Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքեր «Ժառանգությունը» կայացրել են, մնում են կուսակցության մեջ. Արմեն Մարտիրոսյանը՝ Փոստանջյանին

Փետրվար 21,2017 12:49

«Խորին հարգանքով եմ վերաբերվում իր այդ քայլին, որովհետեւ Զարուհի Փոստանջյանի հետ բավականին երկար՝ երեւի մեր կյանքի ամենալավագույն տարիները՝ մի ամբողջ տասնյակ իրար հետ ենք անցկացրել՝ միասնական պայքարի շրջանակներում: Իհարկե, իր դուրս գալը «Ժառանգությունից» ծափողջույններով չէ, որ կարելի է դիմավորել»,- Այսօր «Հայացք» ակումբում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, խոսելով Զարուհի Փոստանջյանի՝ «Ժառանգությունից» դուրս գալու հայտարարության մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց:

Նա ընդգծեց, որ համամիտ չէ Փոստանջյանի տեսակետի հետ. «Համամիտ չեմ, որ մենք մեր սկզբունքներից, ծրագրերից, գաղափարախոսությունից հեռացել ենք, դա հնարավոր չէ»:

Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ այն անձինք, որոնք կայացրել են «Ժառանգությունը», բոլոր այդ անձինք մնում են կուսակցության շարքերում, ովքեր հիմնադրել են, ծրագիրն են կազմել, գաղափարախոսությունն են ձեւավորել. «Մենք միայն բարին կարող ենք մաղթել Զարուհի Փոստանջյանին: Քաղաքական կյանքը, օրակարգը փոփոխական է: Եթե տիկին Փոստանջյանը դա է նպատակահարմար գտել, մեկնաբանելու կարիք չեմ տեսնում: Կյանք է, հնարավոր է մեր ճանապարհները էլի խաչաձեւեն, որովհետեւ մենք ապրում ենք մի երկրում, որտեղ կան քաղբանտարկյալներ, անարդարություն, պայքարի բազում դրվագներ կարող են լինել»:

Նա ասաց, որ որեւէ մեկը չէր պատկերացնում, որ Սեյրան Օհանյանը, Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը կարող են մի դաշինքում լինել, բայց գալիս է մի ժամանակ, որ անհավանական դաշինքներ են ստիպված լինում կազմել»:

Ըստ պարոն Մարտիրոսյանի, պետք չի զարմանալ ՕՀՕ դաշինքը կազմելու համար. «Զարմանալի ոչինչ չկա: Հուշագրում արտացոլված են «Ժառանգության» իշխանափոխության մանիֆեստի դրույթները, մենք մեր ծրագրային դրույթներից բացարձակ շեղվելու ցանկություն չենք ունեցել»: Նա ասաց, որ երկրում արմատական բարեփոխումներ իրականացնելու իրենց ցանկությունը մնում է ուժի մեջ:

Մենք հետաքրքրվեցինք՝ շատերը «Ժառանգություն» ասելով՝ հասկանում են Զարուհի Փոստանջյան, նա նույնականացվում է «Ժառանգության» հետ, ասում եք, որ «Ժառանգությունը» կայացրածները դեռ կուսակցությունում են, ո՞ւմ նկատի ունեք, շատ է շահարկվում, ո՞վ է ի վերջո իրական «Ժառանգությունը»: Պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ժառանգությունը» այն կուսակցականն է, որն առանց ակնկալիքների ապահովել է, որ դուք ունենաք ձեզ հայտնի դեմքերը: Ապահովել է, որ այդ հայտնի դեմքերը լիազորություն ունենան, աշխատանքային գործունեություն: «Ժառանգությունը» լուռումունջ շարքային կուսակցականն է, հիմքը պարոն Հովհաննիսյանն է, որը չի հեռացել, որի արժեքային համակարգն ընդունելով՝ եկել են մնացածը: Մինչեւ 2007-ը որեւէ մեկդ ինձ չէիք ճանաչում, որովհետեւ ես պատգամավոր չէի, իմ կուսակցական գործունեությանը տեղյակ չէիք, չգիտեիք, որ կուսակցության հիմնադիրները ինձ որոշակիորեն համարում են անձ, ով ունի կարողություններ՝ պատգամավոր լինելու: Շատերը քաղաքական դաշտում, փորձագիտական դաշտում Րաֆֆի Հովհաննիսյանին հարցնում էին՝ ով է Արմեն Մարտիրոսյանը: Ակնհայտ է, որ թիմը, որը կար, իմ մեջ տեսավ այդ կարողությունները եւ ինձ հնարավորություն տվեց: Ես Րաֆֆի Հովհաննիսյանի վստահության եւ իմ քաղաքական թիմի աջակցության, նաեւ իմ անհատական որոշ որակների համամասնության շնորհիվ է, որ դարձա պատգամավոր»:

Նա ասաց՝ այն, որ իմ գործընկերները հայտնի են դարձել, լավ է, բայց չմոռանանք պարոն Հովհաննիսյանի վստահության քվեն:

Հետո պարոն Մարտիրոսյանը նախկին ժառանգականներին հիշեցրեց՝ «Մենք իրար հետ հաց ենք կիսել, իսկ այդ հացը չի կարելի ուրանալ»: Մեր հարցին՝ այսինքն, համաձայն չե՞ք, որ «Ժառանգությունը» մնացել է անժառանգ՝ պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728