Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական գյուղապետը ընտրակաշառք է բաժանում ԲՀԿ-ական թեկնածուի համար

Փետրվար 21,2017 18:33

Aravot.am-ի տեղեկություններով ԲՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում առաջադրված պատգամավորի թեկնածու Հրանտ Դավթյանն արդեն սկսել է նախընտրական աշխատանքը: Դա դրսեւորվում է մեկ պարկ ալյուր, երկու շիշ օղի եւ լիմոնադ բաժանելով: Ամանորյա տոներից հետո պատգամավորի շրջապատը մոբիլիզացվել է այս գործին: Ընտրակաշառքը բաժանվում է Էջմիածին քաղաքում, Արտիմետ եւ Տարոնիկ գյուղերում:

Արտիմետում գլխավոր գործող անձը «Ցեմենտավոզի Սերժիկն» է: Սակայն, ավելի ուշագրավ է այն, որ Տարոնիկ համայնքում ԲՀԿ-ական թեկնածուի համար ընտրակաշառք է բաժանում գյուղապետը`Արմեն Խլղաթյանը: Վերջինս ՀՀԿ-ի անդամ է, նաեւ`ԲՀԿ-ական Հրանտ Դավթյանի քեռորդին: Հետաքրքիր է, թե ՀՀԿ-ում ինչպե՞ս կվերաբերվեն այս փաստին:

Արդեն երկու օր է Aravot.am-ը փորձում է Հրանտ Դավթյանից մեկնաբանություն ստանալ այս առիթով: Պատգամավորի հեռախոսը կամ անջատված է, կամ`ռադիոծածկույթից դուրս է: Իսկ Տարոնիկի գյուղապետը բավական պատրաստակամ խոսեց մեզ հետ, մինչեւ այն պահը, երբ իմացավ, որ իր կողմից ընտրակաշառք բաժանելու մասին հարցեր ունենք իրեն: «Կներեք, մեքենայի ռուլին եմ, ձեր հարցին չեմ կարա պատասխանեմ, մի ուրիշ անգամ զանգեք`կպատասխանեմ»,- ասաց նա ու անջատեց հեռախոսը:

Հիշեցնենք, Արմավիրում ԲՀԿ-ից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է նաեւ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): ՀՀԿ-ն այս մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրել է գեներալ Սեյրան Սարոյանին, Առաքել Մովսիսյանին (Շմայս) եւ մեկ այլ գեներալ`Մանվել Գրիգորյանի եղբորորդուն`Հրանտ Գրիգորյանին: Վերջիններս, 2008 թվականից ի վեր վատ հարաբերություններ ունեն: Պատճառն այն էր, որ Մանվել Գրիգորյանը 2008-ին նախ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնեց: Հայտնի իրադարձություններից հետո միայն, նա վերադարձավ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի գիրկը:

Իսկ երկու տարի առաջ բավական ուշագրավ դեպք եղավ նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Հրանտ Դավթյանի հետ: Ի դեպ, նա էլ միայն «կոճակ սեղմող» պատգամավորներից է: Նախ`համացանցում մի տեսանյութ հայտնվեց, որում պատգամավորը հայհոյում է իր մեքենան կանգնեցրած ոստիկանին: Մի քանի օր անց, տեղեկություններ շրջանառվեցին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշել է անձամբ պատժել պատգամավորին եւ իր աշխատասենյակում նրան մի քանի դաստիարակչական ապտակ է հասցրել:

Հրանտ Դավթյանի անունը շրջանառվեց իրեն պատկանող ռեստորանում կատարված սպանության պատմության մեջ: Այդ միջադեպի ժամանակ ծանր վիրավորում էր ստացել Տարոնիկի գյուղապետ Արմեն Խլղաթյանը: Նույն միջադեպի ժամանակ հրազենային վնասվածքներ էր ստացել Տարոնիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Արամ Կարապետյանը, որը նախքան հիվանդանոց տեղափոխվելը մահացել էր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728