Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական Երեւանի թափանցիկ ակնարկները՝ Մոսկվային

Փետրվար 21,2017 11:33

«ԼՂ հակամարտությունը ինքնորոշման համար
ազգի պայքարի դասական դեպք է»

Համանախագահները կոչ են անում խստորեն հետեւել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերին

Մյունխենում անցյալ շաբաթ անվտանգության ամենամյա միջազգային համաժողովի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ոչ միայն առանձին հանդիպումներ ունեցան Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ, այլեւ կազմակերպեցին Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը:

Փետրվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Մյունխենում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Նալբանդյանը ուշադրություն հրավիրեց առ այն, որ հակառակ հանձնառությունների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բազմաթիվ պահանջների՝ Ադրբեջանը շարունակում է 1994-1995թթ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի խախտումները՝ դրանք զուգորդելով ռազմական ճանապարհով խնդիրը լուծելու սպառնալիքներով։ Ըստ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության` հանդիպմանը շեշտվել է Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը:
Այնուհետեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ եւ ներկայությամբ Մյունխենում կայացել է Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ԱԳ նախարարների միջեւ հետագա հանդիպումների, ինչպես նաեւ համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։ Նախատեսվում է, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն մարտին:

Կարելի է կանխատեսել, որ Մյունխենում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպմանը քննարկված հարցերը Մոսկվայում Նալբանդյանը կքննարկի ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հետ: Հայտնի է նաեւ, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այց կկատարի Ռուսաստան:

Մյունխենում կայացած Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը կարեւոր էր թեկուզ այն պատճառով, որ համանախագահներն այդ հանդիպումը ամփոփեցին համատեղ հայտարարությամբ, եւ դրանում հայկական կողմի համար դրական ձեւակերպումներ կային:

Համանախագահները վերահաստատել էին, որ հակամարտության խաղաղ լուծումը այլընտրանք չունի, եւ պատերազմը տարբերակ չէ, ու կոչ էին արել կողմերին զսպվածություն ցուցաբերել, բնակչությանը նախապատրաստել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի։ «Համանախագահները կողմերին կոչ արեցին խստորեն հետեւել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերին, որոնք իրենցից ներկայացնում են ռազմական գործողությունները դադարեցնելու հիմքեր։ Համանախագահները հիշեցրեցին 2011թ. Դովիլում իրենց նախագահների համատեղ հայտարարությունը՝ ընդգծելով, որ ուժի կիրառումը միայն ավելի շատ տառապանք եւ ավերածություն կբերի ու կդատապարտվի միջազգային հանրության կողմից։ Համանախագահները կողմերին ներկայացրեցին իրենց տեսակետը այն քայլերի շուրջ, որոնք պետք է կատարվեն 2016թ. Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ժամանակ ընդունված որոշումների իրականացման համար՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը»,- ասվում էր հայտարարության մեջ:

Միջնորդները հայտնում են, որ արտգործնախարարների հետ հանդիպմանը ընդգծել են ավելի մեծ ճկունություն ցուցաբերելու եւ երկարատեւ կարգավորման հասնելու համար համապարփակ բանակցությունները հնարավորինս շուտ վերսկսելու անհրաժեշտությունը: Համանախագահներն ընդունել են, որ Հայաստանի իշխանությունների կողմից վերջերս ադրբեջանցի զինծառայողի դին Ադրբեջանին վերադարձնելը մարդասիրական քայլ է։

Հանդիպումներ`
բարդ իրավիճակում

Համանախագահների հայտարարությունն այս փուլում, երբ ոչ ոք չի բացառում ապրիլյան ռազմական գործողությունների վերսկսումը, կարեւոր է, քանի որ նրանք շեշտել են 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերը, այսինքն` ռազմական գործողությունները դադարեցնելու հիմքերն են մատնացույց արել: Սա հայկական կողմի համար կարեւոր արձանագրում է, եւ պարզ է, որ ուղղված է պաշտոնական Բաքվին:
Մյուս կարեւոր արձանագրումն այն է, որ համանախագահները կողմերին են ներկայացրել իրենց տեսակետը այն քայլերի շուրջ, որոնք պետք է կատարվեն 2016թ. Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ընդունված որոշումների իրականացման համար: Այստեղ եւս պարզ է, որ խոսքը Ադրբեջանի իշխանությունների կողմից մերժված պահանջներին է վերաբերում: Դատելով համանախագահների համառությունից` նրանք հետ չեն կանգնում այդ պահանջների կատարումը շարունակաբար ընդգծելուց, թեեւ խուսափում են հասցեական քննադատությունից եւ չեն մատնանշում պահանջները մերժող ադրբեջանական կողմին:

Պետք է արձանագրել, որ համանախագահները բավական բարդ իրավիճակում են հանդիպումներ կազմակերպում, առհասարակ՝ դրանք մեծ դժվարությամբ են կազմակերպվում: Բաքվի ապակառուցողական կեցվածքը այդ բանակցությունների շարունակականությունն անհնարին է դարձրել: Սակայն մյուս կողմից՝ պարզ է, որ եթե հանդիպումներ չանցկացվեն, էապես մեծանալու է լարվածությունը սահմաններում:

Մոսկվայում Նալբանդյան-Լավրով հանդիպմանը, թերեւս, կքննարկվեն հետագա հնարավոր հանդիպումներն ու դրանց արդյունավետությունն ընդհանրապես: Մոսկվան հանդիպումներ կազմակերպելու կառավարումը իր ձեռքում է պահում, ինչը նշանակում է, որ առայժմ նա հակված կլինի կողմերին նստեցնել բանակցությունների սեղանին` իհարկե, իր «պլանի» շրջանակներում: Բայց` մինչեւ ե՞րբ…

Հիշեցնենք, որ հունվարին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպեց նախ Հայաստանի, ապա նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Մամեդյարով-Լավրով հանդիպումից հետո Մամեդյարովը հայտարարեց, թե այնքան էլ գոհ չէ Լավրովի հետ հանդիպումից։ Մինչդեռ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, թե բանակցությունները եղել են «ե՛ւ կառուցողական, ե՛ւ ներառել են կոնկրետ գաղափարներ՝ կարգավորման առաջընթաց ապահովելու ուղղությամբ»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարները ժամանակին խոստանում էին «Ստեփանակերտում թեյ խմել»

Անցյալ շաբաթ ԵԿՄ համագումարում Սերժ Սարգսյանը զգուշացրեց` «վառոդը միշտ չոր պահել»` նշելով, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների շրջանում Ադրբեջանը կարող է նոր սադրանքների դիմել, քանի որ ոմանք դեռ պատրանքներ ունեն, թե «իբր ընտրությունների վրա կենտրոնացած Հայաստանը» լինելու է շատ զբաղված, հետեւաբար եւ խոցելի: «Այդ սին պատրանքներից ելնելով՝ միգուցե Ադրբեջանը փորձի նոր սադրանքների դիմել: Ես իմ պարտքն եմ համարում համագումարի այս ամբիոնից հայտարարել, որ բոլոր հնարավոր սադրանքները արժանի հակահարված են ստանալու: Կոչ եմ անում ձեզ շարունակել վառոդը չոր պահել, քանի որ մեր պայքարը դեռ շարունակվում է»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով` Արցախի ապագան որոշողն Արցախի ժողովուրդն է. «Մենք բոլորս՝ ինչպես այստեղ ներկաները, այնպես էլ այս դահլիճից դուրս գտնվողները, սարի պես կանգնած ենք Արցախի մեր քույրերի եւ եղբայրների թիկունքին: Ձեզնից շատերը հիշում են, թե 90-ական թվականների սկզբներին, երբ շաբաթը մեկ Ադրբեջանում պաշտպանության նախարար էր փոխվում, նրանցից յուրաքանչյուրն իր պարտականությունն էր համարում ելույթ ունենալ եւ ասել, որ մեկ շաբաթ հետո, մի քանի օր հետո ինքը Ստեփանակերտում թեյ է խմելու: Բայց, ինչպես պատմությունը ցույց տվեց, ձեր եւ մեր ժողովրդի, այլ հերոս զավակների ջանքերով այնպես ստացվեց, որ նրանք ոչ միայն Ստեփանակերտում թեյ չխմեցին, այլեւ զրկվեցին Աղդամում, Ֆիզուլիում, Ջաբրայիլում, Կուբաթլիում, Քարվաճառում եւ այլ վայրերում թեյ խմելուց: Մենք, անկեղծ եմ ասում, Ադրբեջանին տառապանք չենք ցանկանում, սակայն եւ ոչ մեկին թույլ չենք տա տենչալ մեր ժողովրդի տառապանքը»:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Մյունխենի Երիտասարդ առաջնորդների ֆորումի մասնակիցների հետ հանդիպման ընթացքում օրերս նույնպես անդրադարձել է ԼՂ հակամարտությանը` նկատելով. «Մարդիկ հաճախ լսում են այս հակամարտության շուրջ իբրեւ թե որպես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարածքային վեճի մասին: Փաստացի այսպիսի պիտակավորումը ամբողջովին աղավաղում է հակամարտության էությունը: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինքնորոշման համար ազգի պայքարի դասական դեպք է, մի իրավունք, որին հստակորեն աջակցում են միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները եւ սատարում պրակտիկան ու պատմությունը: Առավել եւս հիմա, երբ ԼՂՀ-ն ապացուցել է ժողովրդավարական ինստիտուտների կառուցման իր կարողությունը եւ կայացրել է պետական կառավարման որոշումների ընդունման արդյունավետ համակարգ, այս պայքարը դառնում է ավելի հասկանալի՝ հաշվի առնելով մարդու իրավունքների եւ ժողովրդավարական ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում:

Ղարաբաղի ժողովուրդը հստակորեն ասում է, որ ինքը չունի կառավարման այդպիսի բռնապետական համակարգի մաս կազմելու մտադրություն: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որն այդ տարածքում իր հազարամյակների ապրելն ու արարելը դրոշմել է բազմաթիվ միջնադարյան եկեղեցիներում եւ վանքերում, տեղում գրված ձեռագրամատյաններում, իր քաղաքներում ու գյուղերում, հանդիպել է խորհրդային տարիների ազգային քաղաքականության անարդարությանը: Իոսիֆ Ստալինի միակողմանի եւ անօրինական որոշմամբ մարզը կցվել է Ադրբեջանին՝ միաժամանակ ստանալով խորհրդային Սահմանադրությամբ ամրապնդված ինքնավարության իրավունք՝ որպես իր գրեթե միաէթնիկ հայ բնակչության իրավունքների ճանաչում: Նույնը կատարվեց պատմական մեկ այլ հայկական նահանգ Նախիջեւանի հետ, որտեղ, սակայն, խորհրդային տարիները ադրբեջանցիներին թույլ տվեցին թվային գերակշռություն ստանալ հայ ազգաբնակչության նկատմամբ»:

Պաշտոնական Երեւանն, այսպիսով, Մոսկվայում Լավրովի հետ հանդիպումից առաջ, պատմական որոշ դրվագներ հիշեցնելով, թերեւս փորձեց հայկական կողմի դիրքերն էլ ավելի ամրացնել:

Ամփոփումը` վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

21,02.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728