Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա նշանակում է խաբել ընտրողին». տնտեսագետը՝ Ծառուկյան դաշինքի 15 առաջնահերթ քայլերի մասին

Փետրվար 20,2017 19:55

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը Ծառուկյան դաշինքի 15 առաջնահերթ քայլերը համարում է պոպուլիստական:

«Քաղաքական ուժի ծրագրով՝ առանց արտաքին քաղաքականության հստակեցման, ճիշտ չեն կարող ներկայացնել պատկերը, այն պայմաններում, երբ այսօր Հայաստանի  ինքնիշխանությունը զգալիորեն զիջված է Ռուսաստանին, ընդ որում, Ռուսաստանը մեզնից ուզում է խլել մեր ինքնիշխանությունը: Այս առումով՝ ցանկացած ուժի ծրագրում, եթե չկա՝ ինչպես պետք է վերականգնեն ինքնիշխանությունը, քննարկել հարցեր, որոնք հատուկ են ինքնիշխան պետություններին, այսինքն, ծրագրերի արդյունավետությունը չափել՝ ելնելով դրանից, դառնում է դատարկ խոսակցություն»,- Aravot.am-ին ասաց Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով Ծառուկյան դաշինքի 15 առաջնահերթ քայլերին:

Ըստ նրա, վերջին տասը տարում, ինքն ուշադրությամբ հետեւել է քաղաքական ուժերի ներկայացրած ծրագրերին եւ լավ գիտի՝ որտեղից են դրանց մեջ տեղ գտած թվերն առաջացել. «Կենսաթոշակների բարձրացում, աշխատատեղերի բացում, աշխատավարձերի բարձրացում, բոլորն ասում են՝ սա կանենք, նա կանենք: Սա, իհարկե, ակնհայտ պոպուլիզմ է: ՀՀԿ-ն նույնպես նույն բաներն իր կուսակցության ծրագրում մտցրեց, սրանք խոսքեր են, հայտարարություններ են, բայց ում ուղղված՝ անիրազեկ ընտրողին, չգիտեմ՝ ինչ լսարանին: Սրանք քաղաքական ծրագրեր չեն, եւ չեմ կարծում ՝քաղաքական գործիչները այդպես պետք է աշխատեն ու այդպիսի քաղաքական ծրագրեր ներկայացնեն:

Լավ ասում են՝ փոքր բիզնեսին ազատելու ենք հարկերից, իսկ հարց է առաջանում՝ ինչպես է իրենց քաղաքական ծրագիրն առնչվում պետական շահերին, ինչու չեն բացատրում՝ այս պայմաններում, երբ մեր տնտեսությունը նեղանում է, կտրվում է  ընդհանուր զարգացման առաջընթաց ուղղություններից, մեր երկիրը մեկուսացվել է, ինչ է  փոխելու հարկային արտոնությունը: Ուզում եք ամբողջ տնտեսությանը հարկային արտոնություններ տվեք, հարկեր մի վերցրեք, ինչը, իհարկե, հնարավոր չէ, այդ ֆոնի վրա, այս ամենը պոպուլիստական է»:

Ինչ վերաբերում է Ծառուկյան դաշինքի ծրագրում նշված խոստումներին, թե գազի, էլեկտրաէներգիայի սակագներն են իջեցնելու, պարոն Եղիազարյանն ասաց. «Նախ թող խոսեն այն ստորացուցիչ պայմանագրերից, որոնք մեզ Մոսկվան պարտադրել է, էդ պայմանագրերի չեղարկման մասին, որոնք մեզ հնարավորություն չեն տալիս ինքնուրույն լինել էներգետիկ ոլորտում, տարածաշրջանային նախագծերում ներգրավվել, օտարերկրյա ներդրումներ Հայաստան բերել, այս ամենի մասին թող խոսեն, հետո նոր՝ գների մասին: Սակագները քաղաքական սակագներ են, դրանք քաղաքական լծակներ են, որոնք միշտ կիրառվել են Հայաստանի վրա, կարծում եմ՝ ազնիվ չէ չխոսել այս հարցերի մասին, այլ միայն այն մասին, թե սակագին են իջեցնելու, դա նշանակում է խաբել ընտրողին: Իսկ այսօրվա ընտրողն իրազեկ չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728