Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնկրետ հոդվածով մոտենում են երեխաներին». մահացած Լիա Միսակյանի հայրը պահանջում է բժիշկներին զրկել աշխատանքից. (Տեսանյութ)

Փետրվար 21,2017 19:54

Այսօր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մելքոնյանի նախագահությամբ «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած 2 տարեկան Լիա Միսակյանի մահվան գործով դատական հերթական նիստն էր նշանակված:

Դատական նիստը սկսվեց մոտ 20 րոպե ուշացումով, տեւեց՝ հազիվ 3-5 րոպե: Դատավորը որոշեց նիստը կրկին հետաձգել, քանի որ մեղադրող դատախազը չէր ներկայացել դատարան, ինչպես դատավորն ասած՝ դատարանին անհայտ պատճառով: Դատարանը որոշեց նիստը հետաձգել եւ հաջորդ նիստի օր նշանակել մարտի 15-ին ժամը 17.00-ին:

Գեորգի Միսակյանի՝ դատարանում ներկայացուցիչ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տաթեւիկ Սիրադեղյանն Aravot.am-ին ասաց, որ արդեն 4-րդ անգամ է նիստը հետաձգվում:

Հիշեցնենք, որ երեխայի մահվան համար «Արաբկիր» բ/կ-ի հերթապահ բժիշկներ Լիլիթ Վարդանյանին ու Զարինե Այվազյանին 2015 թվականին նույն դատարանը վճռել էր մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում համապատասխանաբար 2 տարի եւ 2 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց լրացուցիչ պատժի նշանակման: Սակայն, դատարանը միաժամանակ կիրառել էր համաներումը եւ բժիշկներն իրենց պատժի կրումից ազատվել էին:

Մահացած Լիա Միսակյանի հայրը՝ Գեորգի Միսակյանը բողոքարկել էր, Վճռաբեկ դատարանը որոշել էր ուժի մեջ է թողնել բժիշկների՝ ազատազրկման եւ ապա համաներմամբ ազատման մասով դատական ակտը, իսկ լրացուցիչ պատժի մասով ակտը հետ էր ուղարկել առաջին ատյանի դատարան: Ներկայումս քննվում է լրացուցիչ պատժի մասով բժիշկների դեմ առաջադրված մեղադրանքը: Այսինքն՝ տուժողի իրավահաջորդը պահանջում է բժիշկներին որոշ ժամանակով արգելել աշխատել իրենց մասնագիտությամբ:

Aravot.am-ի հետ զրույցում ասաց մահացած երեխայի հայրը՝ Գեորգի Միսակյանը բժիշկների եւ պահանջի մասին ասաց. «Հանցագործություն են կատարել, ու իրենք շարունակում են աշխատել: Էն ժամանակ հանցանք ապացուցված չէր, աշխատում էին, հիմա հանցանք էլ ապացուցված է ու նորից աշխատում են: Տենց ճիշտ չկա, մեր արածը՝ չարածին հավասար բան է: Մարդիկ կոնկրետ հոդվածով մոտենում են երեխաներին: Էս մարդիկ մասնագետ չեն, էս մարդիկ պիտի հավաքարարություն անեն, ու ոչ մի բան»:

Մանրամասները՝ տեսանյութում 

Մեղադրվող բժիշկների փաստաբան Գիվի Հովհաննիսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հույս ունենք, որ դատարանն արդար դատավարություն կիրականացնի, եւ արդար որոշում կկայացնի, որը, ճիշտն ասած՝ չենք սպասում, որովհետեւ ակնհայտ է՝ ապօրինի դատավճիռ է եղել, վերջացել է Վճռաբեկով ու փոփոխության չի ենթարկվել: Մենք բողոքարկել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մարդիկ անմեղ են, չկա որեւէ փորձագիտական եզրակացություն, որ իրենց գործողությունների եւ մահվան միջեւ պատճառական կապ լինի: Հիմա հայրը պահանջում է… ցավոք սրտի, էսօր չունենք արդար դատարաններ, որ արդար որոշումներ կայացնեն, մարդիկ ինչ-որ էմոցիոնալ դաշտում որոշումներ են կայացնում: Կոպիտ ասած՝ հայրն ու իր ներկայացուցիչն են որոշում կայացնում, դատարանն էլ էմոցիոնալ դաշտում որոշում է կայացնում, մարդուն 2 տարի դատապարտում են ապօրինի, էնքան ա, որ մարդ ա մահացել, էրեխա է, ու հայրն էլ դրանով սփոփվի: Բայց դա էլ արդար չի, գոյություն ունի օրենք: Օրենքով պետք է միանշանակ պատճառական կապ լինի գործողությունների եւ հետեւանքի միջեւ, որը բացակայում է գործի մեջ: Ես անիմաստ եմ համարում որոշակի ժամկետով զրկեն աշխատանքից: Այս ընթացքում արդեն 4 տարի է աշխատում են, մարդկանց բուժում են: Ասենք, թե զրկեն աշխատանքից՝ անունն ի՞նչ դնեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728