«Չընտրեք նրանց, ովքեր կաշառք են Ձեզ առաջարկել: Ճշտեք՝ ո՞ր քաղաքական ուժից են գալիս-առաջարկում եւ որոշեք, որ այդ ուժն անելիք չունի ձեր պետության կայացման գործում»,-«Հայք» կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ընտրողներին ուղղված այսպիսի կոչով հանդես եկավ առաջիկա ԱԺ ընտրություններում «Ելք» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Մանե Թանդիլյանը:
Նրա բնորոշմամբ՝ ընտրակաշառք բաժանողները եւ ձայների հավաքագրմամբ զբաղվողները փորձելու են խորամանկ մեթոդներով իրենց ճիրանը գցել ընտրողներին. «Նրանք Ձեր հարեւաններն են, «ԺԷԿ»-երի պետերը, դպրոցների տնօրենները, որոնք Ձեզ մասնակից են դարձնում ՀՀԿ-ի օգտին քվեարկելու գործընթացին»:
Մանե Թանդիլյանը մեկնաբանեց նաեւ կարծիքը, որ մինչ օրս հանրության մի մասի համար հասկանալի չէ՝ ինչպե՞ս մեկ դաշինքում միավորվեցին տարաձայնություններ ունեցող Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը:
Կարդացեք նաև
«Զարմանում եմ եւ ուրախանում, որ նրանց միջեւ, այնուամենայնիվ, գտնվեցին ընդհանրություններ: Բացահայտել ենք, որ մենք մեծ հաճույքով ենք աշխատում, առանց ավելորդ «ամբիցիաների», որեւէ մեկի առաջնահերթության խնդիր չկա»:
Մանե Թանդիլյանը նաեւ չբացառեց, որ ընտրություններից հետո «Ելք»-ը գուցե մեկ միասնական կուսակցություն դառնա. «Արհեստական բան չի կարող տեղի ունենալ, բայց բացառված չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ