Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը 148 միլիոն դրամով շենք է վարձակալում

Փետրվար 20,2017 22:11

Չնայած, որ վերջին տարիներին միլիարդներ ծախսվեցին նախարարությունների ու որոշ պետական հիմնարկների համար հսկայական շենքեր կառուցվեցին, այնուամենայնիվ, պետբյուջեից շարունակվում են խոշոր գումարներ հատկացնել պետական ապարատի աշխատակազմերին, այսպես ասած՝ գրասենյակներ վարձակալելու համար:

Այս տարի էլ Տիգրան Մեծ 4 հասցեի շենքը վարձակալելու համար, որի վարձակալը պետական գույքի կառավարման վարչությունն է, պետբյուջեից վարձակալվող տարածքի 1750 քմ մակերեսի համար հատկացվել է 103 միլիոն 614 հազար դրամ, իսկ անցյալ տարի՝ 127 միլիոն 297 հազար դրամ: Ինչպես գրված է մեկ անձից գնման պայմանագրում, այս օբյեկտի վարձակալության 1քմ-ն արժե 4934 դրամ, օբյեկտի վարձավճարի ամսական գումարը կազմում է 8 միլիոն 634 հազար 500 դրամ:

Վարչությունը շենքը վարձակալում է «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից:

Մեկ անձից մեկ այլ պայմանագրով էլ նույն «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից կառավարությունն, ի դեմս պետգույքի կառավարման վարչության, վարձակալում է նաեւ նույն Տիգրան Մեծ 4 հասցեում նաեւ 400 քմ մակերեսով տարածք՝ 23 միլիոն 683 հազար դրամով: Մեկ այլ պայմանագրով էլ, կրկին նույն ընկերությունից կառավարությունը վարձակալում է նաեւ 350 քմ տարածք, որի համար պետբյուջեից հատկացվում է 20 միլիոն 722 հազար դրամ:

«Հանարդնախագիծ» ԲԲԸ-ն, ինչպես մամուլում է գրվել, կապված է բնապահպանության եւ քաղաքաշինության նախկին նախարար Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ) անվան հետ: Ըստ մամուլի հրապարակումների, այս շենքը պատկանում է Արամ Հարությունյանին, թեեւ ԲԲԸ-ի տնօրենը Արայիկ Հարությունյանն է, եւ ըստ մեկ անձից գնման պայմանագրի, Արայիկ Հարությունյանի բնակության հասցեն Կոտայքի մարզի քաղաք Եղվարդն է: Նշենք, որ Արամ Հարությունյանն էլ Եղվարդից է:

Նշենք, որ վարձակալվող այս շենքում են տեղակայված որոշ նախարարությունների ստորաբաժանումներ: Իսկ պետգույքի կառավարման վարչությունը տեղակայված է նույն շենքի ընդհանուր մաս կազմող, բայց պետական սեփականության հաշվեկշռում գրանցված հատվածում:

Հասկանալի է, որ պետական գերատեսչությունների աշխատակազմին հարկավոր է, այսպես ասած՝ տեղավորել, կամ ապահովել գրասենյակներով եւ աշխատանքային պատշաճ պայմաններ ապահովել, սակայն այս տարածքը 1-2 տարի չէ, որ վարձակալվում է, այլ երկար տարիներ, եւ այն 100 միլիոնավոր դոլարները, որոնք ամեն տարի հատկացվում են ընդամենը տարածք վարձակալելու համար, հնարավոր կլիներ պետական ապարատի համար շենք կառուցել: Բացի այս, պետական գույքի հաշվեկշռում էլ կլինեն այնպիսի շենքեր, որտեղ հնարավոր է աշխատակազմին տեղավորել:

Մի կողմի կառավարությունը պետական սեփականություն հանդիսացող շենքերը վաճառում է, մյուս կողմից էլ՝ վարձակալում մասնավոր շենքեր:

Օրինակ՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն շենքը կառավարության՝ 2016 թվականի հոկտեմբերի 6-ի նիստին որոշել է օտարել՝ աճուրդով:

Կառավարության մեկ այլ նիստին էլ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մասնավորեցման պիտանի պետական օբյեկտներն ընդգրկել պետգույքի մասնավորեցման ցանկում: Այս որոշումը, ճիշտ է, վերաբերում է պետական մասնակցությամբ առեւտրային այն ընկերություններին, որոնք շահութաբեր չեն, կամ շահութաբերության ցածր ցուցանիշներ ունեն, սակայն, եթե հաշվի առնենք, թե կառավարությունը ինչ հսկայական գումարներ է ծախսում շենքեր վարձակալելու համար՝ բյուջեի սղության պարագայում, ապա լավ պրպտելու դեպքում կգտնվի պետական մի այնպիսի շենք, որտեղ կտեղավորվի այն աշխատակազմը, որին գրասենյակով ապահովելու համար տարիներով 100 միլիոն դրամից ավելի գումարներ են հատկացնում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728