Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիմում. միջոցներ ձեռնարկեք դատավոր Տաթևիկ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար

Փետրվար 21,2017 17:17

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻՆ

թիվ ԵԱԴԴ/0101/01/16 քրեական գործով տուժող Մարիամ Խաչատրյանի

ներկայացուցիչ, փաստաբան Նոնա Գալստյանից

 

Դ Ի Մ ՈՒ Մ

թիվ ԵԱԴԴ/0101/01/16 քրեական գործով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին (լուսանկարում) կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին

Գործի հանգամանքները՝ համառոտ.

1.      Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ նախագահությամբ դատավոր Տ.Գրիգորյանի, վարույթում է քննվում թիվ ԵԱԴԴ/0101/01/16 քրեական գործն ըստ մեղադրանքի Սերան Հովհաննիսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

2.      Սերան Հովհաննիսյանը հանդիսանում է սույն քրեական գործով տուժող Մարիամ Խաչատրյանի նախկին ամուսինը:

3.      Գործով դատական քննության օր է նշանակվել 15.02.2017 թվականը:

4.      Նշված օրը ես տուժող Մարիամ Խաչատրյանի ցանկությամբ դատական նիստի ընթացքում ներգրավվել եմ որպես նրա ներկայացուցիչ:

5.      Այդ կապակցությամբ դատարանին եմ ներկայացրել տուժողի կողմից իմ անվամբ տրված լիազորագիրը և միջնորդել եմ դատարանին ողջամիտ ժամկետով հետաձգել գործի քննությունը՝ հնարավորություն տալով ինձ ծանոթանալու քրեական գործի նյութերին՝ տուժողի դատավարական իրավունքների արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով:

6.      Դատարանը ներկայացված միջնորդությունս մերժել է՝ պատճառաբանելով, որ այն միտում է պարունակում գործի քննությունը հետաձգել, ինչը նպատակահարմար չի համարում և միաժամանակ փաստել է, որ տուժողի մեկ այլ ներկայացուցիչը՝ Լ.Մկրտչյանն ամբողջությամբ ծանոթ է գործի նյութերին:

7.      Ավելին, դատական նիստը մի քանի անգամ ընդմիջելով՝ դատավոր Տ.Գրիգորյանը երկու անգամ դատական կարգադրիչներին հանձնարարել է տուժողին մեկուսացնել, որպեսզի վերջինս որևէ մեկի հետ չհաղորդակցվի՝ այդ թվում, տուժողի ներկայացուցչին ևս արգելելով տեսակցել և իրավաբանական օգնություն տրամադրել տուժողին:

8.      Երրորդ անգամ դատական նիստն ընդմիջելուց հետո դատավոր Տ.Գրիգորյանը կարգադրել է տուժողին ընդմիջման ընթացքում չհաղորդակցվել որևէ մեկի հետ և չքննարկել գործի փաստական հանգամանքները:

9.    Բացի այդ, դատարանն ընդգծված հեգնանքով գործի հանգամանքների վերաբերյալ հարցադրումներ է կատարել տուժողին ՝ վերջինիս դնելով նվաստացուցիչ վիճակի մեջ (օրինակ, բա ինչն էր պատճառը, որ էդ օրը չտվեցիք հաղորդում: Բազմիցս տվել եք հաղորդում, ձևը գիտեք, կարգը գիտեք, էդ Ձեր սթրեսը երբ անցավ, և այլն)

10.  Նշվածի արդյունքում տուժողի մոտ առաջացել է գերլարված հուզական վիճակ և ինքնազգացողության կտրուկ վատթարացում, որի պայմաններում դատավոր Տ.Գրիգորյանն անտեսել է տուժողի ծանր վիճակը և հրաժարվել է հետաձգել դատական նիստը՝ ստիպելով տուժողին նստած տեղից կանգնել և շարունակել պատասխանել առաջադրված հարցերին:

11.  Դատարանն ակնհայտ անհիմն կերպով որոշում է կայացրել նաև տուժող Մ.Խաչատրյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու՝ դատական տուգանք նշանակելու մասին՝ տուժողի՝ դատական նիստերի դահլիճից հեռանալու պատճառով:

12.  Դատական նիստի ընթացքում տուժողի ներկայացուցիչների կողմից վերը նշված հիմքերով երկու անգամ դատավորին ներկայացվել են ինքնաբացարկի միջնորդություններ, սակայն դատարանը դրանք մերժել է:

Դիմումի հիմքերը և պահանջը.

ՀՀ Սահմանադրության 64-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք սույն օրենսգրքով նախատեսված կարգով իրավունք ունի ստանալ իրավաբանական օգնություն:

ՀՀ դատական օրենսգրքի 7-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող զրկվել հավասարության պայմաններում և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ իրավասու, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունքից:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու ինչպես իր ներկայացուցչի կամ պաշտպանի միջոցով, այնպես էլ անձամբ:

Նույն օրենսգրքի 89-րդ հոդվածի համաձայն՝ դատավորը պարտավոր է՝

–       ենթարկվել օրենքին, արդարադատություն իրականացնելիս լինել անկախ և անաչառ.

–       իր պարտականություններն իրականացնելիս դրսևորել անկողմնակալություն, զերծ մնալ խոսքով կամ վարքով կողմնակալություն ցուցաբերելուց, խտրականություն դրսևորելուց, ինչպես նաև նման տպավորություն ստեղծելուց,

Դատավորի վարքագծի կանոնների 1-ին կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է դրսևորել վարքագծի բարձր չափանիշներ` ապահովելով դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը: Արդարադատություն իրականացնելիս դատավորը պարտավոր է ղեկավարվել ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ դատական օրենսգրքով, այլ իրավական ակտերով, ինչպես նաև սույն վարքագծի կանոններով:

Դատավորի վարքագծի կանոնների 2-րդ կանոնի համաձայն` դատավորը պարտավոր է իր վարքագծով ամրապնդել կողմերի, իրավաբանական հանրության և հասարակության հավատը դատավարության, դատավորի և դատարանի անկախության, անկողմնակալության և արդարության հանդեպ: Արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլև լինի տեսանելի, համոզիչ և ընկալվի որպես արդարության հաստատում:

Նշված իրավական նորմերի վերլուծությունից և համադրումից հետևում է, որ անձի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը բացարձակ իրավունք է և որևէ կերպ սահմանափակման ենթակա չէ: Օրենսդիրը երաշխավորել է յուրաքանչյուրի՝ իր իրավունքների դատական պաշտպանության իրավունքի իրացումն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով:

Տվյալ դեպքում, դատավոր Տ.Գրիգորյանը մեկուսացնելով տուժող Մ.Խաչատրյանին՝ արգելել է նրան հաղորդակցվել և խորհրդակցել իր ներկայացուցիչների հետ, քննարկել գործի փաստական հանգամանքները, ինչով ուղղակիորեն խախտել է օրենքի պահանջը և զրկել է տուժողին իրավաբանական օգնություն ստանալու իր իրավունքից:

Հանձնարարելով դատական կարգադրիչներին մեկուսացնել տուժողին՝ դատավոր Տ.Գրիգորյանն, ըստ էության, ոչ միայն առհասարակ արգելել է տուժողի և նրա ներկայացուցիչների միջև շփումը և իրավաբանական օգնության տրամադրումը՝ վերջինիս դնելով անօգնական վիճակի մեջ և իմաստազրկելով դատական ներկայացուցչության ինստիտուտն, այլև անհիմն կերպով սահմանափակել է նաև տուժողի ազատ տեղաշարժվելու իրավունքը՝ այսպիսով` նվաստացնելով նրա մարդկային արժանապատվությունը և կոպտորեն ոտնահարելով տուժողի իրավունքները: Անգամ ծայրաստիճան վատ ինքնազգացողություն ունենալու պայմաններում տուժողը հարկադրված գտնվել է դատական կարգադրիչի հսկողության տակ և հնարավորություն չի ունեցել շփվել որևէ մեկի հետ, միջոցներ ձեռնարկել իր առողջական վիճակի բարելավման համար:

Դատավոր Տ.Գրիգորյանը դրսևորել է նաև դատավորին ոչ հարիր գործելաոճ, երբ անտեսել է տուժողի ծանր հոգեբանական վիճակը և ինքնազգացողության կտրուկ վատթարացումը և ընդգծված հեգնական վերաբերմունք ցուցաբերելով, ստիպել է նրան պատասխանել հարցադրումներին՝ հրաժարվելով հետաձգել դատական նիստը՝ այն պատճառաբանությամբ, թե բավարար տվյալներ և փաստաթղթեր չեն ներկայացվել տուժողի մասնակցության անհնարինության վերաբերյալ:

Այնուհետև, դատարանը որոշել է տուժողին տուգանել, երբ տեղեկացել է, որ բժշկին այցելելու նպատակով դատական նիստի ընդմիջման ժամանակ տուժողը ստիպված է եղել հեռանալ դատարանից:

Ավելին, հնարավորություն չտալով ինձ ողջամիտ ժամկետում ծանոթանալ քրեական գործի նյութերին (դատարանը միայն 30 րոպե է տրամադրել 124 թերթից բաղկացած քրեական գործին ծանոթանալու համար, այն դեպքում, երբ նման ծավալի փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրության համար պետք է հատկացվեր առնվազն 2 ժամ )՝ ակնհայտ է, որ դատավոր Տ.Գրիգորյանը նպատակ է ունեցել խոչընդոտելու իմ մասնակցությունը սույն գործի քննությանը և ներկայացուցչի իրավունքների իրականացմանը՝ այսպիսով` զրկելով նաև տուժողին իր դատավարական իրավունքների արդյունավետ իրացման հնարավորությունից: Նշվածը հավաստվում է նրանով, որ ըստ դատարանի՝ միայն մեկ ներկայացուցչի՝ Լ.Մկրտչյանի կողմից գործի նյութերին ծանոթ լինելու հանգամանքն արդեն իսկ բավարար է գործի նյութերին ծանոթանալու համար ինձ ողջամիտ ժամկետ չտրամադրելու, նյութերին ծանոթանալու իրավունքից զրկելու և գործի քննությունը շարունակելու համար:

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ ընտանեկան բռնության գործերով պետություններն ունեն պոզիտիվ պարտականություն պատշաճ քննություն իրականացնելու և որ պետք է ստեղծվի և արդյունավետորեն կիրառվի մի այնպիսի համակարգ, որով կպատժվեն ընտանեկան բռնության բոլոր դրսևորումները և բավարար երաշխիքներ կտրամադրվեն դրանցից տուժող անձանց:  (Բեվաքուան և Ս-ն ընդդեմ Բուլղարիայի գործով 2008թ. հունիսի 12-ի վճիռ, Օփուզն ընդդեմ Թուրքիայի գործով 2009թ. հունիսի 9-ի (Դիմում Հ-33401/02) վճիռ, Կոնտրովան ընդդեմ Սլովակիայի գործով (Դիմում Հ-7510/04) 2007թ. մայիսի 31-ի վճիռ):

Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (ԿԽՎԿ) (Կոնվենցիան ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 1993թ.-ից) 2-րդ հոդվածը սահմանում է, որ մասնակից պետությունները դատապարտում են կանանց նկատմամբ խտրականությունը` դրա բոլոր ձևերով հանդերձ, համաձայնվում են բոլոր համապատասխան եղանակներով անհետաձգելիորեն վարել կանանց նկատմամբ խտրականության վերացման քաղաքականություն և այդ նպատակով պարտավորվում են ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները՝ որևէ անձի կողմից կանանց նկատմամբ ցուցաբերվող խտրականությունը վերացնելու ուղղությամբ, ձեռնարկել համապատասխան միջոցներ, այդ թվում` օրենսդրական բնույթի, կանանց նկատմամբ խտրականություն պարունակող գործող օրենքները, որոշումները, սովորույթները և պրակտիկան փոփոխելու կամ վերացնելու համար:

Սույն քրեական գործի համատեքստում միանշանակ կարելի է փաստել, որ դատավոր Տ.Գրիգորյանի ոչ իրավաչափ գործողությունները՝ մասնավորապես, տուժողին իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից զրկելը և մեկուսացնելը, վերջինիս առողջական խնդիրների անտեսումը, տուժողի ցուցմունքները կանխակալ ոչ արժանահավատ գնահատելը և հեգնական բնույթի հարցադրումներ կատարելն ինքնին հանդիսանում են խտրական վերաբերմունքի դրսևորումներ և ընտանեկան բռնության ենթարկված անձին կրկնակի զոհականացնելու միտում են պարունակում:

Վերը շարադրվածն ուղղակիորեն խախտում է անկախ և անաչառ դատարանի կողմից արդարադատություն իրականացնելու, կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքները, խաթարում է դատական համակարգի նկատմամբ վստահության ձևավորումը:

Գտնում ենք, որ տվյալ դեպքում դատավոր Տ. Գրիգորյանը չի կարող հանդիսանալ սույն քրեական գործով անկախ և անկողմնակալ, արդարադատություն իրականացնող դատավոր:

Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտում ճանաչվի ծառայողական լիազորությունները կամ պաշտոնական դիրքը չարաշահելու արարքը, երբ դա կատարվել է դիտավորությամբ, այսինքն` պաշտոնատար անձի կողմից իր գործառույթները կատարելիս, ի խախտումն օրենսդրության, որևէ գործողություն կամ որևէ գործողություն չկատարելը` անձամբ իր համար կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար որևէ ոչ իրավաչափ առավելություն ստանալու նպատակով:

Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 8-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ձգտի իր ենթակառուցվածքային և իրավական համակարգերի շրջանակներում կիրառել վարքագծի կանոնագրքեր և ստանդարտներ պետական գործառույթների ճշգրիտ, բարեխիղճ և պատշաճ իրականացման համար։

Գտնում եմ, որ տվյալ դեպքում առկա է նաև կոռուպցիոն ռիսկ, նախագահող դատավորն ակնհայտորեն գիտակցել է, որ գործի նման դատավարական ընթացք սահմանելը, տուժողի իրավունքների անհիմն սահմանափակումը, նրան իրավաբանական օգնություն ստանալու իրավունքից կամայականորեն զրկելը տուժողին դատավարության մյուս կողմի համեմատ դնում է անհավասար վիճակում, խախտում է մրցակցային դատավարության պահանջը և արդարադատության իրականացումը տուժող կողմի համար դարձնում ձևական:

Վերոգրյալի հիման վրա՝ խնդրում եմ միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Տուժող Մարիամ Խաչատրյանի ներկայացուցիչ, փաստաբան Նոնա Գալստյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728