«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը կուսակցությունից հեռացած Զարուհի Փոստանջյանին, ի տարբերություն Անահիտ Բախշյանի, համարում է «Ժառանգության» առանցքային ներկայացուցիչ:
«Անահիտ Բախշյանին հաջողություններ եմ ցանկանում, շատ եմ ուզում, որ նա նորից դառնա պատգամավոր: Իսկ տիկին Փոստանջյանն ինձ համար մնում է առանցքային, կարեւորագույն ներկայացուցիչ, ափսոս, որ ինքը հեռացավ կուսակցությունից»,- Aravot.am-ին ասաց Սուսաննա Մուրադյանը՝ շարունակելով,- «Ինձ համար անսպասելի էր, որովհետեւ նա մի քանի անգամ ասել էր, որ մտադրություն չունի «Ժառանգությունից» հեռանալու»:
Տիկին Մուրադյանը չցանկացավ մեկնաբանել տիկին Փոստանջյանի՝ կուսակցությունից հեռանալու պատճառաբանությունները, մասնավորապես, որ բոլոր նրանք, որոնք Օհանյան-Օսկանյան դաշինքին միանալու որոշումը կայացրեցին և գնացին այդ քայլին, իրենք հեռացան «Ժառանգությունից», հետևաբար՝ այն գաղափարախոսությունը, որը ուներ «Ժառանգությունը», նրանք դադարեցին կրել այդ արժեքային համակարգը:
«Տիկին Փոստանջյանը մեր խորհրդի նիստերին եւ վարչության նիստերին եղել է փոքրամասնության մեջ, քվեարկություն է եղել, եւ մեծամասնությունը որոշել է Օսկանյան-Օհանյան դաշինքին միանալ»,- ասաց Սուսաննա Մուրադյանը,- «Զարուհի Փոստանջյանի հեռանալն ինձ տխրեցրեց… ինչ վերաբերում է նրան, որ ասում է՝ դաշինքին միացողները դադարեցին կրել «Ժառանգության» արժեքային համակարգը, համամիտ չեմ, բայց մենք ծրագիր ենք ընդունել, կանոնադրություն ենք ընդունել եւ դրա համար էլ եկել ենք մի կուսակցություն, որի ծրագիրը համահունչ է մեր գաղափարներին»:
Կարդացեք նաև
Նա նաեւ հավելեց, թե չի կիսում «Ժառանգությունից» հեռացողների մտավախությունները: «Ժառանգությունն» ինչպես որ եղել է ազգային, ազատական, ժողովրդավարական կուսակցություն, այդպես էլ շարունակելու է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ