Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Ազատամուտի գյուղապետը դժգոհ է

Փետրվար 20,2017 21:11

Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը դժգոհ է, որ իր որդու՝ Կարեն Մարտիրոսյանի նկատմամբ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատաքննությունը շարունակվում է: Երկուսուկես տարի առաջ գյուղապետի որդին ցանկացել է աղջիկ փախցնել, սակայն չի ստացվել: Ժ. Մարտիրոսյանն ասաց, որ իր որդին ցանկացել է այդ աղջկա հետ ամուսնանալ: Այդ աղջիկը 2 տարի առաջ ուրիշի հետ ամուսնացել է, նա Կարեն Մարտիրոսյանի դեմ բողոք չունի: Ժ. Մարտիրոսյանը գտնում է, որ դա բավարար է, որպեսզի իր որդու հանդեպ քրեական հետապնդումը դադարեցվի:

Կարեն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունիսի 11-ին, ժամը 18.00-ի սահմաններում նախնական համաձայնության գալով քննությամբ չպարզված անձանց հետ, Իջեւան քաղաքի Անկախության փողոցի 19 հասցեում գտնվող «Յունիբանկ» ՓԲԸ-ի մասնաշենքի դիմացից առանց համարանիշի «Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով, բացահայտ բռնության գործադրմամբ, ամուսնության նպատակով փորձել է առեւանգել Իջեւան քաղաքի բնակչուհուն:

Սակայն Իջեւան քաղաքի բնակիչներ Էդվարդ Գալստյանի եւ Սերգեյ Խալաթյանի միջամտության արդյունքում՝ Կարեն Մարտիրոսյանին եւ մյուսներին, իրենց կամքից անկախ հանգամանքների պատճառով, չի հաջողվել աղջիկ փախցնելու գործն ավարտին հասցնել:

Կ. Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Խաբեության, վստահությունը չարաշահելու, բռնության կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով մարդուն գաղտնի կամ բացահայտ առեւանգելու փորձը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել գրավը:

Այդ քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է 2015թ. հունիսի 29-ին: 2015թ. հուլիսի 3-ին դատարանը որոշում է կայացրել Կ. Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կասեցնելու մասին, նկատի ունենալով, որ վերջինիս գտնվելու վայրը հայտնի չէ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մեկ տարի եւ երեք ամիս անց՝ 2016թ. սեպտեմբերի 19-ին ոստիկանության Իջեւանի բաժնից դատարան գրություն է ստացվել, որ 2016թ. սեպտեմբերի 17-ին Կ. Մարտիրոսյանը հայտնաբերվել եւ տեղափոխվել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ: Այդ գրության հիման վրա Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը 2016թ, սեպտեմբերի 19-ին որոշել է նշված քրեական գործի վարույթը վերսկսել:

Հիշյալ քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում: Կ. Մարտիրոսյանի հայրը՝ ՀՀԿ անդամ, ՀՀԿ Ազատամուտի տարածքային կազմակերպության ղեկավար Ժորա Մարտիրոսյանը 2008թ.-ից  Ազատամուտ համայնքի ղեկավարն է: 2016թ. սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Ժ. Մարտիրոսյանը վերընտրվել է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728