Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լարսն անվստահելի է. այլընտրանքային ճանապարհ է անհրաժեշտ». Ստեփան Գրիգորյան

Փետրվար 20,2017 16:34

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ դեռեւս 2011-ին կնքվել է «Առեւտրային միջանցքների» պայմանագրի վերակենդանացման մասին համաձայնագիր: Նշենք, որ Պրահայում ՌԴ փոխարտգործնախարար Գեորգի Կրասինի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի հետ կապերի գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել էր. «Մենք համաձայնել ենք առաջ շարժվել փոքր քայլերով: Մենք պայմանավորվել ենք քննարկել հարցեր, որոնք կարելի է լուծել՝ չանցնելով կարմիր գծերը»: Ռուսաստանի եւ Վրաստանի առեւտրային միջանցքները, որոնք անցնելու են Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի տարածքներով, պետք է գտնվեն ոչ թե կողմերի, այլ միջնորդ երկրի վերահսկողության ներքո: Այս համաձայնությունը, ըստ փորձագետների, կենսական նշանակություն ունի նաեւ Հայաստանի համար:

Նախ` Վրաստանը միակ պետությունն է, որ ցամաքային ճանապարհով կապում է Հայաստանը Եվրասիական տնտեսական միության հետ, եւ այս տեսանկյունից դեպի ՌԴ ցամաքային կապի դիվերսիֆիկացիան կարեւոր է Հայաստանի համար: Սա հնարավորություն կտա գործարկել Հարավային Օսեթիայի ավտոճանապարհը, ինչն էական նշանակություն ունի ՀՀ-ի համար, քանի որ Վերին Լարսի անցակետի աշխատանքը մեծապես կախված է եղանակի «քմահաճույքից»:

«Ռուս-վրացական նոր պայմանավորվածություններ. ՀՀ-ն կունենա՞ այլընտրանքային ճանապարհ դեպի ՌԴ» թեմայով «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկմանը «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների դոկտոր Թաթուլ Մանասերյանը, անդրադառնալով հարցին` որքանո՞վ է այսօր իրագործելի այդ համաձայնագիրը, մասնավորապես Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի տարածքներով կոմունիկացիոն ուղիների վերաբացման եւ փոխադարձ առեւտրի զարգացման շուրջ պաշտոնական Մոսկվայի եւ Թբիլիսիի՝ վերջերս ձեռք բերած համաձայնությանը, նշեց. «Այս ամեն ինչում քիչ է միայն ռուս -վրացական համագործակցությունը, կողմերը պետք է մի համակարգ ստեղծեն, որը գրավիչ կլինի նաև տարածաշրջանային այլ երկրների համար, շատ կարևոր է այստեղ բիզնես բաղադրիչը»:

Ըստ պարոն Մանասերյանի` իհարկե, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, որոնք Հայաստանը պահում են շրջափակման մեջ, կլինեն խոչընդոտումներ: Հիշեցմանը, թե Թուրքիան լավ հարաբերություններ ունի Աբխազիայի հետ, հետևաբար կարո՞ղ է Աբխազիայի վրա ազդեցություն գործել, որպեսզի նա խոչընդոտի այս համաձայնագրի իրագործմանը, պարոն Գրիգորյանը պատասխանեց. «Թուրքիան, իհարկե, հետաքրքրված է, որ Բաքու-Թբիլիսի-Թուրքիա ուղին զարգանա, հետևաբար խոչընդոտելու է այս նախագծին»:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Լարսի անցակետը համարեց ոչ վստահելի ու շեշտեց. «Հայաստանին պետք է այլընտրանքային ելք դեպի Ռուսաստան: Ռուսաստանն ինքն էլ շահագրգռված է այս համաձայնագրի իրագործմամբ, քանի որ միայն Հայաստանի հետ համագործակցությամբ Հարավային Կովկասում իր ազդեցությունը տարածել չի կարող, պետք է նաև Վրաստանը: Այնպես որ, խնդիրը Վրաստանի դաշտում է»:

Քննարկմանը պարոն Գրիգորյանը հարց բարձրացրեց` արդյոք ՀՀ կառավարությունը որևէ ծրագիր կազմելուց առաջ քննարկո՞ւմ է դա իր վրացի գործընկերների հետ, թե ուղղակի որոշում է կայացնում. «Կարծում եմ՝ այս դեպքում շատ կարևոր է մի կողմ դնել բոլոր քաղաքական հակասությունները և սկսել համագործակցել, միայն այդ դեպքում կտեսնենք որևէ արդյունք»:

Հարցին` համաձայնագրի շուրջ ի՞նչ տրամադրություններ կան Վրաստանում, Թբիլիսիի «Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, փորձագետ Գեորգի Կանաշվիլին պատասխանեց. «Վերջին օրերին խիստ քննադատություն այս համաձայնագրի մասին չեմ լսել: Գուցե պատճառն այն է, որ քննադատություն այս համաձայնագրի վերաբերյալ իրեղեն չի լինի, քանի որ այն ստորագրել են նախկին իշխանությունները»:

ՌԴ ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով փորձագետ Անդրեյ Արեշեւն էլ նշեց, թե հատկապես Աբխազիայում շատ զգայուն են նման հարցերի վերաբերյալ. «Հիշում են 1992-ի ողբերգական իրադարձությունները: Այնպես որ բացասական ռեակցիա հաստատ կլինի հասարակական տարբեր շրջանակների կողմից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը` «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728