95 տարեկանում մահացած ռուս բժիշկ, հայտնի բնաբույժ Գալինա Շատալովան նշել է, որ մարդկային օրգանիզմը կատարում է 2 տեսակի շարժում՝ արտաքին շարժում, որի ընթացքում մարմինը տեղաշարժվում է տարածության մեջ, որպեսզի գոյության համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծի, եւ ներքին շարժում, որն ապահովում է օրգանիզմի կենսագործունեությունը եւ էներգիա է մատակարարում մկաններին, որպեսզի նրանք իրականացնեն արտաքին շարժումը:
«Արտաքին շարժումը կատարվում է գիտակցության ղեկավարությամբ, իսկ ներքին շարժումը՝ ենթագիտակցության թելադրանքով: Սակայն բանական ու ֆիզիկական բարձր զարգացվածություն ունեցող մարդիկ ձեռք են բերում գիտակցականը ենթագիտակցականի հետ զուգորդելու ունակություն: Շարժման այս երկու ձեւերը միմյանցից անբաժան են եւ նույն երեւույթի երկու կողմն են ներկայացնում:
Բնական ապաքինման համակարգում շարժումը ոչ պակաս կարեւոր նշանակություն ունի, քան բուժիչ սնուցումը, ճիշտ շնչառությունը, կոփվածությունը»,-ասել է բնաբույժը՝ ավելացնելով, որ երբեմն հարցնում են՝ ինչի՞ց սկսենք նոր ապրելակերպը: «Ես պատասխանում եմ՝ սկսեք բոլորը միանգամից. անցեք բուժիչ սնուցման, սկսեք շնչառական վարժությունները եւ ակտիվորեն շարժվեք: Հագեք մարզական թեթեւ համազգեստ, որը չի սահմանափակի ձեր շարժումները, եւ սկսեք վազել: Եթե վազել չեք կարող՝ քայլեք, քայլել չեք կարող, սողացեք, բայց շարժվեք, որպեսզի ձեր էներգաարտադրող համակարգը լիարժեք աշխատանքի խթան ստանա:
Շարժվելու ավելի կատարյալ ձեւ, քան վազքն է, ես չգիտեմ: Սակայն եթե վազելու ընթացքում լարված եք, ուշադրությունը կենտրոնացնում եք անցած ճանապարհի մետրերը հաշվելու վրա, եթե ուժ եք գործադրում ձեզ վրա, որպեսզի հաղթահարեք տհաճությունը, ապա այդպիսի վազքը ձեզ օգնելու փոխարեն՝ կվնասի: Որպեսզի վազքը «ծառայի» իր նպատակին, պետք է վազել հաճույքով, թեթեւ եւ ազատ՝ թուլացնելով մկանները»:
Վազքը, ըստ Գալինա Շատալովայի, օգտակար կլինի, եթե ուղեկցվի ճիշտ շնչառությամբ, իսկ դրա համար պետք է անցնել բուժիչ սնուցման. «Այդ դեպքում շնչառության հաճախականությունը ինքնաբերաբար կիջնի եւ կհասնի րոպեում 4-5 ցիկլի: Վազքի ընթացքում, բնականաբար, հաճախականությունը մի փոքր կավելանա: Բայց հիշեք՝ արտաշնչումը ներշնչումից ավելի տեւական պետք է լինի: Շնչեք միայն քթով, որովհետեւ օդը, մինչեւ թոքերը հասնելը, քթի մեջ մշակման է անցնում»: Չշփոթելու համար կարող եք 3 հաշվով շնչել եւ 3 հաշվով արտաշնչել եւ հիշել, որ վազքը պետք է լինի հանգիստ եւ թեթեւ:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ»
21,02.2017