Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերին» դատարանում երկար ծափահարում էին. դատավորը համբերատար «հանդարտեցրեց» ներկաներին. (Տեսանյութ)

Փետրվար 21,2017 16:55

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր քննվեց Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներից Գագիկ Եղիազարյանի, Արամ Հակոբյանի եւ Վարդան Գերավետյանի՝ տեսակցությունների արգելքը վերացնելու բողոքը, որը ներկայացրեց նրանց շահերի պաշտպան, փաստաբան Դավիթ Գյուրջյանը:

Նախ, նիստը սկսվեց մոտ 40 րոպե ուշացմամբ, քանի որ կարգադրիչները ստուգում էին մեղադրյալների հարազատների անձնագրերը: Հարազատների մի մասը նիստը լսեց ոտքի վրա, քանի որ նստելու տեղ չկար: Որոշները բողոքեցին դատարանի պայմաններից:

Մեղադրյալների՝ նիստերի դահլիճ բերվելուն պես հարազատները վանկարկեցին՝ «Սասնա՜ ծռեր»: Տեւական ժամանակ ծափերը չէին դադարում, դատավոր Նիկողոսյանն էլ ստիպված եղավ հիշեցնել, որ պետք է հետեւել դատավարության կարգին:

Հարազատներից մեկը դատավորին ասաց, թե՝ «կարոտել ենք»: Նիկողոսյանն էլ նշեց՝ հասկանում է, որ կարոտել են, բայց չի կարելի խանգարել դատավարության ընթացքը:

Ապա փաստաբան Դավիթ Գյուրջյանը ներկայացրեց հիմքերը, ըստ որոնց՝ երեք մեղադրյալների հանդեպ յոթ ամիս տեսակցությունների իրավունքի շարունակական սահմանափակումն իրավաչափ չէ: «Նախաքննության յոթ ամիսների ընթացքում 51 հոգուց բաղկացած քննչական խումբն արդեն իսկ պետք է իրականացրած լիներ քննչական գործողությունները: Իսկ Գագիկ Եղիազարյանին առաջադրված մեղադրանքի մասով նախաքննությունն ավարտվել է, ինչն առավել հիմնազուրկ է դարձնում սահմանափակումը»,-նկատեց Դավիթ Գյուրջյանը:

Ըստ նրա՝ տեսակցությունների արգելքն իր պաշտպանյալների հանդեպ իրականում կիրառվում է որպես պատժամիջոց, ոչ թե նախաքննության արդյունավետությունն ապահովելու նպատակով: Այս խոսքի վրա հարազատներից մեկը փռշտաց, ինչին մյուսներն արձագանքեցին «էդքան էլ ճիշտ»-ով:

Քննիչը պաշտպանի բողոքն անհիմն որակեց, քանի որ ըստ նրա՝ տեսակցությունների արգելքի վերացումը կբարձրացնի ռիսկայնությունը, որը կխոչընդոտի քննությանը:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728