Լույս է տեսել ԵՊՀ դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նորայր Պողոսյանի «Գրիգոր Շղթայակիր պատրիարք» գիրքը: Ժամանակին որպես դասախոս Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ճեմարանում աշխատած հեղինակը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ Երուսաղեմի գրեթե բոլոր` հայկական եւ ոչ միայն հայկական սրբավայրերն այցելելիս նկատելի է 18-րդ դարի մեծագույն պատրիարքներից մեկի` Գրիգոր Շիրվանցի Շղթայակիր Պատրիարքի ներկայությունը:
«Ցանկացած շինություն, սրբավայր, սպասք կրում է Գրիգոր Շղթայակրի անունը: Ինձ մոտ հետաքրքրություն առաջացավ, համակրանք ու սեր այդ պատրիարքի հանդեպ եւ սկսեցի աղբյուրներ ուսումնասիրել, քննել ձեռագրեր եւ տեսա, որ մեր ժողովրդի համար բացվում է հսկա մի գործիչ, որը, ցավոք սրտի, լայն հանրությանը դեռեւս քիչ հայտնի է: Տարիների ընթացքում կուտակվել էին նյութերը: Քանի որ 2017 թ. լրանում է գահակալության, այսինքն` Օսմանյան սուլթանների կողմից պատրիարքական հրամանը տալու 300-ամյակը, դա հրաշալի առիթ էր` ներկայացնելու այս ամենը: Երուսաղեմի այսօրվա պատրիարքն էլ հանձն առավ նաեւ հովանավորել գրքի հրատարակումը, փաստորեն այն ստեղծվեց Հայաստանում եւ տպագրվեց Երուսաղեմում»,-ասաց Նորայր Պողոսյանը:
«Գրիգոր Շղթայակիր պատրիարք» գրքի հեղինակը հիշեցրեց, որ 8 եւ ավելի տարիներ Գրիգոր Շղթայակիր պատրիարքը շղթայակապ խաչերը վրան անցկացրած` շրջել է քաղաքից քաղաք ու գյուղից գյուղ, նյութական միջոցներ է հավաքել եւ իր ժամանակի համար միլիարդավոր ոսկիների հասնող պարտքը մարել է, ըստ էության, փրկելով Երուսաղեմը կործանումից:
«Այդպիսի գործիչներ իրենց կյանքը պարզապես դրել են հայկական տարածքները փրկելուն, ազգային խնդիրները լուծելուն, երեւի իրենք շատ չեն, իսկ եղածների մասին պետք է ամեն օր գրել եւ խոսել: Նրանց օրինակը պետք է լայն ձեւով ներկայացվի մեր օրերում, առավել եւս hայաստանյան իրականության մեջ»,-համոզված է Նորայր Պողոսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ