– Պրն Ավետիքյան, փետրվարի 15-ին Aravot.am կայքում տիկին Նաիրա Զոհրաբյանը արձագանքել էր նույն օրն ավելի վաղ «Հայելի» մամուլի ակումբում Ձեր եւ ՌԱԿ Կենտրոնական վարչության մյուս ներկայացուցիչների մամլո ասուլիսում հնչած որոշ մտքերի, ի մասնավորի՝ «Ծառուկյան» դաշինքից ՌԱԿ-ի դուրս թողնվելու փաստի վերաբերյալ «իշխանական տարբեր օղակների» թելադրանքով «արտաքին ու ներքին բանսարկուների» գործունեության մասին Ձեր մեղադրանքներին։ Իրավացի՞ էր տիկին Զոհրաբյանը։
– Բացի անիրավ լինելուց, հարգարժան Տիկնոջ ելույթը անտեղի էր ու ջղային։ Անգլերեն լեզվում կա overreaction բառը, որը մոտավորապես նշանակում է «ավելի քան անհամաչափ», «չափազանցված ռեակցիա կամ հակազդեցություն»։ Իմ կարծիքով` նման հակազդեցությունը, առանց ստուգելու Aravot.am-ի թղթակցի հրապարակած այդ փութկոտ շարադրանքի էությունը, պետք է բացատրել նրա` ոչ միայն Նիկոլ Փաշինյանի լաչառության դպրոցի փայլուն շրջանավարտը լինելու հանգամանքով, այլեւ քրեագետների կլասիկ մի դիտարկմամբ, ըստ որի` հանցագործը միշտ ամենահետաքրքրված անձն է լինում իր իսկ հանցագործության հետեւանքներով, դրա շուրջ հետագայում ծավալվող իրադարձություններով, արձագանքներով։ Եթե ճիշտ է այդ տեսությունը, ապա հակված եմ ենթադրելու¸ որ տիկին Զոհրաբյանն ինքը մեկն է այն բանսարկուներից, որ իմ ասած «իշխանական օղակներից» որեւէ մեկի միջոցով կազմակերպում էր ՌԱԿ-ի ներքին խնդիրների վերաբերյալ խիստ ուռճացված բանսարկությունների հայթայթումը եւ առ որ անկ է դրանց տրամադրումը։
– Բայց ի՞նչ նպատակով։ Չէ՞ որ դաշինքի հիմնադրի կոչ-հրավերի մեջ իբրեւ գլխավոր նպատակներից մեկը մատնանշվում էր հենց Հայաստան-Արցախ-Սփյուռք սերտ համագործակցությունը, ինչի համար ավանդական երկու կուսակցությունները՝ ՌԱԿ-ը եւ ՍԴՀԿ-ը կարող էին որոշիչ դեր կատարել։
– Իմ տպավորությամբ` հենց դա՛ էլ չէր ցանկանում տիկին Զոհրաբյանը։ Ավելին, դարձյալ սուբյեկտիվ իմ կարծիքով` նա ընդհանրապես դեմ էր դաշինքի ձեւավորմանը, ինչը նրան հաջողվեց անել անձնական ինչ-ինչ նպատակներով։ Եվ այժմ, ըստ էության, այնտեղ դաշինք գոյություն չունի։
Կարդացեք նաև
– Տիկին Զոհրաբյանն իր վերոհիշյալ ելույթում «դժբախտություն» է համարում, որ «ընդամենը մի քանի օր» առնչվել է Ձեզ հետ։
– ԱՆձամբ պրն Գ. Ծառուկյանի ու նրա անմիջական օգնականների հետ, ի դեպ՝ խիստ ողջախոհ մարդիկ, մենք բանակցել ենք շուրջ 10 օր, որի ընթացքում բնավ պատիվ չենք ունեցել առնչվելու տիկին Զոհրաբյանի հետ։
– Տիկին Զոհրաբյանը միեւնույն հարցի շրջանակում խոսում է նաեւ ՌԱԿ-ի ներսում ստեղծված վիճակի մասին, ասում է. «Իսկ այն, ինչ այսօր կատարվում է ՌԱԿ-ում՝ կուսակցության հեղինակային իրավունքի վիճարկման հարցով, թե ո՞ւմ է պատկանում կուսակցության կադաստրի վկայականը, անկեղծ ասած, շատ տխուր է, եւ բնավ պատիվ չի բերում ավանդական կուսակցությանը»։ Ի՞նչ կասեք այդ մասին։
– Շնորհակալություն Տիկնոջ արցունքների համար։ Բայց նաեւ զարմանք, որ Ազգային ժողովի պատգամավորը «հեղինակային իրավունքի վիճարկում» է տեսնում այնտեղ, որտեղ կա օրենքի արձանագրում եւ կիրառում։ Նրա համար ամենահեշտ բանը պիտի լիներ հարցում ուղղել ՀՀ արդարադատության նախարարություն եւ իմանալ՝ վիճարկելի բան կա՞ այնտեղ ՌԱԿ-ի վերաբերյալ։ Իմ կարգին ցավ եմ ուզում արտահայտել, որ օրենսդիր Տիկինը չգիտի անգամ, որ կուսակցությունները Հայաստանում ոչ թե կադաստրից, ինչպես ինքն է ասել, այլ արդարադատության նախարարությունից են ստանում իրենց վկայականը։ Ըստ երեւույթին Տիկինը կուսակցություն ասելով` հասկանում է անշարժ գույք։
ՌԱԿ մամուլի հաղորդագրություն