«Զարուհի Փոստանջյանը կարող է հավակներ ցուցակը գլխավորելու, բայց նա ի սկզբանե մերժում էր դաշինքը: Այնպես որ, միանշանակ չի եղել, որ հենց Սեյրան Օհանյանն է գլխավորելու ցուցակը»,- այսօր «Հայացք» ակումբում տեղեկացրեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, որ շատերը, այդ թվում՝ «Համախմբում» կուսակցությունից, դեմ էին, որ Օհանյանը գլխավորեր դաշինքը, ինչո՞ւ հենց նա դարձավ առաջատարը:
Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ «Սեյրան Օհանյանը սխալներ ունեցել է, ես իրեն չեմ սրբացնում», բայց նրա վաստակը բոլորն են գնահատում: Նույնիսկ սպիտակ ագռավ էր համարվում իշխանության մեջ. «Կա համեմատության խնդիր, նայում ենք, թե դրականը պարոն Օհանյանի մոտ որքան է, բացասականը որքան է, տեսնում ենք, որ դրականը շատ մեծ է»:
Հարցին՝ մամուլը հրապարակում է, որ «Ժառանգության» անդամները բողոքում են, գնացել են ԿԸՀ եւ ասել, որ երկու տարի է՝ համագումար չեք անցկացրել, այն վարչությունը, որը հավաքվել է հիմա, օրենքից դուրս է, ինչպե՞ս կմեկնաբանեք, անօրինակա՞ն եք գործում՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Անստորագիր նամակ կա՝ անդամներ եւ համակիրներ ձեւակերպմամբ, որը շատ հանգիստ կարող է ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի համակիրների նամակը լինել, ստորագրություն չկա: Կուսակցության ստորաբաժանումները շատ ակտիվ հիմա աշխատում են, որեւէ խնդիր չկա»:
Պարոն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ կանոնադրության խախտում չի եղել, որովհետեւ 3 տարին չի լրացել, «Խորհրդի նոր անդամներ են ընտրվել, խորհուրդն ամբողջությամբ նոր է, իսկ որոշումը կայացրել է խորհուրդը, ոչ թե վարչությունը, վարչությունը վերջին շտրիխն է արել: Չմոռանանք, որ մենք ֆորսմաժորներով շարժվեցինք անցյալ տարի, նույնիսկ հրապարակային ասել եմ մի քանի անգամ, որ ուզում ենք համագումար անցկացնել, բայց մայիսի վերջին ուզում էինք, հունիսի սկիզբ՝ ապրիլյան պատերազմը եղավ, հետո «Սասնա ծռերը», ձերբակալումներ, հետո պարոն Հովհաննիսյանը որոշ խնդիրների պատճառով ԱՄՆ-ում էր, նորից հետաձգվեց, բայց, իհարկե, օրինական է, խնդիր չկա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ