Կառավարությունը որոշել է պաշտպանության նախարարության, ԱԱԾ-ի, ԱԻՆ-ի հաշվին խնայողություններ անել` կրճատելով խաղաղ ժամանակ այս հիմնարկներին հատկացվող ծխախոտն ու լուցկին: Այս մասին տեղեկանում ենք կառավարության հինգշաբթի օրվա նիստի օրակարգից:
Ըստ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի` կառավարություն ներկայացրած նախագծի, խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաեւ լուցկու հատկացումը: Այս որոշումը նախարարը պատճառաբանում է առողջ ապրելակերպի, Ծխախոտի դեմ պայքարի պահանջներով:
«Միաժամանակ հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծխելու դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումները, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարությունում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում, որոնց գլխավոր առարկան զինծառայողների առողջության պահպանումն է»,-նշում է Վիգեն Սարգսյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ