Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ Սեյրան Հովհաննիսյանի կողմից նախկին կնոջը՝ Մարիամ Խաչատրյանին ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածք հասցնելու գործով հերթական նիստը, որի ընթացքում շարունակվեց տուժող Մարիամ Խաչատրյանի հարցաքննությունը: Կինը նախկին ամուսնու հետ ապրած կյանքը «բռունցքով ծեծ» որակեց. պատմեց, որ պարբերաբար բռնության է ենթարկվել: Կողմերի որոշ հարցերին էլ չէր կարողանում լիարժեք պատասխանել, որովհետեւ չէր հիշում՝ գլխին հարվածներ ստանալու եւ ուղեղի ցնցումների պատճառով:
Ըստ Մարիամ Խաչատրյանի՝ կենցաղային հարցերի շուրջ հերթական վիճաբանության ժամանակ տուն եկած եւ բազմոցին պառկած նախկին ամուսնուն հանգիստ տոնով խնդրել է հեռանալ, սակայն կրկին գործը հասել է բռունցքներին: Կնոջ խոսքով՝ ամուսինը նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած այդ միջադեպի ժամանակ մի քանի անգամ հարվածել է իրեն. «Ագրեսիվ էր, հայհոյանքով բռնկվեց ու ասեց, որ դուրս չի գալու: Շարունակեցի հանգիստ տոնով՝ «Սեյրան, վեր կաց-դուրս արի…»: Հարձակվեց վրաս ու խփեց՝ գլխիս, դոշիս, վզիս…ասում էի՝ մի խփի գլխիս, մի արա, բայց համ խփում էր, համ հայհոյում»:
Տիկին Մարիամի բնորոշմամբ՝ Սեյրան Հովհաննիսյանն իրեն գազանավարի է պահել ու շարունակել հայհոյել. «Կոկորդիցս բռնեց ու սկսեց խեղդել: Հրում էի, գոռում…»: Ընդ որում, կնոջ պատմելով՝ որդին կողքի սենյակից լսել է իր գոռալը, սակայն օգնության չի հասել:
Մարիամ Խաչատրյանը նաեւ ասաց, որ վախենում է նախկին ամուսնուց եւ մտավախություն ուներ, որ վերջինս կարող էր իրեն սպանել, այդ պատճառով էլ հերթական ծեծից հետո դիմել է ոստիկանություն: Նաեւ նշեց, որ անգամ դատարանում Սեյրանին տեսնելուց է սթրես ապրում, որովհետեւ վախենում է:
«Նա հաճախ է ինձ խեղդել: Հենց վիճաբանություն էր լինում, թռնում՝ կոկորդիցս էր բռնում»,-պնդեց Մարիամ Խաչատրյանը, ապա գանգատվեց, որ առողջական խնդիրներ ունի՝ ամեն հարվածից հետո մի քանի օր է պահանջվել, մինչեւ նա ուշքի գա:
Քանի որ կնոջ ցուցմունքում որոշակի հակասություններ կային, դատավորի որոշմամբ հրապարակվեց նախաքննական ցուցմունքը:
Հավելենք, որ տուժողն ու ամբաստանյալն ամուսնացել են 1984թ-ին, ունեն 6 երեխա: Նրանք որոշ կենցաղային խնդիրների պատճառով չորս տարի առաջ ամուսնալուծվել են, սակայն եղել են դեպքեր, երբ Սեյրան Հովհաննիսյանը եկել ու գիշերել է նրա տանը: Ըստ տիկին Մարիամի՝ նա ցանկացել է նախկին ամուսնուն դուրս հրավիրել, որովհետեւ չէր ուզում նրա հետ մի տանիքի տակ գիշերել, ինչից հետո էլ տեղի է ունեցել վերը նշված միջադեպը:
Այս գործով հաջորդ նիստը նշանակվեց մարտի տասին՝ ժամը 15:00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ