ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեցին փետրվարի 20-ին Արցախում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ իրենց գնահատականը:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ցույց տվեց, որ Արցախի ժողովուրդը միասնական է, իսկ նրանց կամքը՝ կառուցել ժողովրդավարական պետություն անքակտելի է. «Արցախը անշեղորեն ընթանում է ժողովրդավարական պետություն կառուցելու ճանապարհով: Ապրիլյան իրադարձություններից հետո սա Արցախում տեղի ունեցած առաջին համապետական միջոցառումն էր, եւ Արցախի հանրությունը միասնաբար ցույց տվեց, որ անկախ ցանկացած ավանտյուրայից ինքը անշեղորեն գնալու է ազատ եւ անկախ պետություն կառուցելու իր ճանապարհով: Այս միասնությունը ուներ հստակ հասցեատեր: Հանրաքվեն կարող է օրինակելի լինել տարածաշրջանի բոլոր երկրների համար: Այս հանրաքվեն եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի միջազգայնորեն ճանաչումը ժամանակի խնդիր է»:
Էդուարդ Շարմազանովը կարեւորում է միջազգային դիտորդների առկայությունը. «Դա ապացուցում է, որ Ադրբեջանի ղեկավարների եւ նրա դաշնակիցների, որոնք նաեւ մեզ հետ են իբրեւ թե դաշնակից տարբեր կառույցներում, գործողությունները հօդս են ցնդում: Ինչքան սեւ ցուցակներ են ավելացնում, այնքան մարդկանց եւ ազատ քաղաքացիների ձգտումը այցելել ազատ եւ անկախ Արցախ ավելանալու են, եւ այսօրվա հանրաքվեն դրա վառ ապացույցն է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ