Ավարտվեց առաջադրումների փուլը, քաղաքական ուժերը ներկայացան իրենց ցուցակներով, որտեղ նշված մարդիկ հավակնում են կանխորոշելու երկրի ապագան առաջիկա հնգամյակում: Այո, շատ էլ թե նոր համակարգ է, նոր Սահմանադրություն, սակայն էսթետիկական առումով սովետական տոտալիտարիզմի ոգին, այնուամենայնիվ, գերիշխում է Հայաստանի քաղաքական դաշտում: Մեծ եւ կիսախավար դահլիճներ, մեծ եւ անճաշակ պաստառներ, առաջնորդը լույսերի ներքո, ճռճռան եւ անբովանդակ ճառեր, նույնպիսի անիմաստ ծափահարություններ…
Բայց ֆորմալ առումով՝ «փաստաթղթով», ամեն ինչ կարգին է. Հայաստանը գնում է նոր խորհրդարանի ձեւավորմանը, «բախվում են» կարծիքներ, առանց չակերտների՝ բախվում են ամբիցիաներ, անխուսափելիորեն հասցվում են հարվածներ, իսկ գաղափարախոսական վակուումի պայմաններում քաղաքական առաջնորդները փորձում են տպավորել հանրությանն իրենց մտքի գլուխկոնծիներով, պիրուետներով, կուլբիտներով եւ լեզվի ակրոբատիկայի այլ զարմանահրաշ հնարքներով:
«Մեզ մոտ «ավանդաբար» անձը շատ բան է որոշում»,- բազմանշանակ ասում են ներկայիս աննորմալ իրավիճակի շահառուները: Դե, իհարկե, եթե չլիներ անձի գործոնը, ապա ինչո՞վ կտարբերվեին, ասենք, «Հայկական Վերածնունդը» «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքից, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը՝ «Ծառուկյան» դաշինքից, իսկ այդ երեքն իրար հետ վերցրած՝ ՀՀԿ-ից: Չէ՞ որ բոլորը կողմ են այն ամենին, ինչը լավ է, եւ բնականաբար՝ դեմ են այն ամենին, ինչը վատ է: Ընդ որում, ոչ ոք ոչ ոքի ասածին առանձնապես չի էլ առարկում, այլ միայն ինքնամոռաց շարունակում է ասել եւ կասի իրենը մինչեւ ընտրությունների օրը: Իսկ թե ինչ է ասում՝ դա արդեն շատ քչերին է հետաքրքրում, քանզի բառերն են արժեզրկվել՝ զրկվել արժեքից:
Դա էլ է օրինաչափական: Բառերն արտահայտում են միտքը, նույնիսկ մտքի բացակայությունը: Առավել եւս՝ քաղաքականության մեջ: Արժեքները տրորելը հանդուրժող միտքը չի կարող չարտաբերել արժեզրկված բառեր:
Կարդացեք նաև
Դե, իսկ էլ ինչպե՞ս է լինում արժեք տրորելը: Լինում է, ասենք, երբ ուզում ես համոզել, այդ թվում նաեւ ինքդ քեզ, թե օլիգարխի անվան դաշինքում շարունակում ես մնալ ազատական եւ եվրոպական արժեքների ջատագով, իսկ այդ դաշինքի հաղթանակի դեպքում հենց այդ եվրոպական արժեքների վրա պետություն ես կառուցելու: Կամ տարիներով եվրոպական արժեհամակարգից խոսում ես, բայց հետո դաշնակցում ես մեկին, ով տարիներով անմռունչ ծառայել եւ հեզորեն սպասարկել է խաղաղ ցույցերը գնդակահարող իշխանությանը:
Իհարկե, անիմաստ զբաղմունք է վերացական բարոյականության վերաբերյալ դատողություններ անելը, երբ թվում է, թե «պրագմատիզմը» թելադրում է այլ մոտեցում: Սակայն պրագմատիզմը պետք է զրկել չակերտներից, եւ նույնիսկ եթե մոտենանք հարցին ամենապրագմատիկ՝ չոր հաշվապահական հաշվառման տեսակետից, ապա հաշվեկշռում առաջացած մինուսը որպես մեծ խարան գրեթե բոլոր քաղաքական ուժերի ճակատի վրայով է անցնում: Իսկ այդ մինուսն առաջացավ հենց այդ պրագմատիզմի բացակայության պատճառով:
Պրագմատիզմն, ինչպես ասում են, չէր էլ «գիշերել» այնտեղ, եւ այն ժամանակ, երբ Արցախը հանում էին բանակցությունների ձեւաչափից, երբ «բարակում էր» Իրանից եկող գազատարը, կամ գազի, բենզինի, երկաթուղու մենաշնորհները նվիրում էին ռուսներին՝ ռազմաբազայով հանդերձ, մի բան էլ վրայից վճարում՝ կոմունալ ծախսեր, «կրած վնասներ» եւ այդպես շարունակ, կամ երկիրը Լարսի հույսին թողնելով մտցնում «եվրասիական» ճամբարը՝ բացատրելով դա «անվտանգության նկատառումներով», որպեսզի կարճ ժամանակ անց ստանան քառօրյա պատերազմ:
Մյուս կողմից՝ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք բաց տեքստով են հայտարարում, որ Հայաստանում մտադիր են կառուցել եվրոպական տիպի պետություն, քանզի միայն այդպիսի պետությունն է ծառայում քաղաքացուն, այլ ոչ թե սնվում քաղաքացու հաշվին, իսկ դրա համար պետք է երկիրը դուրս բերվի ռուսական գերիշխանության ներքո ստեղծած «միություններից»: Բայց այնտեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ: Պարզվում է՝ եվրոպական տիպի պետությունը միայն «ներքին քաղաքականություն» է, եւ այն կապ չունի «եվրոպամետ» լինելու հետ, իսկ Հայաստանը դեռ պետք է մնա ռուսական այդ դաշինքներում, եւ այդ միտքը չի արժանանում առարկության՝ իմաստի եւ բովանդակության առումով:
Ուղղակի հետաքրքիր կլինի տեսնել այդ՝ «եվրոպական տիպի պետությունը» ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵՏՄ կազմում, որտեղ գործում են Պուտինի ընկերների ղեկավարած ընկերությունների մենաշնորհները, որոնց գրեթե բոլորի վրա տարածվում են միջազգային պատժամիջոցները, ՖՍԲ-ն «բույն է դրել» երկրի օդանավակայանում, բանակի մեկ հինգերորդը «համատեղ զորախմբի» կազմում է ռուսների հետ, եւ այդ ամենը՝ չկարգավորված հակամարտության պայմաններում:
… Սովետական Միությունում էլ չկար քաղաքականություն, այն մի խումբ մարդկանց մենաշնորհն էր, այն էլ՝ Մոսկվայում: Իսկ Հայաստանում, որտեղ կար նույնիսկ Արտաքին գործերի նախարարություն, քաղաքականություն չկար եւ պետք էլ չէր, կային միայն ապարատային ինտրիգներ, այն էլ միայն, երբ հասունանում էր առաջին քարտուղարին փոխելու ժամանակը: Այսօր Հայաստանն այդ իմաստով վերախորհրդայնացել է, եւ քաղաքական առումով տիրում է երաշտ: Այս վիճակի Հայաստանին պետք չէ՛ քաղաքականություն, եւ այստեղ չի՛ կարող լինել քաղաքականություն: Հայաստանում քաղաքականությունը կարող է սկսվել այն պահից, երբ հարց ես բարձրացնում. Ռուսաստանի հետ ինչպե՞ս ես պատկերացնում հարաբերությունների ընթացքը, եւ ի՞նչ ես անելու Ռուսաստանից հետո:
Միայն թե խնայեք բառերն, ի սեր Աստծո: Կոնֆուցիոսն էր ասել. երբ խոսքերը կորցնում են իմաստը, մարդիկ կորցնում են ազատությունը: Իսկ մեր ներքին ազատությունն այն միակ բանն է, որը հարյուր Պուտին էլ լինի՝ չի կարողանա մեզանից վերցնել, եթե մենք ինքներս մեզ չզրկենք դրանից:
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ
«Առավոտ»
21,02.2017