Կալանավոր Միսակ Մարտիրոսյան. «Դատարանի նկատմամբ
հարգանքը ոչ միայն պետք է պահանջել, այլ այն պետք է վաստակել»
Փետրվարի 17-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանին ինքնաբացարկ հայտնեց ՀՀ վճռաբեկ դատարանի դատական դեպարտամենտի նախկին պետ Միսակ Մարտիրոսյանը, որը դատապարտվել է երկարաժամկետ ազատազրկման՝ «դատական կարգադրիչների գործով»: Այդ օրը Մ. Մարտիրոսյանը դատարան բերվեց աշխատանքային օրվա ավարտից տասնհինգ րոպե առաջ: Դատավորը մինչ այդ այլ գործով դատական նիստ էր անցկացնում: Մ. Մարտիրոսյանն ինքնաբացարկը հայտնեց, երբ ժամը 18.00-ն էր: Դատավորը մտավ խորհրդակցական սենյակ, իսկ ես հրավիրվեցի դատարանի շենքից դուրս, քանի որ աշխատանքային ժամն ավարտվել էր, եւ շենքում օտար մարդիկ չպետք է լինեին՝ ըստ դատական կարգադրիչի: Մ. Մարտիրոսյանն էլ ներկայացուցիչ չուներ, եւ միայնակ էր ներկայացնում իր ասելիքը:
«Սույն գործով դատարանին էի դիմել 05.08.2016թ: Դատարանը գործով վերջնական որոշում հրապարակեց 19.01.2017թ: Այսինքն, մինչդատական վարույթի վերաբերյալ սույն գործը քննվեց 5 ամիս 10 օրում, 5 նիստերով: Մեր կարծիքով՝ խախտելով ողջամիտ դատաքննության սահմանները, եթե նկատի ունենանք, որ ՀՀ դատական օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը ուղղակի սահմանում է. «դատական քննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ դատական նիստով»: 19.01.2017-ի դատական նիստը նշանակված էր ժամը 17.30-ին: Նիստը սկսվեց 17.35-ին, որից հետո դատարանը քննարկեց նիստերի քարտուղարին բացարկ հայտնելու հարցը, որից հետո ես հանդես եկա հայտարարությամբ, որը կազմում էր տպագրված երկու էջ: Բացարկի հարցը քննարկելը եւ իմ կողմից հայտարարությունը հրապարակելը տեւեց 10 րոպե, որից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վերադարձավ ու հրապարակեց դատական ակտի ներածությունը եւ եզրափակիչ մասը:
Այսինքն, դատարանը 15 րոպեում, քանի որ 18.00 դուրս եկանք դահլիճից, հեռացավ խորհրդատվական սենյակ, կազմեց դատական ակտը, տպագրեց, վերադարձավ, հրապարակեց դատական ակտի համապատասխան մասը, ինձ հանձնեց դատական ակտի օրինակը ու այս ամենը հասցրեց կատարել 15 րոպեում, եթե նկատի ունենանք, որ դատական ակտը կազմված է 24 էջից: Եթե 15 րոպեից էլ հանենք նաեւ դատավորի խորհրդակցական սենյակ հեռանալը, որոշումը տպագրելը, վերադառնալը, որոշման նախաբանը եւ եզրափակիչ մասը ընթերցելը ու որոշման օրինակն ինձ հանձնելը, որը ժամային առումով նվազագույնը կտեւի 5 րոպե, ապա ստացվում է, որ 24 էջ դատական ակտ գրելու համար դատավորից պահանջվեց ընդամենը 10 րոպե, որն իրատեսական չէ: Այսինքն, պետք է պնդել, որ օրենքի պահանջը, զուտ ձեւականորեն, պահպանելու համար դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ցույց տալու համար, որ գնում է որոշում կայացնելու, այն պարագայում, որ որոշումը վաղուց կայացված էր»,-ասաց Մ. Մարտիրոսյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա, գործի քննության ընթացքում երկու անգամ անհիմն դատական քննու-թյունը հետաձգվել է: Առաջին անգամ նիստը հետաձգելուց հետո 01.11.2016թ. դատարանն ընդամենը հայտարարել է, որ ծանրաբեռնվածության պատճառով նախորդ նիստը հետաձգվել էր: Իսկ ծանրաբեռնվածության մասին հայտնի էր միայն դատարանին: Իսկ մեկ այլ նիստ էլ հետաձգելուց հետո, Միսակ Մարտիրոսյանին ժամը 16.30-ին ոստիկանության ուղեկցող գումարտակը դատարանից տեղափոխում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, այն դեպքում,. երբ դատական նիստը նշանակված էր ժամը 17.00-ին: «Այսինքն, դատարանը նշանակված դատական նիստից նվազագույնը 30 րոպե առաջ, ապօրինի դատական նիստ է արել՝ կողմերի բացակայությամբ, միանշանակ համոզված լինելով, որ ես գտնվում եմ դատարանում ու հետաձգման որոշում կայացրել, կամ չի կարելի բացառել, որ առանց դատական նիստ անելու հետաձգման որոշում է կայացվել»,-նշեց նա:
Բողոքում Մ. Մարտիրոսյանը նշել էր, թե քննիչը եւ թե դատախազը չեն քննարկել հանցագործության փաստը եւ խնդրել էր իրավական գնահատական տալ դրան, սակայն դատարանը ստանձնելով «քրեական հետապնդման մարմնի գործառույթներ, ըստ էության, քննարկել է հաղորդումը՝ կատարված հանցագործության մասին ու եզրակացրել, որ բողոքը անհիմն է»: Ըստ նրա էլ, դատարանը իրեն վերապահել է «հաղորդումը քննողի կարգավիճակ»:
Դատարանը չի քննարկել բողոքում, ինչպես նաեւ դատաքննության ժամանակ Ա.Ղուկասյանի 24.09.13թ. ցուցմունքների պատճենների վրա դատական դեպարտամենտի նախկին պետի կողմից նշված կեղծիքները: «Ինչպես է ստացվում, որ երբ իմ կողմից ուղարկված հանցագործության մասին հաղորդումները քննարկելիս վարույթն իրականացնող մարմնի կողմից հաղորդում վերցնելը պարտադիր չէ, մյուս կողմից՝ երբ դատարանը միջնորդում է ՀՀ գլխավոր դատախազին, որ իմ կողմից հայտնած հանցագործության փաստերի վերաբերյալ նյութեր նախապատրաստվեն, գրությունը վերադարձվում է այն պատճառաբանությամբ, թե Մ. Մարտիրոսյանից հաղորդում չի վերցվել, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176 հոդվածի պահանջն է: Այսինքն, դատարանը փաստում է, որ իմ նկատմամբ կիրառելի չէ օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը, որ օրենքի դրույթը իմ նկատմամբ, նայած հանգամանքներին, կարելի է կիրառել տրամագծորեն հակառակ մեկնաբանություններով եւ դա իրավաչափ է»,-շարունակեց իրավաբան կալանավորը:
Նա մեղադրեց դատարանին, որ դրսեւորել է խտրական, կողմնակալ վարքագիծ:
Եվ ասաց, որ դատարանի նկատմամբ հարգանքը պետք է վաստակել:
«Հեռու եմ այն մտքից, որ դատարանը չի տիրապետում պատշաճ գիտելիքների, այլ համոզված եմ, որ մի դեպքում գերազանցել է իր լիազորությունները, մեկ այլ դեպքում ի չարը օգտագործել դրանք, դրսեւորելով կողմնակալ մոտեցում»,-նշեց Մ. Մարտիրոսյանը: Ինքնաբացարկի միջնորդությունը մեր հեռանալուց հետո դատավորը րոպեներ հետո նորից մերժել էր:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
21,02.2017