Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համարեք, որ մենք մահացել ենք». «Սասնա ծուռ» Վարդան Գերավետյանը քննիչին վախկոտ անվանեց. (Տեսանյութ)

Փետրվար 21,2017 17:25

Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանը, Արամ Հակոբյանը եւ Վարդան Գերավետյանը համոզված են, որ իրենց հանդեպ տեսակցությունների արգելքի որոշումը իրենց պատժելու ձեւ է եւ հոգեբանական ճնշում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նրանց պաշտպանը (լուսանկարում) այսօր նշյալ արգելքը վերացնելու բողոք էր ներկայացրել դատարանին:

Բողոքի վերաբերյալ տեսակետ ներկայացնելիս մեղադրյալ Գագիկ Եղիազարյանն ասաց, որ նման միջոցներով իրենց ճնշել հնարավոր չէ, ու կալանավայրի պատերը չեն խանգարում խոսքի ազատության իրավունքի դրսեւորմանը:

Արամ Հակոբյանն էլ իր հերթին տեսակցությունների արգելքը «քննիչի քմահաճույք» որակեց: Վարդան Գերավետյանը եւս անհիմն համարեց քննիչի հիմնավորումը, թե հարազատներին տեսակցելը ռիսկային է նախաքննության համար:

«Ենթադրենք, քրոջդ կամ մյուս հարազատիդ ես տեսնում, դրանով ինչպե՞ս ես խոչընդոտելու նախաքննությանը: Այս գործը կապված է ՊՊԾ-ի եւ ոստիկանության հետ, եւ չեմ պատկերացնում՝ հարազատներին տեսակցելով՝ ի՞նչ կերպով ենք ազդեցություն ունենալու Ոստիկանության վրա… եթե այդքան հեշտ է նրանց վրա ազդել, ուրեմն ճիշտ տեղում չեն գտնվում»,-համոզմունք հայտնեց Գերավետյանը:

Նա որպես օրինակ նշեց՝ իր հետ նույն խցում մի ցուցարար կար, որին վեց ամսով թույլ չէին տալիս տեսակցել հարազատներին. «Նա երեք տարվա ազատազրկման դատապարտվեց, ուներ կին, երեխա ու զրկված էր նրանց հետ շփվելուց…ինչի՞ համար, որ ցուցարա՞ր էր… Համարեք, որ մենք արդեն մահացել ենք, մենք պատրաստ ենք եղել գնալ անձնազոհության, բայց մեր հարազատներին գոնե հաշվի առեք»:

Ապա Գերավետյանը դիմելով քննիչին՝ շարունակեց. «Տեսակցության մեջ բացարձակ խնդիր չեմ տեսնում Ոստիկանության համար: Իսկ եթե այն կա, հարգելի քննիչ, ուրեմն Դուք վախկոտ եք»: Ներկաները ծափահարեցին, իսկ դատավորը հորդորեց դատարանում զերծ մնալ կողմերին որակումներ տալուց:

Գագիկ Եղիազարյանն էլ վրդովմունք արտահայտեց, որ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն իրեն ժամանակին «սառնասիրտ տականք» է անվանել, ուստի որակումների մասին խոսելիս նշյալ օրինակը պետք է հաշվի առնել:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Խնդիրը այն է որ չէք հասկանում ձեր խնդրի տարողությունը:

    Թէ տեսակցությանց արգելանքը, ըստ էութեան, հիմնավորված է կամ ոչ,
    չգիտեմ: Պատրաստ եմ նոյնիսկ ասելու թէ հակում ունեմ մտածելու թէ՝ առարկայականօրէն՝ ոչ. թվում է թէ չափազանցեալ զգուշութիւն մըն է:

    Սակայն գոնէ հասկացէք թէ,
    գոնէ տեսականօրէն,
    ինչո՞ւ համար գործադրվում է այդ արգելանքը, ձեր պարագային:

    Նոյնիսկ եթէ երեխայի հետ է տեսակցությունը,
    կարող է որ զայն որպէս հաղորդակցութեան միջոց գործածէք,
    դրսում – կամ ել, նոյն ուղիով՝ այլ խուցերում նստած – անձերի հետ:

    Տեսակցութեան ընթացքում ներկա գտնվող հսկիչը հարիւր տոկոս չի կարող կանխել այդպիսի մի բան: Բացի եթէ երեխան կամ ծերունին, մի անգամ սկիզբը, մի անգամ ել վերջաւութեան, ամբողջական, մարմնային ծայրագոյն խուզարկութեան է ենթարկվելու… Ես ինքս պիտի նախընտրէի հանդիպում չունենալ, քան թէ այդպիսի բան տեղի ունենա…

    Հաւելեալ երկու կէտ եւս՝

    . ձեր ընտանիքների անդամների մասին պիտի որ մտածէիք՝
    հարձակումը գործելէ եւ այլ հայ ընտանիքների հայրերի մահը պատճառելուց առաջ

    . դուք, վաղ թէ ուշ, հանդիպելու էք դարձեալ ձեր ընտանիքի անդամներին.
    այդ սպանվածներն ու իրենց ծնողները, կիները, երեխաները, բարեկամները մէյ մըն ալ երբեք զիրար չեն տեսնելու – այս աշխարհում –

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728