Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Բանակցություններին այլընտրանք չկա». Էդվարդ Նալբանդյան

Փետրվար 20,2017 18:57

Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հագեցած օրակարգը ենթադրում է ոչ պակաս հագեցած շփումներ

Հարց. Նախատեսվո՞ւմ է արդյոք առաջիկայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Հնարավո՞ր է արդյոք գագաթաժողով: Եթե այո, ապա կա՞ն արդեն հստակ ժամկետներ։

Էդվարդ Նալբանդյան. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ դեռևս հստակ պայմանավորվածություններ չկան։ Մի քանի օր առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ իմ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ։ Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք հանդիպել։ Եթե հանդիպումներ տեղի չեն ունենում, ապա դա մեր մեղքով չէ։

Համանախագահների հետ հանդիպման ժամանակ մենք պայմանավորվեցինք շարունակել ջանքերը՝ խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծման ուղղությամբ։ Այդ նպատակով եռանախագահները պատրաստվում են մոտակա շաբաթները այցելել տարածաշրջան։

Հարց. Երևանը և Բաքուն տարբեր կերպ են գնահատում ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլյան էսկալացիան։ Բաքուն ասում է, որ վերադարձրել է որոշ տարածքներ, Երևանը՝ որ կորցրել է ոչ պիտանի հողակտոր։ Ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել նախորդ տարվա ապրիլին։ Ինչպիսի՞ն է Լեռնային Ղարաբաղում ներկայիս իրավիճակի վերաբերյալ Ձեր գնահատականը։

Էդվարդ Նալբանդյան. Չնայած Բաքվի ապարդյուն փորձերին՝ իրականությունը այլ կերպ ներկայացնելու՝ այն ոտքից գլուխ շուռ տալով, բոլորի համար էլ ակնհայտ է, թե ով է ապրիլին սկսել լայնածավալ ռազմական գործողությունները։ Այդ մասին քաջատեղյակ է միջազգային հանրությունը, այդ թվում, անկասկած, նաև համանախագահ պետությունները։ Տարբեր պետությունների իմ գործընկեր արտգործնախարարների մոտ, ում հետ ես զրուցել եմ, որևէ կասկած անգամ չկա, որ հենց Ադրբեջանն է սանձազերծել այդ ագրեսիվ գործողությունները:

Այն, որ ադրբեջանական կողմը պարծենում է իր ենթադրյալ հաջողություններով՝ ամոթահար, իսկ ավելի ճիշտ անամոթ կերպով լռելով իր կորուստների մասին, թողենք նրանց խղճին․․․

Իր ապակառուցողական մոտեցմամբ, բանակցային գործընթացում ինքն իրեն փակուղի մտցնելով, Ադրբեջանը գնաց ռազմական նոր արկածախնդրության՝ պատրանքներ ունենալով, որ եթե նրան չի հաջողվում փաթաթել իր դիրքորոշումը խաղաղ բանակցային գործընթացի շրջանակներում, ապա կարող է դա անել ուժի կիրառմամբ: Եվ դարձյալ ձախողվեց: Այդ արկածախնդրության արդյունքը ոչ միայն մարդկային կորուստներն են, այլև լուրջ հարվածը բանակցային գործընթացին։

Հարց. Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում փոխզիջումը։ Կարելի՞ է պատկերացնել Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստականների։

Էդվարդ Նալբանդյան. Երբ Դուք հարց եք բարձրացնում ադրբեջանցի փախստականների մասին, որոնք, իմիջայլոց, առաջացել են հենց Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում, պետք է նաև հարց ուղղեք՝ իսկ կարելի՞ է պատկերացնել մի քանի հարյուր հազար հայ փախստականների վերադարձը Ադրբեջան՝ Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ և այլ բնակավայրեր, որտեղ իրականացվել են հայերի սարսափելի ջարդեր, կոտորած, էթնիկ զտումներ՝ որպես լայնածավալ պատերազմի նախերգանք։

Նման հարցեր բարձրացնել մինչև կարգավորումը, որը տարիներ շարունակ տորպեդահարվում է հենց Ադրբեջանի կողմից, վաղաժամ է։ Նույն դիրքորոշումն ունեն նաև եռանախագահ երկրները։ Իմիջիայլոց, այդ մասին ասվում է նաև բանակցությունների սեղանին դրված բոլոր աշխատանքային փաստաթղթերում։

Ինչ վերաբերում է փոխզիջմանը, ապա նման հնարավոր փոխզիջում առաջարկվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների նախագահների կողմից՝ ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ իրենց հայտնի հինգ հայտարարություններում, որոնցից Բաքվում, մեղմ ասած, խրտնում են։

Դուք հարցնում եք թե ինչ փոխզիջում ենք մենք առաջարկում։ Միջազգային հանրության անունից համանախագահ պետությունների կողմից առաջարկվող փոխզիջումը Բաքուն հիմնովի մերժում է:

Եթե դուք ծանոթ եք Բաքվից հնչող հռետորաբանությանը, ապա այնտեղ խոսում են վերջնագրերի լեզվով, այլ ոչ թե փոխզիջումների` կամ ամեն ինչ, կամ պատերազմ։

Հարց. Ինչի՞ է հասել այս տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այն հաջողություններ գրանցե՞լ է։

Էդվարդ Նալբանդյան. Չեմ կարծում, որ անգամ հարցի տեսքով արդարացված է վիճարկել եռանախագահների աշխատանքի արդյունավետությունը։ Դա անում է ադրբեջանական կողմը։ Միջնորդների հասցեին մեղադրանքները «երկակի ստանդարտներ» ունենալու, իսլամաֆոբիայի մեջ, մեղադրանքներն առ այն, որ նրանք իրենց «չգիտես, թե ում տեղն են դրել». այս ամենը հնչում է ոչ թե Երևանից և Ստեփանակերտից, այլ՝ Բաքվից։ Այն, որ մինչ օրս հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացում չկա, մեղավոր չեն ոչ Փարիզում, ոչ Մոսկվայում, ոչ Վաշինգտոնում, ոչ Երևանում և ոչ էլ Ստեփանակերտում:

Բաքվի կողմից միջնորդների հասցեին անգործության մասին մեղադրանքները, նախ և առաջ, սեփական բացարձակապես ապակառուցողական դիրքորոշումից ուշադրությունը շեղելու փորձ է։ Միջնորդները հանդես են եկել բազմաթիվ առաջարկություններով, որոնք դարձել են բանակցությունների և որոշ պայմանավորվածությունների առարկա, և նրանց մեղքը չէ, որ Ադրբեջանն ամեն անգամ հետ քայլ է կատարում։ Այդպես էր 2001թ․ Քի Ուեսթում՝ փարիզյան սկզբունքների հետ, այդպես էր տասը տարի անց՝ 2011թ․ Կազանում։ Այդպես Բաքուն վարվում է և այսօր՝ հրաժարվելով կյանքի կոչել անցած տարի Վիեննայում ու Սանկտ-Պետերբուրգում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները։ Եվ նման օրինակները բազմաթիվ են։ Այնպես որ եթե մինչ օրս կարգավորման գործընթացում հնարավոր չի եղել հասնել իրական առաջընթացի, ապա դա միջնորդների ոչ բավարար ջանքերի պատճառով չէ։

Երբ միջնորդների գործունեությունը քննադատության է ենթարկվում հասարակության կամ փորձագիտական շրջանակների կողմից, դա ինչ-որ կերպ կարելի է բացատրել։ Բայց երբ դա արվում է պաշտոնական ամենաբարձր մակարդակով հակամարտության մեջ ներգրավվածի կողմից, դա առնվազն տարակուսանք է առաջացնում։ Ադրբեջանում, ինչպես ծուռ հայելիների թագավորությունում են սովոր ամեն ինչ տեսնել ծամածռված ձևով, գտնում են, որ եռանախագահների դերը պետք է կայանա ոչ թե լարվածության նվազեցման, փոխզիջումային տարբերակների որոնման, այլ՝ Հայաստանի ու Արցախի վրա ճնշումներ գործադրելու մեջ։ Դժվար է մեկնաբանել միջնորդների դերակատարության նման ոչ ադեկվատ մեկնաբանությունները։

Մենք, ինչպես և համանախագահները կարծում ենք, որ բանակցություններին այլընտրանք չկա, և նրանց հետ միասին շարունակելու ենք ջանքերն՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Հարց. Ինչո՞ւ է Հայաստանը սկզբունքային առումով դեմ, որպեսզի ղարաբաղյան հիմնահարցը քննարկվի ՄԱԿ-ի շրջանակներում։

Էդվարդ Նալբանդյան. ԵԱՀԿ Աստանայի գագաթաժողովի որոշման համաձայն՝ հակամարտությունները պետք է կարգավորվեն համաձայնեցված ձևաչափերի շրջանակներում։ Դա ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների ընդհանուր կոնսենսուսային դիրքորոշումն է։

Բանակցային գործընթացն այլ ձևաչափեր, այդ թվում նաև ՄԱԿ տեղափոխելու ապարդյուն փորձերի փոխարեն, շատ ավելի խելամիտ կլիներ, եթե Ադրբեջանը չխոչընդոտեր բանակցային գործընթացը, որն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը միակ կառույցն է, որն ունի ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվելու միջազգային հանրության համապատասխան մանդատը։ Այս ձևաչափը համաձայնեցվել և ընդունվել է հակամարտության բոլոր, այդ թվում՝ ադրբեջանական կողմից։ Բաքվի մոտ ընտրովի հիշողություն է, այնպես որ մենք ստիպված ենք պարբերաբար հիշեցնել նրան ձեռքբերված պայմանավորվածությունների ու ստանձնած պարտավորությունների մասին։

Իմիջիայլոց, ավելորդ չի լինի հիշեցնել Բաքվում նրանց, ովքեր տառապում են ամնեզիայով և փորձում են հիմնահարցը ներկայացնել իբրև Արցախի հայ և ադրբեջանական համայնքների միջև հակամարտություն, որ 1994թ․ մայիսին ու հուլիսին, ինչպես նաև 1995թ․ փետրվարին ադրբեջանական պաշտոնական ներկայացուցիչները զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերը ստորագրել են ոչ միայն Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների, այլ նաև Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների հետ։ Եվ միայն այդ փաստաթղթերը չէ, որ նրանք ստորագրել են Արցախի հետ։

Հարց. Ինչո՞ւ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին։

Էդվարդ Նալբանդյան. Տարածաշրջան իրենց այցելությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահներն, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպում են Արցախի ղեկավարության հետ, լսում են Ստեփանակերտի տեսակետը։ Ինչպես տեսնում եք, Արցախն իրապես ներգրավված է բանակցային գործընթացում, սակայն այս փուլում ոչ լիարժեք ձևաչափում, այսինքն՝ չկան ղարաբաղյան կողմի ուղղակի շփումներ Ադրբեջանի հետ՝ վերջինիս կողմից ցանկության բացակայության պատճառով։

Առանց Արցախի մասնակցության հիմնահարցի կարգավորումը հնարավոր չէ։ Դա շատ լավ հասկանում են ու դրա մասին խոսում են միջնորդները։ Ադրբեջանական կողմը պարզապես ձևացնում է, թե իբր չի հասկանում՝ ջայլամի քաղաքականություն իրականացնելով (գլուխն ավազի մեջ պահելով), չնայած վերջին տարիներին քննարկվող բոլոր աշխատանքային փաստաթղթերում ամրագրված է հակամարտության կարգավորման վերաբերյալ համապարփակ համաձայնագրի մշակման գործընթացում ղարաբաղյան կողմի ուղղակի մասնակցությունը։

Հարց. Հավանակա՞ն է ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումը մոտակա տարիների ընթացքում։

Էդվարդ Նալբանդյան. Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը հանդիսանում է կարգավորման վերաբերյալ եռանախագահների առաջարկների հիմքում ընկած երեք սկզբունքներից մեկը։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանն ի պատասխան կիրառած ուժն է ծնել այս հակամարտությունը։ Ուժի կիրառման շարունակական սպառնալիքները և ուժի կիրառումը լուրջ հարված են հասցնում խաղաղ գործընթացին և էապես նպաստում են ստատուս-քվոյի պահպանմանը: Հիմնահարցի կարգավորման, ստատուս-քվոյի հաղթահարման համար պայմանների ստեղծումը պահանջում է առաջին հերթին հրաժարում ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից։

Պատերազմը խնդրի լուծման ճանապարհ չէ, և այդ դիրքորոշումն է որդեգրել ողջ միջազգային հանրությունը։ Եթե դուք ուշադրություն դարձնեք ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների, եռանախագահող երկրների և Ադրբեջանից բացի բոլոր մյուս պետությունների հայտարարություններին, ապա կտեսնեք, որ այդ բոլոր հայտարարություններում կարմիր թելով անցնում է պատերազմի՝ որպես հակամարտության կարգավորման ուղու անթույլատրելիության մասին միտքը։ Հակառակ ողջ միջազգային հանրությանը՝ Ադրբեջանը շարունակում է սպառնալ պատերազմով։ Համանախագահող երկրները ստիպված էին մի քանի անգամ հանդես գալ հենց Բաքվին ուղղված հասցեական կոչերով՝ փորձելով սանձահարել վերջինիս ռազմատենչ նկրտումները։ Ակնհայտ է, որ ժամանակն է եկել, որպեսզի միջազգային հանրությունը ու նախ և առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահ երկրները կոնկրետ գործողություններով զգաստացնեն իրականության զգացումը կորցրած Բաքվի միլիտարիստներին:

Հարց. Ե՞րբ էին վերջին անգամ կողմերը մոտ խնդրի կարգավորմանը։

Էդվարդ Նալբանդյան. Վերջին անգամ կարգավորմանն ամենամոտ մենք եղել ենք 2011 թվականին Կազանում։ Այն ժամանակ, Ռուսաստանի նախագահի դիվանագիտական ջանքերի շնորհիվ, որոնք վայելում էին Ֆրանսիայի ու ԱՄՆ ղեկավարների լիակատար աջակցությունը, մենք մոտ էինք կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ փաստաթղթի համաձայնեցմանը։ Սակայն, ինչպես դա բազմաթիվ անգամներ տեղի էր ունեցել և նախկինում, Ադրբեջանի նախագահը ոչ թե մեկ, այլ մի քանի հետքայլ արեց՝ փաստացի ձախողելով համաձայնության ձեռք բերումը։

Հարց. Եթե Ադրբեջանը ձեռնարկի ռազմական ներխուժում, Դուք կդիմե՞ք ՀԱՊԿ։ Եվ ի՞նչ եք կարծում, նրանք կօգնեն։

Էդվարդ Նալբանդյան. Ձեր հարցի հստակ պատասխանը ամրագրված է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթում։ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի համաձայն՝ եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա դա կդիտարկվի որպես ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից երկրների դեմ՝ բնականաբար դրանից բխող համապատասխան հետևանքներով։

Չեմ կարծում, որ Ձեր հարցով Դուք կասկածի տակ եք դնում ՀԱՊԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները։

Հարց. Իմիջայլոց, լինելով ՀԱՊԿ անդամ, Հայաստանը շատ ակտիվ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Որոշ փորձագետներ դրանում հակասություն են տեսնում։ Ինչպիսի՞ն է Ձեր դիրքորոշումն այս հարցում։

Էդվարդ Նալբանդյան. Ես որևէ հակասություն այստեղ չեմ տեսնում։ Ինչպես Դուք ասացիք, այո, մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ անդամ, և ոչ միայն շատ ակտիվ անդամ, այլև կազմակերպության հիմնադիրներից մեկը։ Իսկ ՆԱՏՕ-ի անդամ մենք չենք հանդիսանում, բայց բավականին հաջող կերպով համագործակցում ենք Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում։ Եվ դրանով ամեն ինչ ասված է։ Ջուր պղտորելու փորձերը բացարձակապես անհիմն են։ Նրանք, ովքեր փորձում են դա անել, բոլորովին այլ նպատակներ են հետապնդում, և շատ իզուր։

Հարց. Ինչո՞ւմն է խնդիրը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ, որի պաշտոնը, ենթադրվում էր, որ պետք է ստանձնի Հայաստանի ներկայացուցիչը։ Այդ հարցի ձգձգումը նշանակո՞ւմ է արդյոք, որ այդ պաշտոնի համար դիտարկվում են նաև այլ անդամ պետություններից թեկնածուներ։

Էդվարդ Նալբանդյան. Պետությունների ղեկավարների մակարդակով որոշում էր ընդունվել, որ հաջորդ գլխավոր քարտուղարը ռոտացիայի կարգով լինելու է Հայաստանի ներկայացուցիչը: Հունվարին ՀԱՊԿ Մշտական խորհուրդը համաձայնեցրեց գլխավոր քարտուղարի թեկնածության վերաբերյալ որոշումը, և այդ փաստաթուղթն ուղարկվեց արտաքին գործերի նախարարներին՝ անհատական կարգով համաձայնություն տալու և հետագայում Հավաքական անվտանգության խորհրդի կողմից հաստատվելու համար։ Գագաթաժողովի անցկացման ժամկետները, հուսով եմ, շուտով կհստակեցվեն:

Հարց. Ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ռուսաստանը զենք է վաճառում և Հայաստանին, և Ադրբեջանին։ Արդյո՞ք դա չի բերում տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի:

Էդվարդ Նալբանդյան. Իհարկե, մեզ չի կարող դուր գալ այն հանգամանքը, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից, որը, այդ թվում՝ Հայաստանի հետ փոխգործակցությամբ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, մեծ ջանքեր է գործադրում՝ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ուղղությամբ։

Ինչ վերաբերում է սպառազինությունների մրցավազքին. Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմ սանձազերծել, Հայաստանը չէ, որ պարծենում է իր ռազմական բյուջեի թվերով և գնվող սպառազինությունների քանակով, Հայաստանը չէ, որ խախտում է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագրի դրույթները։ Թե ինչ հետևանքների է դա բերում, մենք ականատես եղանք անցած տարվա ապրիլին, երբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական արկածախնդրությունն ուղեկցվում էր միջնադարյան բարբարոսություններով, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, երեխաների, կանանց, տարեց մարդկանց նկատմամբ, միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով։

Բնականաբար, նման պայմաններում մենք հարկադրված ենք գործադրել բոլոր ջանքերը՝ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու և իրադրության սրման նոր փուլ, նոր պատերազմ թույլ չտալու համար։

Հարց. Ռուսաստանը կարո՞ղ է միջնորդ հանդիսանալ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցում։ Երևանը պատրա՞ստ է Անկարայի հետ ուղիղ բանակցությունների: Ի՞նչ մակարդակով ու ի՞նչ պայմաններով։ Եվ ի՞նչ եք կարծում այս հարցում ԱՄՆ նոր վարչակազմի հնարավոր միջնորդության մասին։

Էդվարդ Նալբանդյան. Մեր դիրքորոշումը բոլորին է հայտնի՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների։ Հենց այս ընկալմամբ մենք մեկնարկեցինք, վարեցինք բանակցություններ և հասանք համաձայնությունների։ Անկարայի հետ բանակցություններն ընթանում էին ինչպես ուղիղ, այնպես էլ միջնորդների միջոցով։ Այն, որ հենց Անկարան է մեղավոր նրանում, որ 2008թ. ՀՀ Նախագահի կողմից նախաձեռնված կարգավորման գործընթացը կանգ առավ, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։

Այնպես որ խնդիրը միջնորդների մեջ չէ, այլ նրանում, որ Թուրքիան խախտել է միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքներից մեկը՝ pacta sunt servanda՝ պայմանագրերը պետք է հարգվեն։

Հարց. Ե՞րբ արդեն Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով։

Էդվարդ Նալբանդյան. Այդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների մակարդակով, վերջիններիս կողմից տրվել են համապատասխան հանձնարարություններ և այդ ուղղությամբ արդեն քայլեր են ձեռնարկվել։ Հայաստանի վարչապետի՝ Մոսկվա կատարած հունվարյան այցի շրջանակներում տեղի ունեցավ երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև հայտագրերի փոխանակում, որն ամրագրում է այդ համաձայնությունները։ Արդեն մոտ օրերս ՌԴ քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել ներքին անձնագրերով։ Վստահ եմ, որ դա ամենադրական ազդեցությունն է ունենալու զբոսաշրջիկների հոսքի ավելացման վրա։ Սակայն բուն համաձայնությունն առավել մեծ նշանակություն ունի, քանի որ արտացոլում է մեր պետությունների միջև փոխհարաբերությունների մակարդակը։

Հարց. Հայաստանը լավ հարաբերություններ ունի Իրանի հետ։ Ինչպե՞ս դա կարելի է բացատրել, ո՞րն է այդ հարաբերությունների բանաձևը։

Էդվարդ Նալբանդյան. Պատմականորեն մենք սերտ բարիդրացիական կապեր ունենք Իրանի հետ։ Եթե հետևենք մեր հարաբերությունների դինամիկային, ապա կարելի է նկատել, որ մեր փոխգործակցությունը միայն զարգացում է ապրում։ Մենք շատ լավ շփումներ ունենք ամենաբարձր մակարդակով։ Անցած տարեվերջին տեղի ունեցավ Իրանի նախագահի պաշտոնական այցը Հայաստան, որը դարձավ մեր հարաբերություններում հերթական կարևոր հանգրվանը: Այցի շրջանակներում ստորագրվեցին մի շարք համաձայնագրեր, որոնք ուղղված են բազմաթիվ ոլորտներում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը, պետությունների ղեկավարների մակարդակով ընդունվեց համատեղ հայտարարություն, Երևանում կայացավ ներկայացուցչական գործարար համաժողով։

Երբ մենք ասում ենք, որ Իրանի հետ բարիդրացիական հարաբերություններ ունենք, դրանք սոսկ խոսքեր չեն: Մենք բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ Իրանում միշտ խոր հարգանքով են վերաբերվում մեր մշակութային ժառանգությանը, զբաղվում են մեր հին հուշարձանների, վանքերի, եկեղեցիների վերականգնմամբ. դրանցից որոշներն ընդգրկված են համաշխարհային ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում: Իրանում բնակվող հայ համայնքը մշտապես պաշտպանված է իրեն զգում հարևան երկրում և իր գործնական ներդրումն է բերում երկրի սոցիալական, քաղաքական, մշակութային կյանքի զարգացման գործում։

Մենք նաև գնահատում ենք այն կառուցողական ու հավասարակշռված մոտեցումը, որը միշտ ցուցաբերել է Իրանը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում։

Հարց. Որո՞նք են իրանական բիզնեսը Հայաստան բերելու, համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հեռանկարները՝ դրանց արտադրած ապրանքները հետագայում ԵԱՏՄ շուկա դուրս բերելու հնարավորությամբ։

Էդվարդ Նալբանդյան. Հեռանկարները լայն են։ Մենք շարունակում ենք աշխատանքները բիզնես միջավայրի, միմյանց համար ներդրումային հնարավորությունների բարելավման ուղղությամբ։ Այս գործընթացում կարևոր հանգրվան դարձավ մեր երկրների միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացումը, ինչը նույնպես կնպաստի երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացմանը։

Իրանի նախագահ Ռոհանիի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ընդունված երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ նշվեց Հայաստանի և Իրանի միջև տրանսպորտային կարողությունների ընդլայնման ու զարգացման կարևորությունը: Այդ համատեքստում նախագահներն ընդգծեցին Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքի շրջանակներում Հայաստանի և Իրանի տարածքներով Պարսից ծոցը Սև ծովի հետ կապող միջազգային տարանցիկ ուղիների օգտագործման անհրաժեշտությունը:

Այժմ քննարկվում է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը, ինչը մենք, բնականաբար, ակտիվորեն աջակցում ենք։

Հարց. Հայաստանը նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցություններ է վարում ԵՄ հետ։ Ե՞րբ է նախատեսվում դրա ստորագրումը։ Որո՞նք են այդ փաստաթղթում տեղ գտած հիմնական դրույթները։ Ակնկալո՞ւմ է արդյոք Հայաստանն արտոնագրային ռեժիմի հետագա ազատականացում, իսկ ապագայում դրա վերացում։

Էդվարդ Նալբանդյան. 2015 թվականի դեկտեմբերին Եվրոպական միության հետ մենք մեկնարկեցինք նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները, և արդեն անցկացրել ենք բանակցությունների ութ փուլ։ Բանակցությունները գտնվում են եզրափակիչ փուլում։ Կարծում եմ, որ այդ փաստաթուղթը կարտացոլի մեր հարաբերությունների ծավալը և մակարդակը, ինչպես նաև կնախանշի փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Ինչ վերաբերում է արտոնագրային ռեժիմին, ապա արդեն շուրջ երեք տարի Եվրոպական միության հետ գործում է համաձայնագիր՝ դրա ռեժիմի դյուրացման վերաբերյալ։ Կարծում եմ, որ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը սարերի հետևում չէ։

Հարց. Հայաստանն օգտվում է ԱՄՆ-ի և Եվրամիության հետ առևտրի արտոնություններից՝ միաժամանակ հանդիսանալով Եվրասիական տնտեսական միության անդամ։ Ի՞նչ առավելություններ է դա տալիս։

Էդվարդ Նալբանդյան. ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում երկրում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանը։ Հայաստանում ներդրումներ կատարելու համեմատական առավելություններից է այն, որ մեր երկիրն ունի արտոնյալ առևտրային ռեժիմ բազմաթիվ երկրների հետ։ Մեր երկիրն ունի ազատ առևտրի համաձայնագրեր ԱՊՀ գրեթե բոլոր երկրների հետ: ԱՄՆ-ում, Կանադայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում և Նորվեգիայում Հայաստանն օգտվում է նաև արտոնյալ առևտրային ռեժիմների, այսպես կոչված, GSP՝ «Արտոնությունների ընդհանրացված համակարգերի», իսկ ԵՄ կողմից երկրների հետ՝ «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգի» (GSP+) առավելություններից:

Եվրասիական տնտեսական միությունում անդամակցությունից հետո մեր տնտեսական և առևտրային հնարավորություններն էապես ընդլայնվել են՝ հաշվի առնելով, որ մեր առջև բացվել է այդ միության անդամ երկրների 180 միլիոնանոց սպառողական շուկան:

Հայաստանը փոքր և բաց տնտեսությամբ երկիր է և հենց դրա համար էլ շատ զգայուն է համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող բացասական միտումների հանդեպ։ Այդուհանդերձ, մեզ հաջողվել է երկրում ապահովել կայուն մակրոտնտեսական միջավայր՝ շնորհիվ մտածված և ճկուն քաղաքականության, ինչը գնահատվում է նաև մեր միջազգային գործընկերների կողմից։ Սակայն մենք չենք պատրաստվում բավարարվել ձեռք բերածով: Մենք շարունակելու ենք ջանքերը՝ ներդրումների ու բիզնեսի համար առավել բարենպաստ պայմաններ ապահովելու համար։

Հարց. Դուք Մոսկվա եք եկել պաշտոնական այցով: Ի՞նչ հարցեր են ներառված օրակարգում:

Էդվարդ Նալբանդյան. Պարոն Լավրովի հետ մեր հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Օգնականները հաշվեցին, որ նախորդ տարվա ընթացքում շուրջ երկու տասնյակ այդպիսի հանդիպում է կայացել ինչպես Երևանում և Մոսկվայում, այնպես էլ միջազգային տարբեր հարթակներում: Տարին մեկ անգամ մենք իրականացնում ենք պաշտոնական փոխադարձ այցեր:

Հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների ու ռազմավարական գործընկերության հագեցած օրակարգը ենթադրում է ոչ պակաս հագեցած շփումներ: Մեր հանդիպումների ընթացքում քննարկում ենք բազմաթիվ հարցեր՝ մեր երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, բարձրագույն մակարդակով նոր հանդիպումների կազմակերպումը, ռազմատեխնիկական փոխգործակցությունը, առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում նաև՝ ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, մտքեր ենք փոխանակում հայ-ռուսաստանյան միջկառավարական հանձնաժողովի գործունեության, միջխորհրդարանական կապերի, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ՄԱԿ, ԱՊՀ, ԵԱՀԿ, ՍԾՏՀ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, հումանիտար համագործակցության շուրջ: Սա, իհարկե, լավ հնարավորություն է՝ համադրելու դիրքորոշումները միջազգային և տարածաշրջանային ամենատարբեր հրատապ հարցերի վերաբերյալ: Իհարկե, քննարկումների գլխավոր թեմաներից մեկը հանդիսանում է ղարաբաղյան կարգավորումը:

Ներկայիս այցը տեղի է ունենում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում: Ակնկալվում է միջոցառումների շարք՝ նվիրված այդ հոբելյանական տարեթվին: Անկասկած, մենք մանրամասն կխոսենք այդ մասին:

Մեր համագործակցության ծավալը, հարաբերությունների ընդգրկումն ու խորությունը և դրանց հետ կապված հարցերը պարբերական քննարկումներ են պահանջում: Հերթական հանդիպումն ուղղված է մեր դաշնակցային ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը նախանշելուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728