2006 թվականի դեկտեմբերի 10-ին անազատության մեջ հայտնված «Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը պնդում է՝ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ստում է, թե չի հիշում, որ իր պաշտոնավարման տարիներին քաղբանտարկյալներ են եղել:
«Ինձ ու մի քանի հոգու վրա գործ սարքեցին 2006 թվականի դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ու երկու տարի ես բանտում մնացի: Ինձ մեղադրանք էին առաջադրել Քրեական օրենսգրքի 301 հոդվածի հատկանիշներով, իբրեւ թե իշխանությունը բռնությամբ տապալելու կոչեր եմ արել:
Մինչեւ վերջին օրը նստել եմ, երկու տարի նստելուց հետո իմ փաստաբանը գործս ուղարկեց մադու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ էլ իմ նկատմամբ արդարացման որոշում կայացվեց: Նույն որոշումը կայացվեց նաեւ ինձ հետ ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ:
Մենք նույնիսկ փոխհատուցում ստացանք` 4600 եվրոյի չափով, չնայած փաստաբանս պահանջել էր 10 հազար եվրո, բայց մեզ պահանջվածից քիչ տվեցին՝ պատճառաբանելով, որ մեր երկիրը թալանված է, բյուջեն կողոպտել են, փող չկա, որ տան»,- Aravot.am-ին պատմեց պարոն Մալխասյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա. «Եթե մարդու իրավունքների եվրոպական դատարանն ինձ արդարացրել է, այսինքն, գտել են, որ մեզ քաղաքական շարժառիթներով են դատել, մենք քաղբանտարկյալ չէինք, ի՞նչ էինք: Եթե Հայաստանի, արտասահմանի հայտնի իրավապաշտպան կազմակերպությունները մեզ քաղբանտարկյալ են ճանաչել, եթե ԱՄՆ դեպարտամենտը, 2008 թվականին ներկայացնելով 2007 թվականի Հայաստանին վերաբերող զեկույցը, նշեց, որ Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Մալխասյանը, Արման Բաբաջանյանը եւ Ժիրայր Սեֆիլյանը համարվում են քաղբանտարկյալներ, սա արդյոք չի՞ հակասում Օսկանյանի ասածներին:
Փաստերով, դատարանի որոշմամբ հիմնավորված է, որ մենք քաղբանտարկյալ ենք եղել, որ մեզ դատապարտել են Ռոբերտ Քոչարյանի պատվերով, իսկ այդ ժամանակ Վարդան Օսկանյանը իշխանության ամենակարկառուն դեմքերից էր, ուրեմն Վարդան Օսկանյանը կատարյալ ստախոս է:
Եթե պետական պաշտոնյան ուզում է գա ընդդիմություն, հնարավոր է փոխի իր դիրքորոշումը եւ վերադառնա դեպի ժողովուրդ , բայց այդ դեպքում գոնե պետք է քաջություն, մարդկային տարրական խիղճ ունենա՝ ժողովրդին ասի իր գործած սխալներն ու ներողություն խնդրի, այ այդ դեպքում գոնե ժողովուրդը դույզն-ինչ իրեն կընդունի: Բայց եթե մարդը հերքում է իր պաշտոնավարման տարիներին կատարած սխալները, չի ընդունում դրանք, հիմար-հիմար մտքեր է դուրս տալիս, նա չի կարող ընդդիմություն դառնալ ու ժողովրդի վստահության քվեն ստանալ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ