Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմնական շանսերը հենց օդիոզ դեմքերինն են»

Փետրվար 20,2017 19:10

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի կարծիքով` այն, որ իշխող կուսակցությունից հայտարարում էին, թե սերնդափոխություն է տեղի ունենալու, ընդամենը հասարակությանն ապակողմնորոշելու համար էր: «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանն այս առիթով նա նշեց. «Դա պետք է տեղի ունենա բնական ճանապարհով: Արձանագրենք, որ այս ողջ աժիոտաժից երկրին ոչ մի օգուտ չեղավ: Աժիոտաժի պատճառն այն է, որ խաղի կանոնները փոխվել էին, ու իշխող կուսակցության անդամները չգիտեին , թե խաղավարն ինչ կանոններ կընդունի: Հենց իշխող կուսակցության անդամները ինձ բազմաթիվ դեպքեր էին պատմել, որ շվարած մոտենում էին ընդդիմադիր գործիչներին ու հարցնում` ի՞նչ եք կարծում` Սերժի մտքին ինչ կա»:

Դառնալով խորհրդարանում օդիոզ դեմքերի թվի կրճատմանը հավաստիացումներին` Կարապետ Ռուբինյանը նշեց. «Պարզ է, որ ուղղակի այդ օդիոզ դեմքերին  ցուցափեղկից հեռացրել են, բայց հիմնական աշխատանքը թողել են հենց նրանց վրա ու նրանց հիմնական շանսերն էլ են պահպանել: Սակայն դա երկրի համար առաջընթաց չի ապահովում»:

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի համոզմամբ` սերնդափոխությունն իմաստ չունի, քանի որ բոլոր կուսակցությունների ցուցակը կազմում է նույն մարդը: Նա մտահոգություն հայտնեց հատկապես ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ: Այնուհետև ՀՀԿ-ի ցուցակի վրա օրինակ բերեց. «ՀՀԿ ցուցակի առաջին տասը-քսան հոգին ներկայանալի, պարկեշտ մարդիկ են, բայց Առաքել Մովսիսյանը, որը ցուցակի 160-րդ տեղում է, շատ ավելի մեծ շանս ունի հայտնվելու խորհրդարանում, քան առաջին քսանյակում հայտնված մարդիկ»:

Կանխատեսելով ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ելքը` պարոն Բաղդասարյանը նշեց. «Երբ ընտրությունների արդյունքները հրապարակվեն, հասարակությունը բավականին կզարմանա, քանի որ «Ծառուկյան դաշինքի» ձայներն ավելի քիչ կլինեն, քան ընդունված է կարծել հասարակության մեջ: Պատճառն այն է, որ նրանք զրկված կլինեն վարչական և այլ ռեսուրսների կիրառումից:  Տեսեք` Օսկանյանի տղայի դեպքը. հանկարծ հիշեցին, որ նա ինչ-որ մեկին, ով իրեն փող էր պարտք, մեքենայի մեջ սպառնացել է ու ասել ականջներդ կկտրեմ: Պատկերացրեք` ինչ կլինի բոլոր նրանց հետ, ովքեր բոլորին ասում են, թե ականջ կկտրեմ»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համոզմամբ` մինչև չլինի հայրերի ու որդիների առողջ մրցակցություն, չի լինի սերնդափոխություն: Անդրադառնալով 2017-ի խորհրդարանին` պարոն Բադալյանն ասաց. «2017-ի խորհրդարանն անցումային է լինելու քաղաքական զարգացումների տիպաբանությամբ: Օրինակ` այն, որ ընդդիմադիր կուսակցությունների միջև կարող է առանձին մրցակցություն տեղի ունենալ, դա ինչ-որ իմաստով ողջամիտ տարր պարունակող դրական բան է, քանի որ ՀՀ-ում ընդդիմադիր դաշտի վերաձևավորման անհրաժեշտություն կա»:

Ըստ Հակոբ Բադալյանի` այժմ մրցակցությունը տեղի է ունենում հենց իշխանության ներսում. «Սերժ Սարգսյանը պետք է լուծի նախագահի պաշտոնը թողնելուց հետո իր անելիքների հարցը. փորձելու է մնալ որպես վարչապե՞տ,  ազդեցությունը պահելու է` որպես ՀՀԿ նախագահ, թե՞ պատրաստվում է քայլ առ քայլ հեռանալ ու իր հետևից թողնել վստահելի ժառանգորդ: Այս դեպքում իշխանության ներսում է մրցակցությունը շարունակվում»:

Հարցին` ինչո՞ւ են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի թիմակիցները ՀՀԿ ցուցակում բացակայում, Կարապետ Ռուբինյանը պատասխանեց. «Մեկ անձ է որոշել այդ ամենը ու դիտարկել է այն տեսանկյունից, թե ովքեր են ավելի արդյունավետ ձայն բերելու: Իսկ վարչապետի թիմին առանձնահատուկ կարգավիճակ չէի տա, քանի որ դրանք էլ այն մարդիկ են, որոնք վազելով` գնացին ՀՀԿ-ական դարձան»:

Արմեն Բաղդասարյանի տպավորությամբ` ՀՀԿ ցուցակում Կարեն Կարապետյանի թիմակիցները սպասվածից ավելի քիչ են. «Պատճառն այն է, որ Սերժ Սարգսյանը` ի դեմս Կարեն Կարապետյանի, մրցակից է տեսնում: Նրա վարկանիշն ավելի բարձր է, ունի բավարար ռեսուրս, խարիզմա, կապեր Ռուսաստանում, ինչը չի կարելի ասել, օրինակ, Տարոն Մարգարյանի մասին: Փաստորեն, Սերժ Սարգսյանն ընտրել է հնարավորինս անշառ ու սուսուփուս մարդկանց, ովքեր հնարավորինս սուսուփուս կոճակ կսեղմեն ու վտանգ չեն ներկայացնի իշխանության համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728