Աշխարհի խնդիրների հետազոտության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է աշխարհում սպառազինության վաճառքի վերաբերյալ հերթական զեկույցը, ըստ որի՝ 2012-2016թթ. Ադրբեջանը Հայաստանից 20 անգամ ավելի սպառազինություն է գնել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Զեկույցում նշվում է, որ սպառազինության մատակարարումների ոլորտում 2012-2016թթ. ընկած ժամանակաշրջանում խոշորագույն արտահանողներ են մնում ԱՄՆ-ը և Ռուսաստանը:
4 խոշորագույն մատակարարներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին, Ֆրանսիային և Գերմանիային, բաժին է ընկնում սպառազինությունների ընդհանուր վաճառքի 74 տոկոսը, իսկ ԱՄՆ-ին ու Ռուսաստանին միասին վերցրած՝ 56 տոկոսը:
2012-2016թթ. սպառազինության խոշորագույն արտահանողը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որը նշված ժամանակահատվածում ավելացրել է ռազմական մատակարարումները 21 տոկոսով (2007-2011թթ. համեմատությամբ): Այդ մատակարարումների գրեթե կեսը ուղղվել է Մերձավոր Արևելք:
Կարդացեք նաև
Ըստ զեկույցում բերված տվյալների՝ 2004թ. հետո աշխարհում զենքի վաճառքի ծավալները զգալիորեն մեծացել են, իսկ 2012-2016թթ. դրանք ավելացել են 8.4 անգամ՝ 2007-2011թթ. համեմատությամբ: Ընդ որում, վերջին հնգամյակը նշանավորել է սառը պատերազմի ավարտից հետո ամենաբարձր ցուցանիշով:
Զեկույցի հեղինակները նշում են, որ աճել է սպառազինությունների մատակարարումը Ասիա, Օվկիանիա, Մերձավոր Արևելք, իսկ դեպի Եվրոպա, Հյուսիսային ու Հարավային Ամերիկա և Աֆրիկա՝ որոշ չափով նվազել է: Ասիա և Օվկիանիա մատակարարումների ծավալը 2012-2016թթ. աճել է 7.7 տոկոսով (2007-2011թթ. համեմատությամբ) և կազմել համաշխարհային արտահանման 43 տոկոսը:
2012-2016թթ. Ռուսաստանին բաժին է ընկել սպառազինության համաշխարհային մատակարարումների 23 տոկոսը: Այդ ծավալի 70 տոկոսը բաժին են ընկնում 4 երկրների՝ Հնդկաստան, Վիետնամ, Չինաստան և Ալժիր: Բացի այդ, ռուսական զենքի խոշոր գնորդներ են Ադրբեջանը (4 տոկոս) և Վենեսուելան (5 տոկոս):
Զեկույցում հատուկ ուշադրություն է դարձվում Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական գնումների համեմատությանը: Նշվում է, որ 2012-2016թթ. Ադրբեջանի կողմից սպառազինության ներմուծումը 20 անգամ գերազանցել է դեպի Հայաստան մատակարարումներին:
Պատրաստեց՝Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ