Այսօր Aravot.am-ին էր դիմել Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը հաղթած թեկնածու, դպրոցի նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը՝ բողոքելով, որ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը հրաժարվում է իր հետ աշխատանքային պայմանագիր կնքել։
Բանն այն է, որ մրցույթը տեղի է ունեցել հունվարի 24-ին, որին մասնակցել են երկու հավակնորդ՝ մեկը Գոհար Շահբազյանն է, մյուսը՝ այդ նույն դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Նիկողոսյանը։ Երկուսն էլ հավասար ձայներ են հավաքել, դպրոցի կառավարման խորհուրդը, ըստ կարգի, 3 աշխատանքային օրվա ընթացքում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին է ներկայացրել դպրոցի կառավարման խորհրդի նիստի արձանագրությունը, տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները։
Փոխվարչապետն էլ, սահմանված կարգի համաձայն, 5 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի ղեկավարին առաջարկել է թեկնածուներից ընտրել Գոհար Շահբազյանին։ Ու թեև մարզպետը, օրենքով սահմանված կարգով, նրա հետ պարտավորվում է պայմանագիր կնքել 10 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն Հովսեփ Սիմոնյանը մինչև օրս չի կատարել փոխվարչապետի հրահանգը։
Կարդացեք նաև
Հարցին՝ փորձե՞լ եք հանդիպել Հովսեփ Սիմոնյանի հետ, ի՞նչ պատճառաբանությամբ ձեր հետ պայմանագիր չի կնքում, Գոհար Շահբազյանն ասաց․«Որոշակի ոչ մի բան չի ասում, պարզապես ասում է, թե ինչ-որ բաներ կան ճշտելու, որը օրենքը սահմաններում չէ»։
Ճշտող հարցին, այսինքն` մարզպետը տվյալ դեպքում չի կատարո՞ւմ փոխվարչապետի հրահանգը, տիկին Շահբազյանն ասաց․«Այո, նա 10 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր էր կապել աշխատանքային պայմանագիրը»։
Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք մարզպետի այս քայլը,մեր հարցին ի պատասխան՝ Գոհար Շահբազյանն ասաց․«Մեկնաբանությունը թողնում եմ բոլորին, հանրությանը հասկանալու համար այս իրավիճակը, եթե մարզպետը 38 դպրոցի տնօրենի ժ/պ նշանակելու ժամանակ գտնում էր, որ օրենքի խախտում չի կատարվել և չի կատարվում, և մարզպետը կարող է պայմանագիր լրանալուց հետո ցանկացած մեկին նշանակել, ով ունի հավաստագիր, այս իրավիճակում ես չեմ հասկանում մարզպետի վերաբերմունքը»։
Մարզպետ Հովսեփ Սիմոնյանի մեկնաբանությունները ևս կլսենք այս թեմայի շուրջ։
Հիշեցնենք նաև, որ այս դպրոցի անձնակազմը դեմ էր մարզպետի՝ Արփինե Նիկողոսյանին թիվ 38 դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու որոշմանը։ Կոլեկտիվի անդամները ի սկզբանե ենթադրում էին, որ Արփինե Նիկողոսյանին բերել են իրենց դպրոց՝ ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ի օգտին աշխատանք կատարելու համար, իսկ իրենց նախկին տնօրեն Գոհար Շահբազյանը «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ է։
Նկատենք, որ մարզպետի նշանակած ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Նիկողոսյանը ՀՅԴ-ի վարկանիշային թեկնածուներից մեկն է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ