«Չիմանալը մեղք չէ, բայց սեփական չիմացությունը, որպես աքսիոմ ներկայացնելը լավ ապագա չի խոստանում սույն տնտեսագետի վրա հույս դրած քաղաքական ուժերին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով «Ազատ դեմոկրատների» ցուցակով առաջադրված տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի հայտարարություններին:
Վերջինս կարծում է, որ «Ծառուկյան» դաշինքի 15 առաջնահերթ կետերը պոպուլիզմ են եւ հայտարարում է, որ դա նշանակում է խաբել ընտրողին:
«Լինի տնտեսագետ, կոշկակար, թե որեւէ կուսակցության դռնապահ, եթե նա իրեն համարում է վերջին ճշմարտության աղանդի ներկայացուցիչ՝ կարծում եմ, այստեղ իրենց խոսքը պետք է ասեն վտանգավոր աղանդների դեմ պայքարի հասարակական կազմակերպությունները»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ «Ծառուկյան» դաշինքի ներկայացրած 15 կետերն ավելի քան իրատեսական են, ավելի քան իրականանալի են եւ ավելի քան հնարավոր են:
«Եթե տնտեսագետ Եղիազարյանը դա չի հասկանում, ապա մենք պատրաստ ենք տնտեսագետ Եղիազարյանի համար լիկբեզ անցկացնել: Եվ եթե կլինեն այլ տնտեսագետ Եղիազարյաններ, որոնք եվս լիկբեզի անհրաժեշտություն ունեն, պատրաստ ենք նրանց համար եվս հանրային քննարկումներ, հանրային լիկբեզներ կազմակերպել՝ նրանց բացատրելու, թե ինչպես եւ ինչ կերպ է հնարավոր իրականացնել այդ 15 առաջնահերթ քայլերը, որոնք կկանգնեցնեն երկրի անկումը: Ուստի, ինձ թույլ եմ տալիս տնտեսագետ Աշոտ Եղիազարյանին հրավիրել բաց եւ հրապարակային բանավեճի՝ «Ծառուկյան» դաշինքի տնտեսագետների հետ»,- ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը հրավիրում է նաեւ լրագրողներին՝ բանավեճին ներկա լինելու համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ