Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ են պատասխանել ընդդիմադիրները Բագրատյանին, երբ առաջարկել է 100 հազար դոլար դնել ու ՀՀԿ-ից փող չվերցնել (Տեսանյութ)

Փետրվար 20,2017 16:10

Այսօր լրագրողները «Ազատ դեմոկրատների» ցուցակի երկրորդ տեղում գտնվող Հրանտ Բագրատյանին  խնդրեցին գնահատական տալ այսօրվա ստեղծված դաշինքներին: Հրանտ Բագրատյանն էլ մանրամասն պատմեց, թե ինչպես է ինքը հայտնվել «Ազատ դեմոկրատների» ցուցակում. «Չեմ թաքցնի. 2016-ի փետրվարին դիմել եմ 6 կուսակցության, ասել եմ՝ եկեք վիճակահանությամբ ամեն մեկս 100 հազար դոլար դնենք, որ չգնանք իշխանությունից փող խնդրելու:

Լավ առաջարկ էր: Հանդիպել եմ բոլորի հետ: ՀԱԿ-ից ե՛ւ առաջին նախագահի հետ եմ հանդիպել, ե՛ւ Լեւոն Զուրաբյանի: Պատասխան՝ մենք խոշոր ենք, միավորվենք, բայց՝ 3 հոգի մեզնից, մի հատ ձեզնից: Ասի՝ չի լինի, տղերք, ոչ ոք չի համաձայնի: Դիմել եմ Րաֆֆուն, գնացել եմ «Ժառանգության» գրասենյակ, Մարտիրոսյան Արմեն- Րաֆֆի Հովհաննիսյանն ասել են՝ մենք ձեզ կպատասխանենք համագումարից հետո: Համագումարից հետո ոչ ոք չի պատասխանել: Հունիսից մինչեւ հիմա Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատասխանել: Կուլտուրայի տեսակետից էլ է դա անընդունելի: Չեմ կարծում, էլի, որ էնքան մեծ բան ենք մեզնից ներկայացնում, նրանք էլ վարչապետին չպատասխանեն, հասկանո՞ւմ ես: Դիմել եմ Նիկոլ Փաշինյանին մի քանի անգամ: Սկզբից ասել է՝ մենք «Քաղաքացիական պայմանագրով» ենք գնում: Հետո Սասուն Միքայելյանն իրենց համագումարից հետո, երբ որոշվեց, որ կարող է դաշինք ունենան, հրավիրեց, երեք անգամ խոսեցինք: Մինչեւ նոյեմբերի 20-ը պիտի պատասխաներ՝ չպատասխանեցին: Ես հայտարարեցի, որ այլեւս ուշ է, ես ինձ վարչապետ եմ տեսնում: Դրանից հետո նորից զիջել եմ: Ինչ-որ մարդ միջնորդեց, նորից Նիկոլ Փաշինյանի հետ կապվել ենք, հանդիպել ենք, հետո ասել է՝ Էդմոն Մարուքյանի հետ գնանք համաձայնեցնենք, գնացել է, էլ չի զանգել: Ես սա պարտավոր եմ ասել մարդկանց: Մարդիկ ուրիշ բան են տեսնում»:

Aravot.am-ը «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են խոստացել ու չեն պատասխանել Հրանտ Բագրատյանին: Նա ասաց, որ խոստացել են համագումարից հետո պատասխանել, բայց դեռ համագումար չեն արել. «Եթե ինչ-որ բան լիներ՝ տեղյակ կպահեինք, բայց չի եղել»:

Անդրադառնալով ՀԱԿ-ին՝ Հրանտ Բագրատյանն ասուլիսում ասաց. «ՀԱԿ-ը, օրինակ, ազատական թեւն է, բայց մենք 2 լուրջ պրոբլեմ ունենք ՀԱԿ-ի հետ: ՀԱԿ-ը պետք է մեզ փորձի համոզել, որ փուլային լուծումը ընդհանրապես լուծում կարող է լինել Ղարաբաղում, որ խաղաղություն կլինի, այլ ոչ թե նոր՝ ավելի բորբոքված պատերազմ: Երկրորդ խնդիրն է, որ մենք պետք է հասկանանք՝ մեր անկախ պետականությունն ու հայ-ռուսական հարաբերությունները: Մենք էլ ենք ստրատեգիական հարաբերությունների կողմնակից, բայց չափ գոյություն ունի: Այնուամենայնիվ, սրանք լուծելի խնդիրներ էին՝ միասին հանդես գալու համար, եթե հավասար ենք: Կներեք, ես չեմ կարող գնալ ՀԱԿ-ում 7-րդ համարը դառնալ: Բացի առաջին նախագահից, մյուս 5 հոգուն չեմ տեսնում, որ ինձնից բարձր են: Կամ պետք է վիճակահանություն լինի, կամ էլ ինչ-որ մեխանիզմ: Քոքոբելյանի հետ պայմանավորվեցինք: Տեսնում եմ՝ մարդը ռեսուրսներն ավելի շատ է դնում: Ասացի՝ Խաչիկ, գիտես, ես եմ առաջարկում, արի դու եղիր առաջին համարը, բայց դրա փոխարեն ֆրակցիայի ղեկավարը ես կլինեմ: Հնարավոր է պայմանավորվել, մանավանդ, որ դեմ էին տվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728