Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանին մեղրաջուր են առաջարկում, որ հիշի իր պաշտոնավարման տարիների քաղբանտարկյալներին

Փետրվար 20,2017 18:15

«Իմ ժամանակ, եթե կային, դատապարտելի է: Ինձ հիշեցրեք, ես չեմ հիշում, եթե անուններ տաք, կարող է ասեմ: Եթե եղել են, վստահ եղեք, որ ես դեմ եմ եղել էդ բոլորին»,- օրեր առաջ այսպես պատասխանեց նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը լրագրողների հարցին, թե երբ նախարար էիք, Հայաստանում քաղբանտարկյալներ չկայի՞ն:

1994 թվականի նոյեմբերից 1997 թվականի հունվարը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, ապա՝ առաջին տեղակալ, իսկ 1998-2008 թվականներին ԱԳ նախարար աշխատած պարոն Օսկանյանին հիշեցնենք իր պաշտոն զբաղեցրած տարիների քաղբանտարկյալներին:

Ըստ մամուլի հրապարակումների, ՀՅԴ գործունեության կասեցումը եւ հալածանքները դաշնակցականների հանդեպ գագաթնակետին հասան հենց 1995-ի դատավարություններով: Հաջորդը 1996-ի քաղբանտարկյալներն էին, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանն էր ճանաչվել քաղբանտարկյալ, հետո՝ 2002 թվականին քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանը:

Իսկ 2003-2004 թվականների ժողովրդավարական ալիքի հետ կապված բազմաթիվ բռնություններ իրականացվեցին, վարչական կալանքներ ու քրեական հետապնդումներ, որոնցից շատերի վերաբերյալ այսօր կան Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները:

Իսկ քաղբանտարկյալնե՞ր չէին 2006 թվականին կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը, Վարդան Մալխասյանը, որոնք մեղադրվում էին  սահմանադրական կարգը բռնի ուժով տապալելու փորձի մեջ:

2007-ին էլ «կեղտոտ փողեր» լվալու համար մեղադրանք առաջադրվեց նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանին:

Ըստ իրավապաշտպանների, 2006-ին քաղբանտարկյալ էր նաեւ «Ժամանակ» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը, ում 2006-ին մեղադրանք առաջադրեցին՝ 2002 թվականի նոյեմբերին փաստաթղթեր կեղծելու եւ խաբեության ճանապարհով ժամկետային զինվորական ծառայության զորակոչից խուսափելու փաստի առթիվ:

Ի դեպ, Վարդան Օսկանյանի հայտնի ասուլիսից հետո, երբ նա պնդում էր, թե չի հիշում, որ իր պաշտոնավարման տարիներին քաղբանտարկյալներ են եղել ու խնդրում էր իրեն հիշեցնել, սոցցանցերում օգտատերերը սկսեցին մեղրաջուր առաջարկել պարոն Օսկանյանին, որ հիշողությունը միշտ թարմ մնա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728