Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված սպայի հայրը վրդովված է խտրական վերաբերմունքից (Տեսանյութ)

Փետրվար 21,2017 18:01

2016 թվականի ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը Մարտակերտում զոհված 25-ամյա սպա Տիգրան Պողոսյանի հայրը՝ Մխիթար Պողոսյանը մեզ հետ զրույցում նեղվեց, որ ըստ արժանվույն չեն գնահատում իր որդու սխրանքը։ «Տեսնես հասկանո՞ւմ են, երբ ասում են ապրիլյան քառօրյա պատերազմ։ Չորսօրյա պատերազմ էր ու իմ տղաս հանկարծակի մահացա՞վ․․․Էդ ո՞վ է ուղեղի մեջ տեղադրել էդ քառօրյա պատերազմ բառը, չեմ կարողանում հասկանալ, չորսօրյա պատերազմ էր ու մենք մինչև հիմա զոհեր ունե՞նք, հա՞։ Մենք ապրիլի 9-ին, 10-ին ավելի շատ զոհեր ենք ունեցել, քան թե ամսի 2-ին կամ 3-4-ին։ Ղեկավարությունը քառօրյա պատերազմ ասելով՝ իր ուղեղի մեջ չի զարկո՞ւմ, թե՞ հեշտացնում են․․․Ճիշտ է՝ մենք մեր երկիրը պիտի պաշտպանենք, որովհետև մենք բարդ տարածաշրջանում ու դժվար պահեր ենք ապրում, եթե ես այդ գիտակցությունը չունենայի, իմ երեխուս չէի ուղարկի Արցախ՝ պետության մարդը դառնալու, բայց թող պետությունն էլ իրենը անի, ճիշտ ձևը լինի, էլի․․․ Իմ երեխայիս, որ ո՛չ քուն է ունեցել, ո՛չ դադար, ամբողջ ամիսը կռվեց ու ոչ մի զոհ չի տվել, հետմահու չի հասնո՞ւմ «Մարտական խաչի» մեդալից, ինչի՞․․․ Ես շատ եմ դրանից վրդովված։ Իրենք իմ ու քո են անում էսօրվա օրը, բոլորին ջոկում են։ Վերջը սպա տղա էր, ինչքան պարգևատրումներ է ստացել, ինչքան է ճանաչվել զորամասում, բոլորը գոհ են, խոսում են, ասում են փակբերան, կարգին տղա, դուխով տղա, ինչո՞ւ են էդպես բաներ անում», -զայրացել էր հայրը։

Ի դեպ, Տիգրան Պողոսյանը «Արիության» երկու մեդալ ունի։ «Ինքն ավելի շատ է կռվել, մարդիկ կան, որոնք փախել են, նույնիսկ դրանց մեդալ են տվել։ Ինչո՞ւ են հերոսացնում, չեմ հասկանում, մեկին հերոս են դարձնում, մյուսի համար ոչինչ չեն ուզում անել։ Ես դրա համար եմ վրդովված, ես ուզում եմ, որ էրեխուս ամեն ձևի գնահատեն։ Էսօրվա օրը, որ ծնունդ եմ անում տղայիս համար, ոնց որ թեթևանամ, գոնե գիտեմ, որ երեխուս համար մի բան արեցի։ Ամբողջ կյանքս մտածել եմ, որ իմ երեխաների համար մի լավ բան կարողանամ անել։ Մենք բոլորս էլ անցողիկ ենք, մարդիկ կան, չեն մտածում․․․ Իմ տղան զոհվեց ապրիլի 26-ին, իրենք մեդալներն արդեն ոնց որ բաժանած լինեին, ոնց որ բարեկամի-հարազատի պադեռժկա լինեն էդ մեդալները։ Ինչո՞ւ եք այդպես անում, բոլորն էլ մի միասնական գաղափար են ունեցել՝ պաշտպանել հայրենիքը»։

Զոհված սպայի հայրը նեղված է, որ խտրականություն են դնում քաղաքի ու գյուղերի զոհված զինվորների միջև, անգամ բանակի օրվան նվիրված միջոցառմանը իրենց չեն հրավիրել։ «Էդ ոնց որ բանակի օրվան մեր երեխաների անունները չպիտի հնչեին, բա դա եղա՞վ, որ գյուղի բնակիչ ենք, մեր երեխեքը հերոս չեն, հա՞»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728