Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ռոբերտ Մլքեյան) աշնանը հյուրախաղեր կունենա ԱՄՆ-ում, դրանք պետք է գարնանը կայանային, սակայն հետաձգվել են:
Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց երգչախմբի տնօրեն Արմեն Արաբյանը. «Համերգները պետք է մարտին կայանային, սակայն «շարքային» համերգներից բացի, նախատեսված էր մեր համերգը՝ բարեգործական կենտրոնի բացման առիթով, որի հովանավորը, ինչպես նաեւ մեր տեւական հովանավորը Վաչե Մանուկյանն է: Դրա համար էլ որոշեցինք հետաձգել մեր հյուրախաղերը, մինչեւ պարոն Մանուկյանը եւս ներկա գտնվի: Վաչե Մանուկյանը ցանկություն ուներ, որ մենք անպայման մասնակցենք Փասադենայում ՀԲԸՄ կրթական կենտրոնի բացմանը: Ներկա է լինելու նաեւ Վեհափառը: Դրա համար էլ որոշեցինք աշնանը տեղափոխել մեր համերգները»:
Արմեն Արաբյանը նշեց, որ համերգները կամերային երգչախմբի նախատեսված են Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում եւ Օրանժ Քաունթիում: «Որոշել էինք Սան Ֆրանցիսկոյում էլ համերգ ունենալ, բայց քանի որ 2018-ի ապրիլին հեղինակավոր համաշխարհային մի կազմակերպությունից համերգի հրավեր ունենք, դրա համար Սան Ֆրանցիսկոն չենք ուզում միացնել այդ շրջագայությանը:
Ինչ վերաբերում է ծրագրին, հրավիրողներն ավելի շատ հակված են ազգային, Կոմիտաս, հոգեւոր եւ ժամանակակից հայկական երաժշտություն ունկնդրելու, բայց մենք անպայման կկատարենք նաեւ համաշխարհային ծրագիր, քանի որ մենք շատ մեծ հեղինակություն ունենք միջազգային ասպարեզում`հայտնի ստեղծագործությունների կատարմամբ: Ապացույցն այն է, որ այսօր մեր կատարմամբ հնչող Վիվալդիի «Գլորիայի» յութուբյան տեսահոլովակն արդեն 6,5 մլն դիտում ունի, սակայն, ցավոք սրտի, ոչ ոք չի խոսում սրա մասին: Փոխարենը, եթե որեւէ էստրադային աստղիկ 3 րոպեանոց երգով որեւէ տեղ շահեր, հիմա թմբկահարել էին բոլոր տեղերում: Այսօր նման ցուցանիշ ոչ մի դասական երաժշտության կատարում չունի, սա «Գինեսի» գրքի ցուցանիշ է»,-շեշտեց Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրենը:
Կարդացեք նաև
Նրանից հետաքրքրվեցինք նաեւ առաջիկայում Երեւանում կայանալիք տոնական համերգով: Պարոն Արաբյանն ասաց, որ ԱՄՆ-ում ներկայացվելիք ծրագրի հիմնական մասը կկատարեն մարտի 10-ին կայանալիք տոնական համերգին՝ Կամերային երաժշտության տանը: Հավելեց, որ հետաքրքիր ծրագիր է լինելու՝ հայկական ժողովրդական երգերի մշակումներ՝ ջազային ռիթմերի տակ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ chambermusiccenter.am կայքից