Լրահոս
Օրվա լրահոսը

«Անօրինականություն թույլ տված ոստիկանները քրեական պատասխանատվության չեն ենթարկվում». Արայիկ Զալյան

Փետրվար 21,2017 17:38

«Ոստիկանության որեւէ աշխատակից իր անօրինական արարքի համար չի պատժվում»,- արձանագրել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակում:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի այսօր անցկացրած «Մարդու իրավունքների խախտումների վիճակը ոստիկան-քաղաքացի հարաբերություններում 2016 թ.-ին» թեմայով քննարկման ժամանակ գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը ներկայացրեց, որ եղել են դեպքեր, երբ անօրինականություն թույլ տված ոստիկանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, բայց իրենք գտնում են՝ դա բավարար չէ:

«Մենք պնդում ենք, որ ոչ թե պետք է լինի կարգապահական տույժ, այլ քրեական պատասխանատվություն: Եղել են դեպքեր, երբ ընդհանրապես որեւէ անձ որեւէ ձեւով պատասխանատվության չի ենթարկվել: Քննությունը կրել է ձեւական բնույթ կամ ոստիկանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են ոստիկանության աշխատակիցներ, հանցագործություն կատարած հավանական անձինք եւ հարցաքննվել են տուժողները: Իսկ վերջում նախաքննական մարմնի կողմից արժանահավատ են համարվել ոստիկանության աշխատակիցների տված ցուցմունքները, անարժանավահատ են համարվել քաղաքացիների տված ցուցմունքները, ինչի արդյունքում քրեական գործերը կարճվել են»,- ասաց Արայիկ Զալյանը՝ շեշտելով, որ իրավապահ մարմինների կողմից արդյունավետ քննություն չի կատարվում:

Ըստ նրա, քիչ չեն դեպքերը, երբ ոստիկանության աշխատակիցների անօրինական գործողությունները ապացուցող կոնկրետ փաստի հիման վրա հաղորդումը ներկայացվել է, քննչական ծառայությունը նշված հաղորդումը վերահասցեագրել է ներքին անվտանգության վարչություն:

«Այս կերպ փորձում են կամ նպատակ ունեն տակտիկա ձեւավորել, որ ընկալվի որպես հետաքննական գործողություն՝ հատուկ քննչական ծառայության համար, բայց դրա իրավասությունը օրենքից դուրս է: Իսկ ի՞նչ պետք է արվի: Նախ` պետք է ՀՔԾ-ն քննի, արձանագրի կարգապահական խնդիրներ, դրա լույսի ներքո ներկայացնի ներքին անվտանգության վարչություն՝ կարգապահականի հարցը լուծելու համար, մինչդեռ մենք դեպքեր ենք ունենում, որ հաղորդումը ներկայացնում ենք, առանց ուսումնասիրելու միանգամից ուղարկում են ներքին անվտանգության վարչություն, գրության մեջ էլ գրվում է՝ եթե հանցակազմի առկայություն լինի, անպայման ուղարկեք մեզ, որ քննենք»,-նկատեց պարոն Զալյանը:

Իսկ ոստիկան-քաղաքացի հարաբերություններով դատավճիռների բողոքները ՄԻԵԴ-ում քիչ չեն:

Նա հիշեցրեց հայտնի գործերով ՄԻԵԴ-ի արդեն իսկ հրապարակած որոշումներից Գրիշա Վիրաբյանի գործը, որում ներգրավված էր Երեւանի նախկին ոստիկանապետը. «Հետաքրքրական է, որ Մատաղիսի գործով էլ ՄԻԵԴ-ը արձանագրեց կոնվենցիայի երրորդ հոդվածի դատավարական իրավունքի խախտում, այսինքն` չասաց, որ խոշտանգում է եղել, բայց ասաց, որ փաստի վերաբերյալ քննությունը կատարվել է թերություններով, ինչը նույնպես խախտում է տվյալ գործի շրջանակներում: Դիմումատուներն էլ պնդում են, որ իրենց նկատմամբ վատ վերաբերմունքը կիրառել է Արմեն Հակոբյանը, տվյալ քննչական խումբը, իսկ Արմեն Հակոբյանը ի՞նչ պաշտոն է հիմա զբաղեցնում՝ ներքին անվտանգության վարչության պետի պաշտոն: Այսինքն, մի մարդ, որը մի քրեական գործով, այն էլ այդպիսի գործ, որով դատարանը մարդկանց ցմահ ազատազրկեց, հետո արդարացրեց, հիմա այնպիսի պաշտոն է զբաղեցնում, որ ինքը պետք է որոշի՝ ոստիկանին այս ինչ արարքի համար կարգապահական տույժ տա՞, թե՞ չտա: Այսինքն, ոստիկանների մեջ ոստիկան է»:

Պարոն Զալյանը նաեւ տեղեկացրեց, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակ տարեկան 700 -800 քաղաքացի է դիմում՝ ոտնահարված իրավունքների հարցերով: Եվ դրանց զգալի մասը հենց ոստիկան-քաղաքացի փոխհարաբերություններում խախտված իրավունքների դեպքեր են:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728