Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը ապահովագրում է իրեն». ինչո՞ւ է Մեհրիբան Ալիեւան նշանակվել Ադրբեջանի 1-ին փոխնախագահ

Փետրվար 21,2017 18:13

«Անցյալ տարի սեպտեմբերին Ադրբեջանում անցկացված սահմանադրական փոփոխություններով հիմնվեց երկրի առաջին փոխնախագահի և փոխնախագահների ինստիտուտը: Առաջին փոխնախագահը առաջինն է նախագահից հետո, և նախագահի բացակայության պարագայում հանդիսանում է երկրի ղեկավարը»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ իր տիկնոջը՝ Մեհրիբան Ալիեւային  փոխնախագահ նշանակելու որոշումը, ասաց ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը:

Աշոտ Մովսիսյան

Նրա բնորոշմամբ՝ բնական է, որ Ալիևն այս պաշտոնը պետք է վստահեր իր շրջապատից ամենավստահելի անձին, որն այս պարագայում Մեհրիբան Ալիեւան է. «Այստեղ անհրաժեշտ է նաև շեշտել, որ Ադրբեջանի իշխանական համակարգում այսօր կա երկու ուժեղ և թելադրող «կլան»՝ նախիջեւանյան և Փաշաեւների կլանները: Իսկ Մեհրիբան Ալիեւան հանդիսանում Փաշաևների կլանի ամենաներկայանալի և ամենավստահելի դեմքը: Իշխանության հիմնական պաշտոնները ներկայացված են այդ կլանների միջոցով: Իշխանության մեջ նման պաշտոն ձեռքբերելով՝ Փաշաեւներն ավելի են ամրապնդում իրենց դիրքերը: Զարմանալի չի լինի, որ մոտ ժամանակներս փոխնախագահի պաշտոնում Իլհամ Ալիեւը նշանակի մեկին, որը կներկայացնի նախիջևանյան կլանի շահերը»:

Այս ամենից բացի, ինչպես Աշոտ Մովսիսյանն է նշում, Ալիեւը ամրապնդում է իր դիրքերը և իրեն ապահովագրում մի շարք վտանգներից. «Վերջին շրջանում աշխարհում տեղի ունեցող գործընթացները ցույց տվեցին, որ երկրի ներսում ուժեղ նախագահական համակարգով, ազդեցիկ  իշխանական կլանով այդքան էլ հեշտ չէ ապահովել իշխանության հանձնումը հաջորդ սերնդին: Այսօր արդեն ադրբեջանական սոցցանցերում խոսվում է Իլհամ Ալիեւի առողջական խնդիրների մասին, գուցե այս քայլով Ալիեւը ապահովագրում է իրեն»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի առաջին տիկնոջ՝ առաջին փոխնախագահի պաշտոնում նշանակվելու շուրջ Ադրբեջանի հանրության արձագանքին, մեր զրուցակցի խոսքով. «Հասարակության վերաբերմունքը միանշանակ չէ: Համենայնդեպս, հանրության մի զգալի հատված դեմ է Մեհրիբան Ալիեւայի՝ փոխնախագահ նշանակվելուն, միեւնույն ժամանակ՝ այդ նույն հանրությունը գիտակցում է, որ Ալիեւներից ուրիշ բան սպասել պետք չէ»:

Ըստ Մովսիսյանի. «Նման քայլով Բաքվի բռնապետը երկիրը մեկ քայլ առաջ է տանում դեպի միապետության ճանապարհը: Գուցե զարմանալի է, բայց այս համակարգով Ադրբեջանը կհիշեցնի տիպիկ միապետական թագավորություն, երբ թագավորի բացակայության ժամանակ երկիրը ղեկավարվում էր թագուհու կողմից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728