Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամ, բանակն էլ իմ թայն է, երկուսիս ծնունդն էլ ճոխ պիտի նշենք». Նշվեց զոհված Տիգրանի տարեդարձը (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 21,2017 16:40

Այսօր Շիրակի մարզի Հոռոմ գյուղի մշակույթի տանը գյուղի բնակիչների, բազմաթիվ զինվորականների ու պաշտոնյաների ներկայությամբ նշվեց Մարտակերտում 2016 թվականի ապրիլի 25-ի լույս 26-ի գիշերը ադրբեջանաղարաբաղյան սահմանին հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտման արդյունքում զոհված սպա Տիգրան Պողոսյանի ծննդյան օրը։ Նա այսօր կդառնար 25 տարեկան։

Տիգրան Պողոսյանի հայրը՝ Մխիթար Պողոսյանը պատմեց, որ մեծ դժվարությամբ է ստեղծել իր տունուտեղն, անընդհատ արտագնա աշխատանքի է գնացել ու կտրականապես դեմ է եղել, որ իր զավակներն էլ շարունակեն իր ուղին։

«Երբ Տիգրանը որոշեց գնալ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ես դեմ չկանգնեցի, որովհետև մտածում էի՝ իր երկու տղաներին էլ պետական աշխատանք է պետք, պիտի կրթվեն։ Ինքը մեծ սիրով էր ծառայում հայրենիքին, անչափ նվիրված էր իր գործին: Այնքան էր սիրում Արցախը, երկու տարի է՝ ինչ Մարտակերտում էր, տուն էր վարձել, ասում էր՝ պապ, էս տունը ամենալավն է, կուզենայի հենց Արցախում տուն գնել, էս տունը վաճառեին, ես գնեի։ Սիրում էր Արցախի չքնաղ բնությունը։ Սիրած աղջիկ ուներ, տղաս յուրահատուկ մի աղջկա է սիրում, մինչև օրս նա մեր հետ կապ է պահպանում (ի դեպ, այսօր Տիգրանի սիրած աղջիկն իր ընտանիքի անդամներով նույնպես եկել էր մասնակցելու նրա ծննդյան տոնին նվիրված միջոցառմանը ԱՆ)։ Մտադրվել էինք հոկտեմբերին՝ իմ ծննդյան օրը Տիգրանիս նշանելու, բայց տեսա՞ք, տեսա՞ք Տիգրանն ինչ արեց», -մղկտում էր հայրը։

Նա ասաց, որ Տիգրանը չափից ավելի գաղտնապահ էր, իրենք չեն էլ պատկերացրել, թե որդին որտեղ է աշխատում։ «Վերջին անգամ խոսել եմ հետը ապրիլի 24-ին, հարցրեցինք՝ ի՞նչ կա- չկա, բալես, ո՞նց է իրավիճակը, ասաց՝ շատ լավ է, պապ ջան։ Ինքը էնքան գաղտնապահ էր, որ երբեք չէիր իմանա՝ ինչ իրավիճակ է սահմանին, ինքը որտեղ է ծառայում, ինչ դժվարություններ է տանում։ Ինքը երբեք չէր ասի պատերազմ է, մինչև վերջ չենք իմացել, թե որտեղ է ծառայում։ Գիտեինք Տիգրանը երկրորդ գծի ծառայող է, հանգիստ է իր աշխատանքը, չենք իմացել, որ միշտ առաջնագծում է։ Երբ ասեիր՝ Տիգրան ջան, ո՞նց ես, կպատասխաներ՝ շատ լավ եմ պապ ջան, ոչ մի բան չկա, բայց տեսաք ինչ արեց գլխներս։ Շատ բարի էր, բայց չափից ավելի խստապահանջ էր, դուխով։ Մի ամիս մարտնչել է Տիգրանս ու ոչ մի զոհ չի տվել», -ասում էր հայրը։

Տիգրանի զոհվելուց հետո պատմել են, թե ինչպես է դեպքի օրը թշնամին ամբողջ գիշեր կրակել, այնպիսի տպավորություն է եղել, թե լուսնյակ գիշեր է։ «Տիգրանիս զինվորներն են պատմում, որ Տիգրանն այդ օրը ներսն է եղել, կրակոցների ձայն է լսել, ելել է, վազել է, նայել է դիրքերը։ Ասել է գնամ, տեսնեմ, թե թուրքերը հո երկրորդ գիծ չեն մտնում, էդ ժամանակ էլ խփել են իրեն, ընկել է շպալների վրա, փաթաթվել է կողքի զինվորին, որը վիրավոր ընկած է եղել։ Զինվորը շուտ էր վիրավորվել, բայց ծառայում էր։ Տիգրանս երկու անգամ կարողացել է դիվերսիոն ներթափանցման փորձ կանխել, բազմաթիվ պարգևների է արժանացել։ Չեմ ընդունում, որ Տիգրանս չկա, հիմա որ ծնունդն եմ նշում, թեթևանում եմ, միշտ ուզել եմ իմ երեխաների համար մի լավ բան անեմ․․․ Ծնունդը մի անգամ Արցախում ենք նշել, ես անցած տարի այստեղ չէի, Ռուսաստանում էի, մայրը եղբոր ու հորեղբորս տղայի հետ առանց զգուշացնելու գիշերով գնացել են Արցախ, առավոտ շուտ հասել են Տիգրան մոտ, Տիգրանը շշմել է․․․Մի տարի էլ Նոր տարվան գնացինք ընտանիքով իր մոտ, մնացինք, վիճակը, որ տեսա, ահավոր էր, երկու օր մնաց մեզ հետ, երկու օր հետո նորից հանեցին դիքերը։ Նախանցած տարի էր, վիճակն էլի խառն էր, ինքը դիրքերից պատկերացրեք չէր իջնում»։

Մեր զրույցի ընթացքում Տիգրանի մայրը՝ տիկին Սիլվան ներս մտավ մեծ ծաղկեփունջը գրկած, այն դրեց Տիգրանի լուսանկարների դիմաց։ Նրանց տանն ամենուր Տիգրանի լուսանկարներն են, նրա սիրած իրերը, նրա համազգեստը կախված էր իր սենյակում։

Մայրը պատմեց, որ Տիգրանը պատրաստվում էր ճոխությամբ նշել իր 25-ամյակը։ «Ասեց՝ մամ, մեր Հայոց բանակն էլ իմ թայն է, մեր բանակն էլ արդեն տղամարդ է դառնում, պիտի ճոխ նշենք իմ ու բանակի տարեդարձը»։

Ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մարտիկյանը արցախյան պատերազմի հերոսներին նվիրված «Ապրելու բանաձև» գրքի 10-րդ հատորում մի հետաքրքիր դրվագ է մեջբերել Տիգրանի ու մոր զրույցից։ «Տիգրանը շատ էր սիրում իր անունը ու սիրում էր հաճախ կրկնել, որ ինքը Տիգրան Մեծն է։ «Կարո՞ղ է մեր հողերն էլ հետ բերես»,- մի օր հարցրել է մայրը, ու Տիգրանը պատասխանել է՝ գոնե եղածը կպաշտպանեմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728