Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Թորոսյան. «Հավաքականում փորձարկելու ենք հեռանկարային երիտասարդների»

Փետրվար 22,2017 14:30

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Երեւանում, որին մասնակցում է 40 մարզիկ:

«Առավոտը» զրուցել է գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ:

-Փաստորեն, սա ձեր գլխավորությամբ առաջին հավաքն է մրցաշրջան 2017-ում: Ինչի՞ց եք սկսել:

-Ճիշտ է, իմ վերահաստատումը եղավ անցած տարվա նոյեմբեր ամսին, սակայն անմիջական պարտականություններիս իրականում անցել եմ տարեսկզբից: Հունվարից սկսել ենք ավելի լուրջ մարզվել: Տղաների ընդհանուր մարզավիճակը, ասեմ՝ նորմալ է, եթե նկատի ունենանք, որ տարին նոր է սկսվել, բռնցքամարտիկները դեռ նոր են մտնում հունի մեջ, իսկ մենք՝ մարզիչներս, նոր փնտրտուքների մեջ ենք: Այս հավաքով նախապատրաստվում ենք Ստրանջայում կայանալիք միջազգային ավանդական մրցաշարին, ուր, որպես կանոն, գալիս են բռնցքամարտի մի շարք առաջատար երկրների մարզիկներ: Մեր թիմի կազմում մրցավայր կմեկնեն նրանք, ովքեր մարզումների ավարտին համապատասխան մարզավիճակ կունենան: Այնտեղ փորձարկելու ենք երկու խոստումնալից երիտասարդների՝ 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանին եւ 56 կգ քաշային Վահե Բադալյանին, որոնք լինելով երիտասարդ, դարձել են մեծահասակների Հայաստանի չեմպիոն եւ այդ տարիքում առաջին անգամ են մտնելու միջազգային ռինգ: Ուզում ենք տեսնել, թե նրանք իրենց ինչպես կզգան ու ինչպես կներկայացնեն մեր երկիրը:

-Բուլղարիա մեկնող հավաքականի կազմն արդեն որոշվե՞լ է:

-Ընդհանուր առմամբ՝ այո: Կմասնակցեն. 49 կգ՝ Գասպար Բաբախանյան, 56՝ Վահե Բադալյան, 60՝ Կարեն Տոնականյան, 64՝ Հովհաննես Բաչկով, 69՝ Վլադիմիր Մարգարյան, 75՝ Արման Դարչինյան, 81՝ Արսեն Հայրապետյան, 91՝ Հենրիխ Սարգսյան եւ +91՝ Դավիթ Չալոյան:

-Իսկ Արամ Ավագյանն ու Նարեկ Աբգարյա՞նը:

-Նրանք Ստրանջայի մրցաշարի օրերին վեց ռաունդանոց պրոֆեսիոնալ մենամարտ են անցկացնելու Վորոնեժում: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել ռուս եւ ուզբեկ մրցակիցների հետ: Բայց մեր այդ երկու բռնցքամարտիկներն էլ մնում են ազգային հավաքականի լիդերներ եւ կարող են մասնակցել սիրողական բռնցքամարտի Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին:

-Այս տարի միջազգային պաշտոնական ի՞նչ մրցաշարեր ունեք:

-Մասնակցելու ենք մինչեւ 22 տարեկանների եւ մեծահասակների Եվրոպայի առաջնություններին, իսկ աշնանը՝ Համբուրգում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այս տարի ԱԻԲԱ-ն նոր փոփոխություն է կատարել: Աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ստանալու են այն բռնցքամարտիկները, որոնք կմտնեն 1/8 եզրափակիչ: Այսինքն, նաեւ վարկանիշային ուղեգրեր են խաղարկվելու:

-Իսկ օլիմպիական վարկանիշերի ձեռքբերման կարգում փոփոխություններ նո՞ւյնպես կան:

-Դեռ ոչինչ հայտնի չէ, երկար ճանապարհ կա ու ոչ ոք չի կարող ասել, թե մինչ այդ ԱԻԲԱ-ն էլ ի՞նչ կմտածի:

-Եվրոպայի, աշխարհի առաջնություններում եւ հաջորդ օլիմպիական խաղերում սպասելիքներ կա՞ն:

-Իհարկե: Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում՝ ուղեգրեր եւ մրցանակային տեղեր, օլիմպիական խաղերում՝ մեդալներ:

Դավիթ Թորոսյանն անդրադարձավ նաեւ զորակոչային տարիքի մարզիկների խնդրին: «Բանակը մեր սրբությունն է ու յուրաքանչյուր ոք պարտավոր է ծառայել: Այս առումով առաջնահերթությունը բանակինն է: Ինչ վերաբերում է զորակոչվածներին, եթե բանակի ղեկավարությունը հարմար գտնի առաջատար մարզիկներին թողնել մասնակցել առաջնություններին, մենք ուրախ կլինենք, իսկ եթե ոչ, ուրեմն զինվորը կպաշտպանի մեր երկրի սահմաններն ու անվտանգությունը», – ասաց հավաքականի մարզիչը:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ»

21,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728