Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. ՀՀԿ-ն 60 տոկոս «կխփի»

Փետրվար 21,2017 12:28

Քաղաքագետ, «Գլոբալիզացիա եւ տարածաշրջանային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները երեք սցենարով կարող են զարգանալ:

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում քաղաքագետը ներկայացրեց իր դիտարկումները: Առաջինն իշխանության «գծած սցենարն» է, որով, ըստ բանախոսի, Ընտրական օրենսգիրքն արդեն կանխորոշում է ընտրական համակարգը եւ ընտրությունների արդյունքները: Նա նկատի ունի ռեյտինգային համակարգի կիրառումը, որը ոչ այլ ինչ է, քան ուժեղացված մեծամասնական համակարգ:

«Այն, որ յուրաքանչյուր կուսակցություն ռեյտինգային ընտրակարգով 15 թեկնածու է ունենալու, դա բերելու է նրան, որ փողի, վարչական ռեսուրսի գործոնն այս ընտրություններում բավական որոշիչ է լինելու: Այսինքն, այն քաղաքական ուժերը, որոնք ունենա այդ հնարավորությունները`ավելի շատ տոկոսներ կհավաքեն»,- ասաց քաղաքագետը`ըստ այդմ ներկայացնելով իր հաշվարկը`ՀՀԿ-ն կհավաքի 60 ձայն, ԲՀԿ-ն 15 տոկոս, «Հայկական վերածնունդը» եւ ՀՅԴ-ն էլ իրական հնարավորություն ունեն անցնելու խորհրդարան`հաղթահարելով հինգ տոկոսի շեմը: Քաղաքագետը համամիտ է`վերջիններիս հնարավորությունները ավելի համեստ են, բայց, կարծում է, որ նրանք զարգացած կուսակցական բջիջներ ունեն, ինչը թույլ կտա ՀՎԿ-ին եւ ՀՅԴ-ին`հաղթահարել հինգ տոկոսանոց շեմը:

Ըստ այս տեսության`ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՎԿ-ն եւ ՀՅԴ-ն միասին կտանեն ընտրողների ձայների 85 տոկոսը: Aravot.am-ի հարցին ի պատասխան, բանախոսն ասաց, որ ՀՀԿ-ն դժվար թե կոալիցիայի գնա, «գինը շատ մեծ կլինի»:

Ընդդիմադիր դաշինքները`«Ազատ դեմոկրատներ», ՀԱԿ-ՀԺԿ, ԵԼՔ, ՕՐՕ, Ստեփան Գրիգորյանի վրա, ընդհանուր առմամբ, լավ տպավորություն են թողնում: Իր տպավորությամբ էլ ընդդիմադիր են: Բայց իրենք կգնան այս սցենարի ճանապարհով` դասական քարոզարշավ տանեն`«մարդկանց երկար-բարակ պատմեն խելոք ծրագրերի մասին, արանքում մի քիչ էլ իշխանությանը քննադատեն», ձայների մնացած 15 տոկոսը 4-ից 1-ը կարող է հավաքել ու հաղթահարել 7 տոկոսի շեմը: Ի դեպ, քաղաքագետը կարծում է, որ ոչ պակաս խելոք ծրագիր է ներկայացնում նաեւ իշխանությունը:

Այս ամենը, ի դեպ, կապ չունի կուսակցությունների եւ դաշինքների որակի հետ: Իսկ ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, ԸՕ-ում բավական բարդ համակարգ է ներդրված, միտումնավոր խճճված, որպեսզի մարդիկ մինչեւ վերջ չկարողանան գլուխ հանել ընտրական գործընթացից:

Ստեփան Գրիգորյանի կարծիքով կարող է երկրորդ սցենարը զարգանալ, եթե ընդդիմադիր ուժերը սկսեն քաղաքական պայքար եւ բողոքի ակցիաներ`մի քանի հարցերի հետ կապված`քաղբանտարկյալների առկայություն, գազի եւ էլեկտրաէներգիայի գին հարցերով եւ այլն: Քաղաքագետը կարծում է, որ այդ դեպքում հասարակությունը կհամախմբվի ընդդիմության շուրջ, դուրս կգա պայքարի եւ իրավիճակը կարող է փոխվել:

Մանրամասները քիչ ուշ`տեսանյութում

Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս կարող են նախկին իշխանավորներ Սեյրան Օհանյանը եւ Վարդան Օսկանյանը խոսել քաղբանտարկյալների առկայության մասին, երբ իրենց իսկ իշխանավարման տարիներին Հայաստանում եղել են քաղաքական հայացքների համար բանտերում գտնվող մարդիկ եւ Օսկանյանն ու Օհանյանը հերքել են դա, քաղաքագետը պատասխանեց, որ թե մարդիկ մտել են ընդդիմադիր դաշտ, պետք է հասկանան`այստեղ այլ տրամաբանությամբ պետք է աշխատեն. «Այսօր նրանք պետք է ցույց տան, որ պատրաստ են գնալ մինչեւ վերջ, որ պատրաստ են գործողությունների, ոչ թե միայն գեղեցիկ ճառերով կսահմանափակվեն»: Քաղաքագետը կարծում է, որ եթե նրանք դուրս գան բողոքի ակցիաների`նրանց նկատմամբ հասարակության տրամադրությունները եւ վերաբերմունքը կփոխվի:

Երրորդ տարբերակը «ֆորս մաժորն» է, եթե Ադրբեջանը սկսի ռազմական գործողություններ իրականացնել սահմաններում: Դրա մասին քաղաքագետը գերադասում է չխոսել:

Անդրադառնալով ՀՀԿ-ի ցուցակին, որը քննադատվեց, Ստեփան Գրիգորյանն ասաց`առաջին տասնյակում իրոք ավելի երիտասարդ սերունդ է, այստեղ բացասական երևույթ ինքը չի տեսնում: Խնդիրն իր համոզմամբ այն է, որ պաշտպանության նախարարն է գլխավորում ցուցակը, այն պարագայում, երբ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է գործողություն սկսել սահմաններում: Այս իրավիճակում, ինքը չի ընկալում այն, որ պաշտպանության նախարարին կցել են ակտիվ քաղաքական գործընթացներին: Թեեւ նախագահը երեկ հավաստիացրեց` խնդիր չեն լինի համակարգում, բայց քաղաքագետը խնդիր տեսնում է. «Մենք պետք է հասկանանք, թե ո՞վ է մեր դեմ կանգնած»:

Նա լուրջ չի վերաբերվում այն թեզին, որ Վիգեն Սարգսյանին ՀՀԿ-ն «խաղի մեջ» մտցրեց`Սեյրան Օհանյանից ձայներ խլելու համար: Ստեփան Գրիգորյանը փաստում է`նրանց ազդեցության գոտիները` թե հասարակության մեջ, թե բանակում, տարբեր են: Վիգեն Սարգսյանն, այնուհանդերձ, քաղաքացիական անձ է, իսկ Սեյրան Օհանյանը` կռված գեներալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728