Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ գեղեցիկ ֆանտաստիկը». արտասովոր մարդիկ ամեն բան անում են հասարակ կյանքով ապրելու համար

Փետրվար 20,2017 22:44

Բրիտանական ֆիլմերի կինոփառատոնի շրջանակներում ցուցադրված երրորդ ֆիլմը «This beautiful fantastic» ֆիլմն է, որի անվանումը ռուսերեն ցուցադրության ժամանակ թարգմանվում է որպես «Фантастическая любовь и где ее найти», իսկ հայերենի ժամանակ՝ «Այդ ֆանտաստիկ սերը»:

Ե՛վ հայերեն, և՛ ռուսերեն տարբերակներն, անվանումը փոխելով, ֆիլմին տալիս են ավելի սիրային ու ռոմանտիկ բնույթ, ինչն այդքան էլ այդպես չէ: Ռուսերեն տարբերակը շփոթություն է առաջացնում վերջերս դուրս եկած մի ֆիլմի անվան հետ, իսկ հայերեն թարգմանությունը ստույգ չէ: Առաջարկում եմ հայերենի համար օգտագործել «Այս գեղեցիկ ֆանտաստիկան» տարբերակը… համենայն դեպս, սա ավելի ճիշտ է նկարագրում ֆիլմը քան նախորդ տարբերակները:

«Այս գեղեցիկ ֆանտաստիկան» ասելով, պետք չէ հասկանալ, որ ֆիլմը ֆանտաստիկ ժանրի է: Իհարկե, կա մի փոքր ֆանտաստիկա, բայց կինոնկարը հիմնականում հասարակ կյանքի, բնությունը պահպանելու ու մաքուր պահելու, ընկերության ու մի քիչ էլ սիրո մասին է:

Սովորաբար ֆիլմերում սովորական մարդկանց տարօրինակ իրավիճակների մեջ են դնում տեսնելու համար, թե ինչպես գլուխ կհանեն: Բայց այս ֆիլմում միանգամայն հակառակն է. արտասովոր մարդիկ ամեն բան անում են հասարակ կյանքով ապրելու համար:

Ֆիլմի դերասանական կազմը համալրում են BAFTA (Բրիտանական կինոյի և հեռուստատեսային արվեստի մրցանակաբաշխություն) մրցանակակիր Թոմ Ուիլկինսոնը, և Էնդրյու Սքոթը: Վերջինիս ֆիլմում տեսնելիս ավտոմատ կերպով սկսում ես մտքում Queen–ի «I Want To Break Free» երգը երգել կամ կողքիդ նստած անծանոթին հարցնել. «Կարոտե՞լ էիր ինձ»: Բայց սա այն դեպքում, եթե տեսել ես «Շերլոկ» բրիտանական հեռուստասերիալը, որտեղ Սքոթը խելառ չարագործ Մորիարտիին է մարմնավորում:

Գլխավոր հերոսների կերպարային աճն ակնհայտ է: Ալֆրեդը, որ սկզբում փնթփնթան ծերուկ է թվում, ցույց է տալիս իր լավ կողմերը, երբ Բելլային սկսում է իր դստեր պես ընդունել: Բելլան, որը ֆիլմի սկզբում վախենում է բնությունից ու խիստ կարգ ու կանոն է սիրում, սկսում է սիրել բնությունն ու ապրել առանց կանոնների:

Ընդհանուր առմամբ «Այս գեղեցիկ ֆանտաստիկան» իրեն հատուկ բրիտանական հումորով, հմուտ դերասաններով, որոնք չափազանց անկեղծ կերպով են կյանքի կոչում իրենց հերոսներին, զգացմունքային, երբեմն դրամատիկ ֆիլմ է, որի նկարահանման որակը և դրվագները բավականին հաջողված են: Ալֆրեդի այգու պատկերին հիասքանչ կերպով հակադրվում է Բելլայի այգին:

Կադրերի որակը նույնպես չի զիջում: Հիանալի պատկերներ են անձրևոտ կտորները, կամ Բելլայի դիմաց ծիածանի հայտնվելը:

Երաժշտությունը ֆիլմն ավելի արդյունավետ է դարձնում: Դրա վառ օրինակն է այն կադրը, երբ Բիլին Բելլային ցույց է տալիս այն մեխանիկական թռչունը, որ ստեղծել է: Բելլան դրան Լունա է անվանում ու դրանից ոգեշնչվելով էլ գրում է իր առաջին գիրքը, որն էլ հենց ֆիլմի անվանումն է կրում՝ «Այս գեղեցիկ ֆանտաստիկան»:

Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728