Նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին Aravot.am-ին ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ քաղաքացի Ն.Բերբերյանից փետրվարի 17-ին գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, առևանգել են իրեն, իր կամքին հակառակ պահել ավտոմեքենայի մեջ և պահանջել վերադարձնել պարտքը՝ հնչեցնելով առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ։
Այսօր Արա Օսկանյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով (անձի առեւանգում), քննիչի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Aravot.am-ը փաստաբան Աթանեսյանից հետաքրքրվեց՝ որքան գումար էր կազմում պարտքը ու ինչքան ժամանակ էր, որ քաղաքացի Բերբերյանն այն վերցրել էր, ի պատասխան, պարոն Աթանեսյանն ասաց. «Շատ նոր պատմություն է, պատահական առաջացած պարտավորություն, ընդորում՝ Արա Օսկանյանն ուղղակի դրա հետ ոչ մի կապ չունի, իր փոքր եղբոր հետ է կապված, ընդամենն իր փոքր եղբոր խնդիրներն էր կարգավորում, այդքան բան: Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ ավելին չեմ կարող ասել»:
Կարդացեք նաև
Պարոն Աթանեսյանի խոսքով, իր պաշտպանյալը մեղքը չի ընդունել. «Տեղի ունեցածը սովորական կենցաղային իրադարձություն է, որն իր մեջ առեւանգում չի պարունակում: Որոշակի հարցեր էին ճշտում, ու մարդիկ անընդհատ հանրային վայրերում են գտնվել: Ում որ առեւանգում ես, հանրային վայր չես տանում: Այդ երիտասարդն ընդամենը երեւի վախեցել է, կամ չափազանցրել, կամ էլ պարզապես չի ցանկանում պարտքը վերադարձնել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ