Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂՀ սահմանադրական հանրաքվեն կոնկրետ անձի վերարտադրության խնդիր է լուծում». Հայկ Խանումյան

Փետրվար 21,2017 16:25

Նախնական՝ 87 տոկոս «կողմ» և 9.7 տոկոս «դեմ» արդյունքներով ԼՂՀ սահմանադրական հանրաքվեի ընթացքում ցնցող ընտրախախտումներ չեն գրանցվել:

«Մեդիա կենտրոնում» այս թեմայով հրավիրված քննարկմանը ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, ՀՅԴ անդամ Դավիթ Իշխանյանը կասկածելի համարեց այն, որ որոշ ընտրատեղամասերում չափից ավելի ակտիվություն է գրանցվել. «Կան համայնքներ, որտեղ 97-98 տոկոս մասնակցության չափանիշ է արտացոլվել: Այդպիսի ակտիվություն անգամ 2015-ի վերջին կայացած համապետական խորհրդարանական ընտրություններին չի եղել: Իսկ մենք գիտենք, որ խորհրդարանական ընտրություններն ամենաակտիվ մասնակցությունն են ապահովում: Համենայնդեպս, հանրաքվեի ընթացքում նման ակտիվությունը Ասկերանում, Քաշաթաղում կասկածների տեղիք է տալիս»:

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Պապյանը համեմատեց ՀՀ-ում և ԼՂՀ-ում իրականացված սահմանադրական փոփոխությունների դրդապատճառները. «ՀՀ-ում նոր Սահմանադրությունն ընդունվեց այն նպատակով ու պատճառաբանությամբ, որ խորհրդարանական կառավարման համակարգը կարող է ավելի ճիշտ կառավարում ապահովել: ԼՂՀ-ում լրիվ հակառակն ենք տեսնում: Երկու միավորումներում էլ չկա հասարակության ներսում բանավեճ: ԼՂՀ-ն, ի տարբերություն ՀՀ-ի, քանի որ չճանաչված երկիր է և ինձ համար Հայաստանի մաս, պետք է ավելի շատ ժողովրդավար լինի: Միակ առավելությունը դա է, որը մենք կարող ենք աշխարհին ցույց տալ: Վստահ եմ, որ էական խախտումներ չեն եղել Արցախում, բայց սա ինձ համար դեռ դրական չէ: Խորհրդային միությունում էլ խախտումներ չկային, ժողովուրդն իր ոտքով գնում, բայց քվեով էր քվեարկում, այնպես, ինչպես ուզում էր իշխանությունը: Սա ցույց է տալիս, որ հետընթաց ունենք»:

Քաղաքագետ Միքայել Զոլյանի համար Հայաստանում տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններն ավելի անհանգստացնող էին, քան Արցախում անցկացվածը. «Արցախում կան մեխանիզմներ, որ եթե վտանգ լինի, հնարավոր լինի համախմբվել, ու այդ խնդիրները վեր հանել, ինչը չկա Հայաստանում»: Միքայել Զոլյանը ցավով նշեց, որ ժողովրդավարական սկզբունքների նահանջի վտանգ է տեսնում:

«Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար, ԼՂ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանը վստահ է, որ ԼՂՀ սահմանադրական հանրաքվեն մեկ անձի վերարտադրության խնդիր է լուծում. «Սրանք ոչ թե նեղ խմբի, այլ կոնկրետ անձի վերարտադրությանն ուղղված փոփոխություններ են: Իսկ սա նշանակում է քաղաքական համակարգի ոչնչացում: Նշանակում է Արցախը մի քանի տասնամյակ հետ գցել, և սերունդների պայքար է լինելու, որ այդ ճահճից Արցախը հանեն»:

Արա Պապյանն էլ մտահոգություն ունի, որ թե՛ ԼՂՀ-ի, թե՛ Հայաստանի դեպքում երկու կառավարման համակարգերն էլ անձակենտրոն են, ինչը նշանակում է վերադարձ բրեժնևիզմին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728