Այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների հանրաքվե է անցկացվում: Հանրաքվեի ու նախորդող իրադարձությունների գնահատականների շուրջ Իրատես դե ֆակտո կայքը զրուցել է ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հետ:
–Փետրվարի 20-ին ԼՂՀ–ն անցկացնում է Սահմանադրության փոփոխության հանրաքվե: Նախօրեին հնչեցին հայտարարություններ, որ հանրաքվեն ԼՂՀ կարգավիճակի վրա ազդել չի կարող ու չի ճանաչվի, այդպե՞ս է:
-Կարծում եմ՝ Ձեր ակնարկած հայտարարությունները դիվանագիտական արձագանքի սահմաններում են և հակասություններ չկան դրանց ու այսօր Արցախում անցկացվող հանրաքվեի բուն օրակարգի միջև: ԼՂՀ անկախությունը ընդունվել է 2,5 տասնամյակ առաջ՝ անկախության հանրաքվեում՝ Արցախի ժողովրդի իրավասու և ազատ կամահայտնությամբ: Այս տարիների ընթացքում Արցախի Հանրապետության ժողովուրդը իր պատմական հայրենիքում ստեղծել է իր պետականությունն ու պաշտպանում է իր ազատությունն ու անվտանգությունը: Ձևավորվել են պետական կառավարման ինստիտուտները, և Արցախը վստահորեն առաջ է գնում ժողովրդավարության ճանապարհով՝ ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան հանրային կյանք: Յուրաքանչյուր քայլ դեպի ժողովրդավարության խորացում, պետականության ամրապնդում վստահաբար քայլ է դեպի Արցախի Հանրապետության ճանաչում, ուստի շնորհավորում և հաջողություն եմ մաղթում Արցախի Հանրապետության ժողովրդին, որ այսօր նաև նշում է իր Վերածննդի տոնը, մաղթում եմ, որ շարունակի հաջողությամբ լուծել այն խնդիրները, որ առաջադրված են Սահմանադրության փոփոխությամբ:
–Հակառակ Ադրբեջանի շոուների՝ բազմաթիվ արտասահմանյան դիտորդներ են եկել սահմանադրական հանրաքվեի դիտարկման, Բաքվի «սև ցուցակը» չաշխատե՞ց:
-Այո, 100-ից ավելի արտասահմանյան դիտորդներ կան այսօր Արցախում
շուրջ երեք տասնյակ երկրներից: ՈՒ դա վկայում է, որ Ադրբեջանի շոուն հակառակն ապացուցեց՝ միջազգային հանրությանն ականատես դարձավ խոսքի ազատության բռնապետական ընկալման հետևանքներին: Օրերս իմ հյուրն էին Բուլղարիայի Ժողովրդական ժողովի չորս պատգամավորներ, որ ներկայացնում են խորհրդարանում բավական կշիռ ունեցող «Ազգային ճակատ» միավորումը, համանուն կուսակցության նախագահ Վալերի Սեմյոնովի գլխավորությամբ: Մեկ տարի էլ չի անցել նրանց վերջին այցից՝ 2016-ի մայիսին նրանք Արցախում էին՝ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, տեղում ծանոթանալու իրավիճակին: Այսօր մեր բուլղարացի գործընկերները նորից Արցախում են՝ ևս մեկ անգամ իրենց համերաշխությունը հայտնելու Արցախի ժողովրդին, աջակցելու ժողովրդավարության խորացման ու անկախության ճանաչման պայքարին: Այս անգամ ևս նրանց հետ են «Սկատ» հեռուստաընկերության լրագրողները, որ լուսաբանելու են հանրաքվեի ընթացքը և բուլղարացի պատգամավորների այցը: Իսկապես Բելառուս-Ադրբեջան հայտնի իրադարձությունների համապատկերում կարևոր է, որ Արցախի Հանրապետության հանրաքվեն դարձել է արտասահմանյան պետական, քաղաքական, մշակութային գործիչների, պատգամավորների, լրագրողների ուշադրության կենտրոն ու նրանց հոսքը Արցախ ոչ թե դադարեց, այլ բազմապատկվեց: