Նախօրեին Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարարությունում հանդիպում է ունեցել զինված ուժերի բարձրագույն հրամկազմի ներկայացուցիչների հետ և խոսել սահմանադրական փոփոխությունների, խորհրդարանական կառավարման մոդելի և գերագույն գլխավոր հրամանատարի խնդրի մասին:
Մասնավորապես, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հիմք չունեն այն մտավախությունները, թե բացակայում է Գերագույն գլխավոր հրամանատարի ինստիտուտը, և կարող է ստեղծվել բանակի կառավարման, զինված ուժերի ռազմա-քաղաքական կառավարման քաոս: «Հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության և պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա Նախագահին՝ Գերագույն գլխավոր հրամանատարին: Նպատակը հետևյալն է. մեկ տեղում կենտրոնացնել պատասխանատվությունը և լիազորությունները: Եթե անհրաժեշտություն լինի մանրամասնել- թերևս, այս հարցը ձեզ շատ է հետաքրքրում- ես պատրաստ կլինեմ ավելի մանրամասն ներկայացնել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: Առաջին հայացքից, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի զինված ուժերը ստանան իրավիճակի կառավարելիության և կայունության մեսիջներ՝ հասկանալու համար, որ թիկունքում քաղաքական իրավիճակը կայուն է և հուսալի:
Մյուս կողմից, սակայն, ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխություններից մեկ տարի հետո բանակի բարձրագույն հրամկազմին վստահեցնում ու հավաստիացնում է, որ այդ փոփոխությունները ոչ միայն չեն սպառնում կառավարման քաոսով, այլև, ըստ էության, հակառակը՝ վարչապետի պաշտոնում կենտրոնացնում են առավել հուսալի կառավարման հնարավորություն, քան ներկայումս նախագահի լիազորության պարագայում:
Այս հանգամանքը փաստորեն վկայում է, որ Սերժ Սարգսյանը բանակից ստացել է ազդակներ, թե կա իշխանության ձևավորման հետ կապված սպասումների անորոշություն ու որոշակի անվստահություն, որն էլ ցրելու համար ԶՈՒ հրամկազմին ներկայացնում է այն, ինչը պետք է որ արված լիներ մինչև Սահմանադրությունն ընդունելը: Մյուս կողմից՝ գուցե արվել է, սակայն ներկայիս իրավիճակում առաջացել են հարցեր: Սա նաև զարմանալի չէ, քանի որ, անկասկած, բանակի համար էլ հարցերի հարցը 2018-ի ապրիլն է, դրանից հետո ստեղծվելիք վիճակը, հեռանկարը:
Մուսա Միքայելյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում