Անցյալ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը ոչ միայն հանգեցրեց մարդկային զոհերի, այլև լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Ադրբեջանը դիմեց նոր ռազմական արկածախնդրության՝ պատրանքներ ունենալով, որ եթե իրեն չի հաջողվում իր դիրքորոշումը պարտադրել խաղաղության բանակցությունների ընթացքում, ապա դա կարող է անել ուժի կիրառմամբ: Եվ դարձյալ ձախողում կրեց: Այդ արկածախնդրության արդյունքը եղավ ոչ միայն մարդկային կորուստները, այլև այն լուրջ հարված հասցրեց բանակցային գործընթացին»,- ասել է Նալբանդյանը:
Նալբանդյանը նաև հայտարարել է, որ ԼՂ հարցի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ դեռ հստակ պայմանավորվածություն չկա, բայց Երևանը միշտ պատրաստ է մասնակցել այդպիսի հանդիպումների:
«Առայժմ չկան հստակ պայմանավորվածություններ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման վերաբերյալ: Մի քանի օր առաջ՝ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում, տեղի է ունեցել իմ հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Մենք միշտ ասել ենք, որ պատրաստ ենք հանդիպումների: Եթե հանդիպումներ չեն լինում, դա մեր մեղքով չէ»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Նալբանդյանի խոսքով՝ համանախագահների հետ հանդիպմանը որոշվել է շարունակել ջանքերը՝ խաղաղության գործընթացի առաջընթացի համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: «Այդ նպատակով համանախագահները պատրաստվում են առաջիկայում այցելել տարածաշրջան»,- հավելել է նախարարը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ