Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հասուն կյանքի հմտությունները». Գոյություն ունի՞ մեկ այլ աշխարհ

Փետրվար 21,2017 22:12

Բթամատերի մասին ֆիլմ. այսպես կարելի է նկարագրել Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնի չորրորդ ֆիլմը՝ «Հասուն կյանքի հմտությունները», որը ցուցադրվեց այսօր՝ փետրվարի 21-ին:

Ֆիլմը, որը ցուցադրվում էր փառատոնի շրջանակներում կանանց իրավունքները բարձրացնելու նպատակով, իրականում այդպես էլ հանդիսատեսին չկարողացավ հասցնել իր գաղափարախոսությունը:

«Հասուն կյանքի հմտությունները» սցենարային առումով հում էր: Կային հատվածներ, որ ըստ սցենարի հեղինակի պիտի հանդիսատեսի համար ծիծաղելի լինեին, բայց դահլիճում նստած հանդիսատեսն այդքան էլ չընկալեց դրանք, ու պատճառն ամենևին այն չէր, որ հնարավոր է՝ հանդիսատեսը լավ չէր հասկանում: Այլ ուղղակի առողջ հումորն էր պակասում: Չկար սցենարային հստակ գիծ: Ֆիլմի 50-րդ րոպեն էլ եկավ ու անցավ, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե իրականում ինչ էր ուզում ասել այն: Թվում էր ուղղակի մի մեծահասակի մասին էր, որն ընկերություն էր անում մի երեխայի հետ, գոռում, նորից գոռում նրա վրա, հետո ներողություն խնդրում: Հա ի դեպ, երեխան էլ գլխավոր հերոսուհու տանից որոշ իրեր էր գողացել, ու պարզ էլ չէ՝ ինչի համար:

Գլխավոր հերոսուհու՝ Աննայի կերպարն իսկապես անտանելի էր ու նյարդայնացնող: Չկար նրա կերպարը հետաքրքիր դարձնող ոչ մի հատկանիշ: Թեև հետաքրքիր էր նրա սերը դեպի բթամատերի մասին հոլովակներ նկարելը, որի ընթացքում նրան միշտ, պարտադիր ընդհատում էին: Մեկ այլ անհետաքրքիր կերպար է Բրենդոնը, որն անհույս սիրահարված է Աննային ու անհարմար բաներ էր ասում ողջ ֆիլմի ընթացքում: Ամենահետաքրքիր հերոսը ֆիլմում Աննայի տատիկն էր, որի մեկ կամ երկու կատակի վրա հնարավոր է՝ հանդիսատեսը ժպտաց:

1 ժամ 20 րոպե հետո վերջապես հնչում է մի, կամ, կարելի է ասել, ֆիլմի միակ արտահայտությունը, որ մտածելու տեղիք է տալիս.

«Գոյություն ունի՞ մեկ այլ աշխարհ: Զուգահեռ մի աշխարհ, որտեղ գնում ենք, երբ այս կյանքում ամեն ինչ ավարտվում է»,- հարցնում է Աննան ինքն իրեն:

Ողջ ֆիլմը «Տիտանիկ» նավի պես խորտակվելուց համարյա փրկեցին անդրադարձները «Հպարտություն և նախապաշարմունքներ» գրքին ու Ռոբերտ Փեթինսոնին և ակումբում տեղի ունեցող մի հատվածի նկարահանման բարձր որակն ու գույները:

Սակայն… մոռացեք նախորդ պարագրաֆը, դրանք էլ չփրկեցին ֆիլմը:

https://www.youtube.com/watch?v=cyEe6cXU-v8

Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728