Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին հարցրեց՝ նախորդ ընտրություններում ՀՅԴ-ի կարգախոսն էր՝ «Մենք քո ընկերն ենք. Ազատություն, արդարություն, դաշնակցություն», բայց հետո պարզվեց, որ ավելի շատ իշխանությունների ընկերն եք, հիմա այս ընտրություններում էլ ձեր կարգախոսն է՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան», ինչո՞ւ պիտի այս անգամ հավատան, որ իսկապես նոր սկիզբ եք բերելու ու արդար Հայաստան:
Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Ինչպե՞ս պարզվեց, որ ավելի շատ իշխանության ընկերն ենք, մենք քո ընկերն ենք: Նախորդ ընտրություններից անցել է 5 տարի: Հինգ տարվա 4 տարին մենք եղել ենք ընդդիմություն, 1 տարին համաձայնագիր ենք ստորագրել»:
Մեր դիտարկմանը, որ վերջում պարզվեց, որ ՀՀԿ-ի ընկերն եք՝ Աղվան Վարդանյանը չհամաձայնեց. «Ոչ, չպարզվեց, մենք քո ընկերն ենք, մեր քաղաքացիների ընկերն ենք եւ ինչ անում ենք, անում ենք մեր քաղաքացիների համար՝ անկախ նրանից ընդդիմության մեջ ենք, թե իշխանության մեջ ենք»:
Թե ինչո՞ւ պիտի հավատան, որ նոր սկիզբ են բերելու ու արդար Հայաստան՝ Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Կոնկրետ գործերով, մեր հետեւողականությամբ, մեր շարունակականությամբ, մեր արած համակարգային փոփոխություններով, այսօրվա սկսած գործընթացներով տարբեր ոլորտներում, որոնք մենք ասում էինք, մեր տեսակով, մեր էությամբ: Մենք չենք ասում չէ՞ բաներ, որոնք միայն խաբելու եւ ձայն փախցնելու համար են: Մենք երեկ չենք ասել մի բան, որ այսօր էլ հակառակն ասենք: Ընդդիմություն ենք եղել, նույն բանե՞րն ենք ասել, թե՞ չէ»:
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը, որ եղել է, որ ընդդիմություն եղած ժամանակ քննադատել եք իշխանություններին, հիմա դա չեք անում՝ նա արձագանքեց. «Այսօր էլ ՀՀԿ-ին ուղղված քննադատություններ կան, բայց մենք այսօր գործընկերներ ենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ