Փետրվարի 20-ին «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացավ Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ժիրայր Դադասյանի եւ դերասանուհի Իննա Հախնազարյանի ասուլիսը: Նրանք խոսեցին թատրոնի շենքի խնդրի լուծմամբ պայմանավորված Մնջախաղի պետական թատրոնի ծրագրային նոր շեշտադրումների, ընթացիկ տարվա աշխատանքների մասին:
Ժիրայր Դադասյանը ասուլիսը պատմական որակեց, ասելով որ տասնամյակներ են սպասել սեփական տանիք ունենալուն:
«Դա կլինի մեր քաղաքի գողտրիկ անկյուններից մեկը, կլինի մի վայր, որտեղ հնարավոր կլինի զբաղվել հինավուրց ժանրով… Կան խմբեր, երիտասարդներ, անհատներ, որոնք ցանկություն ունեն, բայց հնարավորություն չունեին զբաղվելու մնջախաղով, բոլորին հրավիրում ենք»,-ասաց Ժիրայր Դադասյանը: Նա նշեց, որ կունենան 150 հոգանոց դահլիճ, այլ միջոցառումներ էլ կհյուրընկալեն իրենց հարկի ներքո:
Ռեժիսորը շնորհակալություն հայտնեց մշակույթի նախարարին եւ ՀՀ նախագահին հարցը լուծելու, նաեւ սեփական կնոջը՝ իրեն դիմանալու համար: «Իսկապես օսկարացու էր այս պատմությունը»,-ժպտալով նշեց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Կարդացեք նաև
Իննա Հախնազարյանը մեծ իրադարձություն որակեց իրենց թատրոնին շենք տրամադրելը, ասաց, որ առաջինը հանդիսատեսներին է շնորհավորում, որոնք սոցցանցերում իրար շնորհավորել են այդ առիթով:
«Ես 18 տարի տարբեր բեմերում եմ խաղացել, սա իսկապես անասելի երջանկություն է ինձ համար, կրկնապատկված եռանդով կխաղամ մեր բեմում»,-ասաց Իննա Հախնազարյանը:
Ժիրայր Դադասյանը հավելեց, որ մինչեւ ամառ կավարտվեն շենքի նախագծային աշխատանքները, ապա կանցնեն բուն վերանորոգմանը:
«Մեզ մենակ շենք տվեք, մենք իդեաներ շատ ունենք»,-վերջում հավելեց նա:
Մի քանի օրից Մնջախաղի պետական թատրոնը կմեկնի Չելյաբինսկ՝ մասնակցելու միջազգային թատերական լաբորատորիա- փառատոնի: «Փառատոնի 120 դիմումների արդյունքում ընտրվել է 16 թատրոն, որոնցից մեկը մեր թատրոնն է, այնուհետեւ կմեկնենք Շրի Լանկա՝ Կոլոմբո փառատոնին, որտեղ այս տարվա պաշտոնական պաստառը ձեւավորված է մեր թատրոնի ներկայացման պատկերներով», -հայտնեց Դադասյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ 168 ժամի
Լավ, բայց ինչի՞ մի այլ հիմնարկ ճակելու հաշվին։ Գրապալատի արխիվը լցրել են ազգային գրադարանի խոնավ պահեստները, աշխատողների մի մասը ստիպված դուրս է եկել գործից, մնացածն էլ իրենց կես աշխատավարձով են ստիպված գոյատևել նոր աշխատավայրում։ Մի հիմնարկ տանիք ունեցավ, մյուսը տանիքից զրկվեց։