են հայտնվելու, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց օգնելու են այդ հարցերում, ինչն առնվազն «անլուրջ» է: Ըստ Զարուհի Բաթոյանի. «Եթե մենք կարեւորում ենք մարդու ընտրության հավասար իրավունքը, տեղաշարժվելու հավասար իրավունքը, ապա մենք դա կկարեւորենք մշտապես եւ մեր ամենօրյա գործողությամբ, այլ ոչ թե դա կսկսենք տեսնել ու կարեւորել ընտրությունների նախաշեմին: Եվ սա վերաբերում է ոչ միայն Երեւանին, այլեւ գյուղերին, մարզերի քաղաքներին, որտեղ շատ ավելի վատ է վիճակը, բայց, ցավոք, հաշմանդամություն ունեցող մարդիկ այնքան ստվերում են ապրում եւ այնքան անտեսված են, որ նրանցից շատերը պարզապես չեն էլ ուզում տանից դուրս գալ եւ ընտրություններին մասնակցել: Եվ նրանց հիշում են միայն հիմնականում առավելապես այս դեպքերում` ընտրությունների ժամանակ` շատ պարզ պատճառներով: Սա, իսկապես, անհարգալից վերաբերմունք է մարդու նկատմամբ, որովհետեւ մենք այդ բոլոր պայմանները ստեղծելու հնարավորություն ունեինք մինչեւ ընտրությունները` հատկապես Երեւանում»:
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

21,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728